Կառավարման ակադեմիայում կլինի հեռահար ուսուցում
ՀՀ պետական կառավարման ակադեմիայում կլինի հեռահար ուսուցում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը: Նրա խոսքով՝ ներկայում տեղեկատվական տեխնոլոգիաները լայն հնարավորություններ են տալիս, որոնք իրենք կօգտագործեն՝ ուսուցումը ավելի մատչելի դարձնելու համար:
«Հեռահար ուսուցումը հնարավորություն կտա մարդկանց, ովքեր ֆիզիկական խնդիրներ ունեն կամ ապրում են հեռավոր շրջաններում՝ սովորել ակադեմիայում իրենց գտնվելու վայրից՝ ինտերնետին միացված համակարգչի շնորհիվ»,- ասաց նա:
168.am-ի հարցին, թե արդյո՞ք Կառավարման ակադեմիան տեխնիկապես, ծրագրային, ինչպես նաև դասախոսների առումով՝ պատրաստ է սեպտեմբերից սկսել հեռահար ուսուցումը, ռեկտորը պատասխանեց, թե չեն հասցնի սեպտեմբերից սկսել հեռահար ուսուցումը, քանի որ սեպտեմբերից սկսվում է ուսուցման պրոցեսը և մեծ թվով ուսանողների հոսք են ունենալու: Այդուամենայնիվ, ռեկտորը նշեց, որ ծրագրային բոլոր դրույթները այս հարցի շուրջ արդեն մշակված են և գտնվում են ավարտման փուլում: «Հեռահար ուսուցումն իրականացնելու համար շատ բան չի մնացել: Մենք արդեն ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձը, ովքեր վաղուց կիրառում են հեռաուսուցման հնարավորությունները՝ ժամանակակից մեթոդներով ուսուցում իրականացնելու համար»,- ասաց Ա. Լոքյանը:
Նշենք, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիան ՀՀ կառավարման դպրոցի իրավահաջորդն է, որը հիմնվել է 1994 թվականի մայիսի 24-ին ՀՀ կառավարության թիվ 240 որոշմամբ, Եվրոպական Միության ՏԱՍԻՍ ծրագրի տեխնիկական աջակցությամբ: Դպրոցի առկա ուսուցման առաջին ընդունելությունը կայացել է 1995 թվականին: ՀՀ կառավարության 1997 թ. ապրիլի 30-ի թիվ 107 որոշմամբ Դպրոցին իրավունք տրվեց կազմակերպել ու նաև հեռակա ուսուցում` 2,5 տարի տևողությամբ: