Խախտումների թիվը բազմապատկվել է
Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում արդեն իսկ արձանագրվել է ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների 300.000 խախտում: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարիներին տարվա կտրվածքով արձանագրվում էր 150-160 հազար խախտում:
Այս թվերն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակեց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։ «2011 թվականի ընթացքում մոտ 750.000 խախտում էր արձանագրվել Ճանապարհային ոստիկանության համակարգում բազմաթիվ բարեփոխումներ իրականացնելու հետևանքով, քանի որ, եթե անցած տարիների թվերը դիտարկենք, կտեսնենք, որ դրանց թիվը հասնում էր մոտ 150.000-160.000 խախտման արձանագրման»: Էդ. Հովհաննիսյանն արձանագրված խախտումների աճը բացատրում է այն հանգամանքով, որ նախկինում թաքցնում էին օրինական խախտումերի հաշվառումը:
Թեպետ դրական փոփոխություններ կան, սակայն շատ խնդիրներ ՃՈ համակարգում դեռ մնում են չլուծված։ «Երբ տեսուչը կանգնեցնում է` խախտում արձանագրելով, և վարորդը հիմնավորում է, որ խախտում չի արել, տեսուչը մեկնաբանում է, որ կարելի է առավել թեթև խախտում արձանագրել` ամրագոտի չկրելը, և այն գրանցել: Դա ամենատարածված գործողությունն է, որ տեսուչն անում է»,- ասում է Էդ. Հովհաննիսյանը։
«Աքիլեսի» նախագահը նշում է նաև, որ «Ճանապարհային ոստիկանը հաճախակի սխալ տեղեկատվություն է տարածում, համաձայն որի` վարորդի ստորագրությունը պարտադիր չէ, և հնարավոր է արձանագրություն կազմել առանց դրա: Այդ դեպքում հաճախ վարորդները չեն ստորագրում։ Հետո այդ նույն արձանագրությունը հայտնվում է ՃՈ-ում` այլ մեկնաբանմամբ` վարորդը հրաժարվել է ստորագրել խախտման արձանագրությունը: Դա նույնպես վարորդների իրավունքների խախտում է: Սիրելի վարորդներ, մենք միշտ հորդորում ենք, որ ստորագրեք բոլոր տիպի արձանագրությունները: Անկախ ամեն ինչից»: