
.am տիրույթում գրանցված 20.150 դոմենային անուն կա

.am տիրույթում գրանցված 20.150 դոմենային անուն կա: Այդ մասին այսօր ասուլիսում հայտարարեց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը։ Նրա խոսքով` Հայաստանում կայքերի թիվն ավելանում է ինտերնետ օգտագործողների աճի տեմպին զուգահեռ, քանի որ ինտերնետ օգտագործողներից շատերը ցանկանում են սեփական ինտերնետային կայք ունենալ:
«Եթե համեմատենք մեր հարևան երկրների հետ, ապա Հայաստանն ավելի շատ դոմենային անուն ունի. Ադրբեջանում և Վրաստանում գրանցված է մոտ 13 հազ. դոմենային անուն»,- ասաց Գ. Սաղյանը:
Ներկայում Հայաստանում .am տիրույթում դոմենների գրանցումը տարեկան արժե 12.000 դրամ (մոտ 33 դոլար), այս գինը, սակայն, այլ դոմենների գրանցման համեմատ դեռևս բարձր է։ Օրինակ` .com կամ .info դոմեններում ինտերնետային հասցե (դոմեն) գրանցելն արժե մոտ 10 դոլար:
Գ. Սաղյանն ասաց նաև, որ հնարավոր է`օգտոստոս ամսին .am տիրույթում դոմենների գրանցման տարեկան վճարը նվազի:
Նշենք, որ 1993 թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցեց համաշխարհային ինտերնետ ֆորումի, որտեղ ձեռք բերեց .am դոմենային անունը հայկական կայքերի կամ հայկական բովանդակություն ունեցող արտասահմանյան կայքերի համար: