
«Միակ մխիթարանքն այն է, որ դուք այժմ ձեր Հայրենիքում եք»

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը հաղորդագրություն է տարածել՝ Հայաստան դարձած կարիքավոր սիրիահայ հայրենակիցներին աջակցություն տրամադրելու մասին:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Խորը անհանգստությամբ ենք հետևում Սիրիայում քաղաքացիների կյանքին սպառնացող արյունալի իրադարձություններին և դժվարություններին: Ցավում ենք, որ առայժմ ստիպված եք եղել թողնել ձեր օջախները մի երկրում, որ իր դռներն է բացել Եղեռնից և մեծ հայրենազրկումից մազապուրծ եղած մեր հայրենակիցերին՝ մեր պապերին: Թերևս այս պարագայում բոլորիս միակ մխիթարանքն այն է, որ դուք այժմ ձեր Հայրենիքում եք՝ անվտանգության մեջ և շրջապատված սրտացավ ու հարազատ արյունակիցներով:
Ծանր այս օրերին «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը ևս իր զորակցությունը, հոգատարությունն ու սերն է հայտնում ձեզ և սիրով պատրաստ է ձեր մեջ գտնվող կարիքավոր մեծահասակներին և երեխաներին ընդգրկելու իր ամենօրյա սննդի ծրագրում: Դիմեք մեզ ք.Երևան, Առաջին Եկմալյան 6 հասցեով կամ զանգահարեք (010) 53 51 67 հեռախոսահամարով»: