26-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է (լուսանկարներ)
Այսօր իվանդանոցում մահացել է Երևանի Մամիկոնյանց 40/2 շենքի բնակիչ, 26-ամյա Աղաս Մկրտչյանը: Այս մասին News.armeniatv.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին, ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 34-րդ կիլոմետրին Երևանի Մամիկոնյանց 40/2 շենքի բնակիչ, 26-ամյա Աղաս Մկրտչյանը, վարելով «Մերսեդես C 280» մակնիշի 09 ԼՏ 282 համարանիշի ավտոմեքենան, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 20 մետր գլորվելով` հայտնվել գետում:
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի բնակիչ, 34-ամյա Զատիկ Թորոսյանը տեղում մահացել էր, իսկ մյուս ուղևորը` Աբովյան քաղաքի Դարանի 6/53 շենքի բնակիչ, 29-ամյա Հակոբ Դովլաթյանը, ով աշխատում է «Սամկոն» ՍՊԸ-ում, վարորդի հետ ստացել էր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Հրազդան բժշկական կենտրոն:
Հրազդան բժշկական կենտրոնում ֆոտոլրագրողին հայտնել էին, որ Հ. Դովլաթյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և նրան տեղափոխելու են Երևան:
Ըստ Գ. Շամշյանի՝ մինչ փրկարարների ժամանումը` վիրավորներին ձորից դուրս էին բերել և հիվանդանոց տեղափոխել վթարի վայրի հարևանությամբ գտնվող մեղվապահները:
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետի տեղակալն ու Հրազդանի քննչական բաժանմունքի քննիչը:
Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: