Բաժիններ՝

«Զեյթուն» մշակույթի կենտրոնը հիմանորոգումից հետո շահագործման հանձնվեց

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի «Զեյթուն» մշակութային կենտրոնի հանդիսավոր վերաբացմանը: Ալեքսանդր Թամանյանի նախագծով դեռ 50-ական թվականներին կառուցված մշակութային այս օջախը ավելի քան 18 տարի պարապուրդի էր մատնված: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ընդգրկվելով քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրերում մշակույթի տունն ամբողջությամբ հիմնանորոգվել է և նոր ուսումնական տարում ամբողջովին նորոգված ու անհրաժեշտ բոլոր հարմարություններով կահավորված իր դռները կբացի սաների առջև:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից  հայտնում են, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը շրջել է խմբակներով, ծանոթացել կատարված աշխատանքներին:

Հիմնանորոգման ծրագրի շրջանակում շենքում առանձնացված արվեստի խմբակների դասասենյակները կահավորվել են համապատասխան գույքով, դահլիճն ու բեմն էլ վերազինվել են անհրաժեշտ տեսաձայնային և լուսային ժամանակակից տեխնիկական միջոցներով: Բեմի ներկա կահավորումը հնարավորություն է ընձեռում ինչպես պարային և թատերական միջոցառումներ բեմադրել, այնպես էլ կազմակերպել կինոդիտումներ:

«Զեյթուն» մշակութային տան վերաբացման առիթով շնորհավորելով վարչական շրջանի բնակիչներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող թամանյանական եզակի այս կառույցը այսուհետ լիովին կծառայի մատաղ սերնդի մշակութային կրթություն ստանալու շնորհակալ գործին. «Մշակույթի այս օջախը կծառայի ոչ միայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներին, այլ ամբողջ Երևանի արվեստասեր փոքրիկներին: Մեծն Թամանյանի նախագծած շենքն այսօր կանգուն է, վերանորոգված և մենք հանձնելու ենք այն մշակութային կրթություն ստացող մեր սերունդներին: Վերջին երեք տարիների ընթացքում քաղաքապետարանի ծրագրերում մշտական ուշադրության կենտրոնում են մշակութային օջախները: Մենք հայտարարել էինք, որ պետք է կարճ ժամանակահատվածում հիմնանորոգման լուրջ աշխատանքներ իրականացնենք մշակութային օջախներում, ինչն էլ այսօր հետզհետե կյանքի է կոչվում: Վստահեցնում եմ բոլոր երևանցիներին, որ այս ծրագրերը լինելու են շարունակական բոլոր վարչական շրջաններում և այն խնդիրները, որոնք դրել ենք մեր առջև, քաղաքային իշխանությունն օր ու գիշեր աշխատելով կհասնի իր նպատակին»-,- շեշտել է քաղաքապետը:

Հիմնանորոգված մշակույթի տունը հնարավորություն կտա կրկնապատկել անգամ եռապատկել խմբակներ հաճախող երեխաների թիվը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս