Ընդդիմությունը երբեք չի ասել, որ ՏԻՄ-ը «խակ» է

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն այսօրվա ասուլիսում հյատարարել էր, թե այն կուսակցությունները, «որոնք լուրջ հավակնություններ ունեն նախագահական ընտրություններում մասնակցելու, նրանք պարտավոր էին այս փուլում ավելի ակտիվ դերակատարություն ունենալ»:

Ըստ Ադիբեկյանի՝ ընդդիմությունը, չօգտագործելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, բաց թողեց նախագահական ընտրություններից առաջ միասնական թեկնածուի շուրջ համախմբվելու հնարավորությունը:

168.amի հարցին՝ արդյո՞ք ընդդիմության միասնական թեկնածու ունենալու հնարավորությունը սպառված է, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ դրա մասին դեռ կարող ենք զրուցել, քանզի առջևում զարգացումներ կան, ի տարբերություն ՏԻՄ-ի: Սակայն որոշակի առումով կարող եմ համաձայնվել իր (Ադիբեկյանի.- Ե.Կ.) հետ: Եթե ընդդիմությունը ՏԻՄ ընտրություններում միասնական գործեր, կարծում եմ՝ նախագահական ընտրություններում միասնական թեկնածուն ավելի հավանական կլիներ: Սակայն չեմ կարծում, որ քաղաքական առումով դա 100 տոկոսանոց ճշմարտություն է: Պարտադիր չէ, որ ընդդիմությունն ունենա միասնական թեկնածու: Աշխարհի շատ երկրներում ընդդիմության կողմից կարող են առաջադրվել տարբեր թեկնածուներ: Դա իշխանությունն է, որ միաձուլված է, մեկն է, իսկ ընդդիմությունը կարող է բազմազան լինել, քանի որ այն այլընտրանք է առաջացնում: Ընդդիմությունը, հնարավոր է, նախագահական ընտրություններից առաջ միասնական թեկնածուով հանդես գա, բայց եթե անգամ հանդես չգան՝ ինձ համար դա ողբերգություն չէ»:

ՏԻՄ ընտրություններին ընդդիմության դրսևորած պասիվ դիրքորոշումը բնութագրելու համար հիշեցրել էր Եզոպոսի հայտնի առակը. «Աղվեսի մռութը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է: Հիմի ընդդիմության մռութը չի հասնում ՏԻՄ-ին, ասում ա՝ խակ է»:

Կարդացեք նաև

Նաև հավելել էր, թե՝ ընդդիմությունն ուզում է «շաշկու նման միանգամից կարճ ճանապարհով դամա գնալ»:

«Միանգամից՝ կարճ ճանապարհով: Իրանց թվում ա, մի հատ վերելակ կա, մտար, հուպ տվեցիր՝ նախագահականը բարձրացավ: Մոռանալով, որ աստիճաններով պետք է բարձրանալ այդ ճանապարհը, որոնցից մեկը հենց ՏԻՄ-ն է»,- ասել էր Ահարոն Ադիբեկյանը:

«Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ մի՞թե սա այն բացառիկ դեպքերից չէ, երբ Ահարոն Ադիբեկյանը ճիշտ է: Ի պատասխան՝ Ա. Մարտիրոսյանն ասաց. «Ընդդիմությունը երբեք չի ասել, որ խաղողը խակ է: Պարոն Ադիբեկյանն այստեղ միանշանակ սխալ է: Ոչինչ: Դե հիմա մեկ-մեկ տենց բաներ էլ կասի պարոն Ադիբեկյանը: Ցանկացած պարագայում ոչ մեկն ընդդիմությունից չի ասել, որ ՏԻՄ-ը դա խակ պտուղ է: ՏԻՄ-երը ոչ թե օգտագործվում են, ոչ թե ակունք են ադմինիստրատիվ ռեսուրսի, այլ կենտրոնական իշխանության ճնշման գործիք են: Ընդդիմությունը տարիներ շարունակ պայքարել է` բոլոր մակարդակներում»:

 

Տեսանյութեր

Լրահոս