Երջանիկ Աբգարյանը` Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին. «Անբարոյականության պահեր են, խաղ են սարքում»

Այսօր Aravot.am-ը ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ կարծիք ունի Վանո Սիրադեղյանի վերադարձի համար կազմակերպված ստորագրահավաքի մասին, եւ ինքն ուզո՞ւմ է, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա, թե՞ ոչ` նա պատասխանել է. «Այդտեղ անբարոյականության պահեր գոյություն ունեն, ովքեր այդ հարցը բարձրացնում են հիմա` լրիվ այլ կոնտեքստով: Խոսքն այն մասին է, որ բնական է, բոլորս էլ ուզում ենք, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա: Այստեղ հարց չկա: Բայց դա անում են այն ուժերը, որոնք քաղաքականության մեջ  նոր վերաձեւավորումներ անելու իմիտացիա են օգտագործում` նոր անձնավորություն, նոր վերաձեւավորում, այսպես ասած` նոր 3-րդ ուժ ստեղծելով: Այդ խաղն է խաղացվում: Վանո Սիրադեղյանի անձը այստեղ հիմնական օգտագործողները այդ խաղի մասնակիցներն են: Չեմ բացառում, որ դա թելադրված է նրանց` իշխանության կողմից: Այն, որ Վանո Սիրադեղյանը պետք է վերադառնա, կարիքը կա, բնական է, բայց ոչ այդ կոնտեքստով, որ դա ծառայեցվի ինչ-որ այլեւայլ նպատակների: Այդ կարգի հարցադրումներ անողների հանդեպ ես վստահություն չունեմ, որ նրանք անկեղծորեն են ուզում, որ Վանո  Սիրադեղյանը, որպես մարդ, քաղաքացի, վերադառնա Հայաստան, որովհետեւ նա բացարձակապես որեւէ լուրջ մեղադրանք չի ունեցել, նրա նկատմամբ լուրջ մեղադրանք փաստերով, ապացույցներով չի ներկայացվել: Դա եղել է ընդհանրապես քաղաքական միջոցառում, որպեսզի այն ժամանակվա` 98-ի նոր եկող ուժերն արդարացնեն իրենց գործունեությունը, երբ որ կատարեցին պետական հեղաշրջում, սկսեցին հանցագործությունների կծիկները աջ ու ձախ` Հոկտեմբերի 27, «Գույք ` պարտքի դիմաց» երկրի վաճառք եւ այլն,  եւ այլն»:

Հարցին էլ` կարծում եք, որ Վանո Սիրադեղյանին այս իշխանությունները բերում են` Կոնգրեսի դե՞մն առնելու համար` պարոն Աբգարյանը պատասխանել է. «Նրան չե~ն բերում: Ուղղակի նրանք խաղ են սարքում` ընտրություններից առաջ: Ոչ թե Վանո Սիրադեղյանին, այլ այդ հարցն օգտագործում են, որպեսզի հասարակության մեջ Կոնգրեսի նկատմամբ այլ վերաբերմունք ձեւավորեն»:

Տեսանյութեր

Լրահոս