Հայկական համագումարը ողջունում է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի «արցախյան բանաձևը»

Ամերիկայի հայկական համագումարն այսօր տարածել է հաղորդագրություն, որով ողջունում է Արցախի վերաբերյալ բանաձևի ընդունումը ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի ներկայացուցիչների պալատի կողմից:

Ստորև ներկայացնում ենք Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրությունը.

«Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար) երախտագիտություն է հայտնում Մասաչուսեթս նահանգի ներկայացուցիչ Ջոնաթան Հեչթին «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և ժողովրդավարության զարգացումը սատարող» բանաձևը նախաձեռնելու համար, որը օգոստոսի վեցին միաձայն ընդունվեց Մասաչուսեթսի նահանգի Ներկայացուցիչների պալատում:
Ներկայացուցիչ Հեչթը, ով 2008թ. նոյեմբերին ընտրվեց Միդլսեքսի 29-րդ ընտրատարածքի նահանգային ներկայացուցիչ, իր պաշտոնին անցավ` փոխարինելով Ամերիկայի Հայկական Համագումարի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռեյչել Կապրելյանին: Ներկայացուցիչ Հեչթը, ով Հարվարդի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է, ներկայումս Տարեցների հարցերով հանձնաժողովի փոխնախագահն է, ինչպես նաև հանդիսանում է Ներկայացուցիչների պալատի Հաշվեքննության և Հսկողության հանձնաժողովի ու Երեխաների, Ընտանիքների և Հաշվանդամների հարցերով միացյալ հանձնաժողովի անդամ:
«Մենք երախտապարտ ենք ներկայացուցիչ Հեչթին»,- նշել է Համագումարի վաղեմի հոգաբարձու Ջեյմս Գալուստյանը, ով սերտորեն աշխատել է ներկայացուցիչ Հեչթի և Մասաչուսեթսի նահանգի ներկայացուցիչների պալատի այլ առաջնորդների հետ. «Այս բանաձևի ընդունումը համապատասխանում է ժողովրդավարության բարձրացման և բոլոր ժողովուրդների հիմնական իրավունքների պահպանման ամերիկյան արժեքներին»,- հավելել է Գալուստյանը:
Բանաձևում ասվում է. «Մինչդեռ, տասնամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղի հայերը, ովքեր կամայականորեն զտվել են Հայաստանից և հարկադրվել են ապրել Սովետական Ադրբեջանի իշխանության ներքո, խաղաղ ցույցեր են կազմակերպել հանուն իրենց ինքնորոշման և անհատական ազատության ու բողոքել են Սովետական Ադրբեջանի ճնշամիջոցների և խտրականության դեմ… այս ցույցերը դաժանորեն զսպվել են Սովետական Արդբեջանի ուժերի կողմից, որի արդյունքում տեղի ունեցան Սումգայիթի (1988թ. փետրվար), Կիրովաբադի (1988թ. նոյեմբեր) և Բաքվի (1990թ. հունվար) էթնիկ հայերի կոտորածներըը և շուրջ 350,000 հայերի բռնի տեղահանումը Ադրբեջանից»:
Ի հավելումն, բանաձևը նաև խոսել է 1992թ. հունվարի 6-ի իր ազատ ընտրված պառլամենտի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման մասին, ինչպես նաև շնորհավորել Արցախին անցած ամիս իր նախագահական ընտրությունների անցկացման առթիվ, «որի ժամանակ ընտրողների շուրջ 74 տոկոսը քվեարկեց խաղաղ և մրցակցային պայմաններում. միջազգային դիտորդներն այս ընտրություններն անվանեցին ազատ և արդար»:
Բանաձևը նաև կոչ է անում «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախությանը ու խրախուսել Լեռնային Ղարաբաղի պետություններին խաղաղ հարաբերություններ պահպանել իր հետ», ինչպես նաև քաջալերել « մեր երկրի առաջնորդներին շարունակել խթանել Լեռնային Ղարաբաղի հումանիտար և տնտեսական վերակենդանացումը»:

Տեսանյութեր

Լրահոս