«Էդ անտեր հրաշքն էլ միշտ դժբախտության տեսքով ա գալիս»
Մարինե Դավթյանի համար երեխաներին հերթով հիվանդանոց ճանապարհելն արդեն սովորական երևույթ է դարձել: Աղքատության, խոնավության մեջ ապրող անչափահաս հինգ երեխաներից բոլորն էլ տարվա մեջ երկու անգամ թոքաբորբով հայտնվում են բուժհաստատություններում: Ամենափոքրի` 3 տարեկան Թագուհու մոտ երկարատև ստուգումներից հետո սրտի արատ է հայտնաբերվել, և նրան վիրահատելու անհրաժեշտության մասին մասնագետներն արդեն տեղեկացրել են: 10 տարեկան Արսենն այլևս ոչինչ անելու ցանկություն չունի, հոգնել է իր ընտանիքի ամենօրյա ծանր հոգսերից: Երազում է մեկնել զինվորական ծառայության ու երկու տարի իրեն գոնե պետքական զգալ հայրենիքի համար: «Որ մեր սահմանները պաշտպանեմ, ոնց որ պապաս: Ինքը շատ մեդալներ ա ստացել, ու ես էլ պիտի լավ ծառայեմ, որ ինձ գովեն»,- ասում է «անկոշիկ» ու լուսաբացից մինչև երեկո ոչնչով չսնված Արսենը:
Մարինեն ասում է, որ Շենգավիթ համայնքի Շարուրի 24/2 հասցեում գտնվող հարակից խանութների աշխատակիցներն այլևս իրենց պարտքով հաց չեն տալիս: Բոլոր խանութներում հացի ու մակարոնի մեծ պարտքացուցակ ունեն: Խոհանոցում բոլոր կաթսաները դատարկ են, հացի փշուր անգամ չկա: «Առավոտից չգիտեմ` գլուխս որ պատին տամ: Բոլոր խանութների աշխատակիցներին խնդրեցի, աղաչեցի, բայց իրենց էլ չեմ մեղադրում, ահագին պարտք ենք»,- ասում է Մարինեն, ով անօթևան լինելու պատճառով՝ ամուսնու և հինգ անչափահաս երեխաների հետ ապրում է վերոնշյալ հասցեում վարձակալած բնակարանում: 50.000 դրամ նպաստը ստանալուն պես բնակարանի վարձն են վճարում ու սպասում են ինչ-որ մի հրաշքի: «Սպասում ենք հրաշքի, բայց դժբախտությունների շարան ենք ստանում: Վերջերս անտանելի ցավեր, գլխապտույտներ ունեի: Միշտ ձգձգում էի ստուգումը, դե… գումար չկար: Գնացի, ստուգվեցի, ասեցին` ուռուցք ա: Ուղարկել են Ուռուցքաբանական կենտրոն, բայց էլի հրաշքի սպասելով` էսօր-վաղն եմ անում: Էդ անտեր հրաշքն էլ միշտ դժբախտության տեսքով ա գալիս: Դուք էլ գիտեք, որ դատարկ գրպանով հիվանդանոց մտնելուց հետո ստորացնում, խայտառակում, ճանապարհում են տուն»,- ասում է հինգ երեխաների մայրը` սկսելով ինձ հարցեր տալ, թե մեր երկրի օրենքներով մի՞թե բազմազավակ ընտանիքների համար սոցիալական պաշտպանություն չի իրականացվում: Սկսում եմ մեջբերել Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Աջակցություն բազմազավակ ընտանիքներին» օրենքի նախագծի հեղինակ Հակոբ Հակոբյանի և համահեղինակ Գագիկ Մելիքյանի խոսքերը` օրենքով նախատեսված արտոնությունների վերաբերյալ: Ընդ որում, բազմազավակ ընտանիքներին մխիթարելու համար մեր պաշտոնյաները դեռևս 2010 թվականից հայտարարում են` շուտով… Մասնավորապես` խորհրդարանական ընտրությունների նախաշեմին բազմազավակ ընտանիքների համար օրենքով նախատեսված նախընտրական խոստումներն արդեն ֆանտաստիկ բնույթ էին կրում: «Է հա, ընտրությունների ժամանակ մեր տեղը բոլորն էլ գիտեին, էնքան բան խոստացան, որ սկսում էինք հավատալ, բայց նորից նույն անտարբերությունն ու աղքատությունն ա: Պետությունն աջակցելու փոխարեն` դեռ մի բան էլ փակում ա բոլոր էն ճանապարհները, որով կարողանում էինք երեխաների օրվա հացն ապահովել»,- բարկացած ասում է Մարինեի ամուսինը` Ներսես Դավթյանը, ով նախկինում խաղալիքների, փուչիկների շրջիկ առևտուր իրականացնելով` կարողանում էր օրական 500-1000 դրամ վաստակել: 5 երեխաների հայրն, արդեն քանի ամիս է` գործազուրկի կարգավիճակում է, քանի որ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ՝ արգելվել է փողոցային առևտուր իրականացնել: «Քաղաքապետարան, դու, որ իմ երեխաներին սոված թողեցիր, գոնե գիտե՞ս, թե իմ ընտանիքը ոնց ա ապրում: Գոնե մեկ անգամ ոտք դրեցի՞ր, թե էդ փուչիկ ծախողն ի՞նչ կյանքով ա ապրում, որ արևի տակ ճռռալով` ամեն փուչիկից 10 դրամ աշխատելով` հաց էր առնում: Արդեն 6-7 ամիս ա` պարապ տանը նստած եմ, ի՞նչ անեմ: Անգործ տղամարդու հոգեվիճակը պատկերացնո՞ւմ եք, կամ գիտե՞ք, թե ինչ բան ա, երբ երեխեդ քեզ ասում ա` պապա, սոված եմ, իսկ դու չգիտես` ինչ պատասխանես: Բա սա պետությո՞ւն ա: Էլ ինչի՞ են հայտարարում` շատ երեխեք ունեցեք, ունենանք, որ սպանե՞ն սենց»,- բարկացած բղավում է Ներսեսն ու ծանրաքարշ մարմինն առած պոռթկալով հեկեկում է:
Ղարաբաղի սահմաններում կռված այս տղամարդը վստահեցնում է, որ կռվի տարիներին Ռուսաստանում է եղել, ու այնտեղից տեղափոխվել է Հայաստան` սահմանները պաշտպանելու համար: «Կռիվ տեսած մարդը դողում ա ամեն մի տղայի վրա: Վազգենը մեզ շատ բան սովորեցրեց, ինքն ամեն զինվորի կյանքի համար դողում էր: Երեք տղա ունեմ, որոնց առանց վարանելու ուղարկելու եմ ծառայության: Թող չկարծեն` աղքատության ու անճարության մեջ պահելով` մեզ զրկել են թասիբից: Աստված չանի` վաղը եթե կռիվ լինի` զենքն առնելու եմ գնամ էլի կռվեմ, բայց թող մեր երկրի վերևներում իմանան, որ կռված մարդուն հունից հանել պետք չի: Կռված մարդու համար ամեն մի անարդարությունը կռվի սկիզբ ա: Նայում եմ, թե 4-5 երեխա ունեցող անճար տղամարդիկ ոնց են գնում նախագահի նստավայրի մոտ ու ուզում իրանց վերացնեն: Բա Վազգենը դա կհանդուրժե՞ր: Մեզ Վազգենի պես մարդասեր առաջնորդ ա պետք, թե չէ, հա ոչնչացնում, նվաստացնում են ու չեն կշտանում»,- ատամները սեղմած` բղավում է Ներսեսը, ում նյարդային համակարգն այնքան խեղված է, որ ամեն երկրորդ բառից հետո սկսում է երեխայի պես լաց լինել: Մարինեն ասում է, որ փողոցային առևտրի արգելքից հետո գործազրկությունն ընդհանրապես «ջարդել» է ամուսնուն. Հիմա նա տառապում է սրտի անբավարարությամբ: Բուժհաստատություն ոտք չի դրել, ու չեմ էլ հարցնում` ինչու:
Մարինեն ու Ներսեսը տառապում են ծանր հիվանդություններով, ու դրանց առաջացման պատճառները փնտրելու անհրաժեշտություն չկա այնպես, ինչպես թաց պատերի մեջ բնակվող, պարբերաբար թոքաբորբով հիվանդանոց տեղափոխվող երեխաների դեպքում: Դժվար է հավատալ, որ նման պայմաններում մեծացող երեք տղաները մի քանի տարի անց զինվորական ծառայության համար պիտանի կլինեն: Ու դժվար է կանխատեսել, թե նման պայմաններում մեծացող երեխաների` ընտանիքում մեծանալու հավանականությունը որքան մեծ է: Սովորաբար պետությունը ձեռք է մեկնում այն ժամանակ, երբ երեխաները որբանում ու հանձնվում են պետության խնամքին: Պետությունը ծնողին զրկում է աշխատելու, առողջությունը վերականգնելու հնարավորությունից, և դրան զուգահեռ` մանկատների բեռնաթափման ծրագրեր է իրականացնում: