Ռուսները լրտեսում են նաև երկնքից
Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը համալրել է անօդաչու թռչող սարքերի թիվը, որոնք օգտագործվելու են փողոցային բողոքի ակցիաներին հետևելու նպատակով: Այդ մասին գրում է Wired.com-ի մեկնաբան Լորենցո Ֆրանչեսկի-Բիքքերայը: Վերջինս տեղեկացնում է, որ նման սարքեր արտադրող ռուսական Zala Aero ընկերությունը պետությանը մատակարարել է ավելի քան 70 անօդաչու համակարգեր, որոնցից յուրաքանչյուրն իր մեջ ներառում է մի քանի թռչող սարքեր:
Նմանատիպ անօդաչու թռչող սարքեր ռուս իրավապահներն արդեն օգտագործել են 2006 թվականին Սանկտ Պետերբուրգում կայացած «Մեծ Ութնյակի» գագաթաժողովի ժամանակ կազմակերպված բողոքի ցույցերին հետևելու նպատակով: Անօդաչու սարքերի կարևորության մասին խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Wired.com-ի տվյալներով, մինչև 2020 թվականն անօդաչու համակարգերի ձեռքբերման համար ՌԴ կառավարությունը կհատկացնի մոտ 13 մլրդ դոլար: Wired.com-ի մեկնաբանը հիմնվել է ավելի վաղ Open Democracy Russia կայքում հրապարակված տեղեկությունների վրա: Այս հրատարակության լրագրողի հետ զրույցում Zala Aero-ի ղեկավարներից մեկը ներկայացրել է անօդաչու թռչող սարքերի հետ կապված որոշ մանրամասներ: Մասնավորապես, նրա խոսքերով, ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումներում ամենամեծ պահանջարկը վայելում է ZALA 421-08М մոդելի թռչող սարքը, որը հնարավորություն է տալիս բարձր որակով լուսանկարել ավտոմեքենայի համարանիշը: Սակայն այս մոդելը բողոքի ակցիաների մասնակիցների դեմքը լուսանկարելու համար բավարար չէ: «Ցույցերի մասնակիցների դեմքերը լուսանկարելու համար անհրաժեշտ է շատ ծանր անօդաչու սարք` բարձրորակ տեսախցիկով»,- ասել է Zala Aero-ի տնօրեններից մեկը` ավելացնելով, որ, այդուհանդերձ, ZALA 421-08М մոդելի սարքերը կարևոր նշանակություն ունեն երկնքից բողոքի ակցիաներին հետևելու և անցանկալի միջադեպերից խուսափելու հարցում: «Ռուսական իշխանությունները տարված են անօդաչու տեխնոլոգիաներով և հույս ունեն դրանց օգնությամբ կանխել հասարակական ընդվզման ալիքը»,- գրում է Wired.com-ը` ավելացնելով, որ թռչող սարքերը կդառնան նոր ռուսական լրտեսներ: