
«Հայաստանի փոքրիկ երգիչները»՝ Ճապոնիայում

Մեկնարկել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» (ՀՓԵ) մանկական երգչախմբի եզակի համերգային շրջագայությունը Ճապոնիա: 40 օրերի ընթացքում երգչախումբը ելույթ է ունենալու 18 քաղաքներում` ներկայացնելով հայ և համաշխարհային երգարվեստի գոհարները: Տիգրան Հեքեքյանի ղեկավարած ՀՓԵ երգչախումբը Ճապոնիայում համերգային լայնամասշտաբ շրջագայության հրավերը ստացել է ճապոնական հայտնի «Մին Օն» կազմակերպության կողմից, որը Ճապոնիայում տարեկան 1000-ից ավելի համերգ է կազմակերպում, որոնց մեկ երրորդը հրավիրված խմբեր և մենակատարներ են աշխարհի տարբեր երկրներից: Հրավիրված խմբերն ու երաժիշտները, բացի համապատասխան համբավից և ճանաչումից, պետք է կարգով ավելի բարձր լինեն, քան նմանատիպ ճապոնական խմբերը:
«Հայաստանի Փոքրիկ Երգիչների» այս 40-օրյա շրջագայությունն իր մեծությամբ, նշանակալիությամբ և կազմակերպվածության բարձր մակարդակով կարող է համեմատվել, թերևս, միայն 1995թ. Եվրոպայի մի քանի երկրներում և ԱՄՆ-ի 20 նահանգներում երգչախմբի ունեցած 50 -օրյա հաղթարշավի հետ: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երաժշտախումբն արդեն իսկ ելույթ է ունեցել Յամագատա, Յոկոհամա, Սանո, Տոչիգի, Կիտակյուսյու, Մարուգամե քաղաքների ամենախոշոր` 1400-2000 տեղանոց համերգադահլիճներում: Հասցրել են այցելել անգամ օրերս աղետի ենթարկված Կյուսյու կղզին և երգել ջրհեղեղից տուժած ճապոնական ընտանիքների համար:
Շրջագայությունը նվիրված է հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների 20- ամյակին և հայ գրատպության 500-ամյակին:
Երգչախումբը Հայաստան կվերադառնա օգոստոսի 14-ին: