«Այսօր հաշմանդամ երեխայիս հետ եմ եկել, միգուցե հիմա սրտները շարժվի»
Նախկին ոստիկան, բազմազավակ ընտանիքի հայր Մխիթար Ալումյանն այսօր ՀՀ ոստիկանության շենքի առաջ կրկին հացադուլ է հայտարարել:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Հրազդանի ՋԷԿ-ի առանձին վաշտի նախկին ոստիկանը պահանջում է վճարել իր աշխատավարձի հավելավճարը՝ 2,5 մլն դրամ: Սա Ալումյանի երկրորդ նման բողոքի ակցիան է: Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը hունիսի 7-ին ՀՀ նախագահի նստավայրի առաջ ինքնահրկիզման փորձ էր կատարել:
Նա այսօր ՀՀ ոստիկանության շենքի մոտ է եկել երկու դուստրերի՝ 12-ամյա Գայանեի և 10-ամյա Կարինեի հետ։ «Քանի որ ինձանից էպիկրիզ են պահանջում, չեն հավատում, որ երեխաս իսկապես հիվանդ է, կարծում են՝ հիվանդության անվան ներքո ուզում եմ իրենցից գումար կորզել, դրա համար այսօր հաշմանդամ երեխայիս հետ եմ եկել, միգուցե հիմա սրտները շարժվի»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է Մ. Ալումյանը: Նրա դուստրը` 10-ամյա Կարինեն, ոսկրային տուբերկուլոզ հիվանդությունից բուժվելու ընթացքում ընդունել էր դեղեր, որոնք ազդել էին նրա տեսողության վրա. ձախ աչքը կուրացել է, աջով կիսով չափ է տեսնում: Բժիշկները հույս էին տվել, որ շուտափույթ վիրահատությունն ու լինզաների տեղադրումը կփրկեն երեխային` հետագայում աստիճանաբար վերականգնելով տեսողությունը:
ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Հրազդանի ՋԷԿ-ի առանձին վաշտի ոստիկան Մխիթար Ալումյանը աշխատանքից ազատվել է 2011թ. հոկտեմբերին, երբ սկսել է բարձրաձայնել արտաժամյա ծառայության հավելավճարները չստանալու մասին և պահանջել իրեն հասանելիք 4,5 միլիոն դրամը: Նրան 2 միլիոն 570 հազար դրամ քիչ էին վճարել, միաժամանակ ասել, որ Մխիթարը ստացական գրի, որ այլևս ոչ մի պահանջ չունի: Մխիթար Ալումյանի խոսքով՝ ինքն այդ գումարը վերցրել է, սակայն «պարտք ու պահանջ չունենալու» վերաբերյալ դիմումը գրել է «վախի ու ճնշման» մթնոլորտում:
Մխիթար Ալումյանը նաև տեղեկացրել է. «Հիմա էլ պատճառաբանում են, թե մատյաններն ամեն տարի ոչնչացնում են ու ապացույց չունեն, որ ես ծառայել եմ: Բայց ես պատճեններն էլ ունեմ»: Նրա խոսքով՝ իրեն այսօր հացադուլ հայտարարելուց հետո առաջարկվել է 100-150 հազար դրամ օգնություն: «Թող այդ օգնությունը կարիքավորներին տան, ես իմ աշխատավարձն եմ ուզում ստանալ»,- նշել է Մ. Ալումյանը:
Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար «Փաստինֆո» գործակալության թղթակիցը դիմեց ՀՀ ոստիկանություն: Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանի խոսքով՝ ոստիկանությունը հարցի վերաբերյալ պարզաբանում կտա առաջիկայում: