Հայաստանում կեղծում են DOLE ապրանքային նշանը

«Պաստիչերիա Քեյք» ընկերությունը մի քանի տարի շարունակ կեղծում էր աշխարհահռչակ «DOLE» ընկերության ապրանքային նշանները: Կեղծիքը բացահայտվեց հենց ընկերության ջանքերով:

Այս գործում մի շարք վիճահարույց նկատառումներ կան, որոնցից երկուսն առավել ուշագրավ են: «Դուոլ Ֆուդ Քամփընի» ինք.-ը 21.10.2010թ. (գրանցված է ՈՒան Դոուլ Դրայվ, ՈՒեսթլեյք Վիլիջ, Կալիֆոռնիա, 91362-7300, ԱՄՆ)  հայցադիմում էր ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «Պաստիչերիա Քեյք» (հասցե` Չարենցի 25)  ՍՊԸ-ի` «Պաստիչերիա Քեյք»-ի անունով N12544 DOLE և N13301 DOLE & SUN Design ապրանքային նշանների գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին։

Առաջին ուշագրավ հանգամանքն այն է, որ գործով երրորդ անձ ներկայացող ՀՀ Մտավոր սեփականության գործակալության պահանջով գործը տեղափոխվել է Վարչական դատարան, այն պատճառաբանությամբ, որ հայցվորը վիճարկել է իր կողմից ընդունած վարչական ակտը, ուստի գործն ընդդատյա է Վարչական դատարանին: Բավական ժամանակ է անցել` մինչև տվյալ դատարանը գործը վերադարձրել է Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանին` այն հիմնավորմամբ, որ, այնուամենայնիվ, կողմերը քաղաքացիական շրջանառության մասնակիցներ են և իրավաբանական անձինք:

18.07.2012թ. դատարանը «Դուոլ Ֆուդ Քամփընի» ինք. ընկերության հայցն ամբողջությամբ բավարարել է, անվավեր է ճանաչել «Պաստիչերիա Քեյք» ՍՊԸ-ի անունով թիվ 12544 DOLE (Դոլ) և N13301 DOLE&SUN Design (Դոլ ընդ Սան դիզայն) ապրանքային նշանների գրանցումները։ «Պաստիչերիա Քեյք»-ից հօգուտ «Դուոլ Ֆուդ Քամփընի» ինք. ընկերության բռնագանձվել է 4.000 դրամ` որպես վերջինիս կողմից դատարանում նախապես վճարված պետական տուրքի գումար:

Այս ամենի մեջ ամենահետաքրքրականն այն է, որ «DOLE» ընկերությունը «Պաստիչերիա Քեյքից»  չի պահանջել դրամական հատուցում վնասների և այն բանի համար, որ տևական ժամանակ վերջինս կեղծելով նրա ապրանքանշանը` զգալի եկամուտներ է ստացել: DOLE-ը մնացել է DOLE նաև Հայաստանում: Ընկերության փաստաբանը դատարանին հիմնավորումներ է ներկայացրել, որոնց բովանդակությունն առնվազն նվաստացուցիչ է ՀՀ Մտավոր սեփականության գործակալության, «Պաստիչերիա Քեյքի» և, առավել ևս, Հայաստանի համար.

««Դուոլ Ֆուդ Քամփընի» ինքոնսալթինգը հանդիսանում է աշխարհահռչակ ընկերություն, որը սկսելով իր գործունեությունը 1851-ից, երկար տարիների ընթացքում արտադրում, վաճառում և առաքում է աշխարհով մեկ թարմ մրգեր, բանջարեղեն, պահածոյացված,փաթեթներով և սառեցված սննդամթերք, ինչպես նաև վիտամիններով հարուստ սննդամթերք, ինչի շնորհիվ իր «DOLE» ապրանքային նշանով մակնշված արտադրանքը վաճառվում է 90-ից ավելի երկրներում, որը, շնորհիվ ընկերության անդրժելի կանոնի՝ «իրականացնել սպառողի բոլոր պահանջները», մասնավորապես` սննդամթերքի թարմության, անվտանգության, մատչելիության, ինչպես նաև շրջապատին չվնասելու սկզբունքով, մեծ համբավ է ձեռք բերել սպառողների մոտ ամբողջ աշխարհում: «DOLE» ապրանքային նշանով մակնշված ապրանքները (հյութեր, ժելեներ, կոմպոտներ և այլն) արդեն մի քանի տարի է, ինչ մտել են հայկական շուկա և մինչ այսօր լայն ծավալներով ներմուծվում և վաճառվում են Հայաստանում (հիմք` ներմուծումների մի մասը հաստատող հաշիվ- ապրանքագրեր և մաքսային փաստաթղթեր` սկսած 25.03.2007թ., մինչև 15.12.2008թ.)։

Իր գործունեությունը ծավալելով ամբողջ աշխարհում` «Դոուլ Ֆուդ Քամփընին» աշխատում է, որ իր «DOLE» ապրանքային նշանն իրավական պաշտպանություն ստանա այդ երկրներում։ Դրա մասին են վկայում «DOLE» ապրանքային նշանի գրանցումները Ալբանիայում, Բելառուսում, Չինաստանում, Ղրղըզստանում, Լիխտենշտեյնում, Մոնակոյում և այլուր։ Ընկերության կողմից «DOLE» ապրանքային նշանով մակնշված ապրանքները լայն գովազդվում են աշխարհով մեկ և զանգվածային լրատվության միջոցներով, և Ինտերնետի միջոցով, որի ապացույցն է նաև Ընկերության ինտերնետային կայքը /www.dole.com/։
Մտնելով հայկական շուկա` ընկերությունը ցանկանում էր, որ իր «DOLE» ապրանքային նշանը ստանա իրավական պահպանություն նաև Հայաստանում, և այդ պատճառով ՀՀ մտավոր սեփականության գործակալություն 04.06.2009թ. թիվ 20090235 և թիվ 20090236 հայտեր է ներկայացրել «DOLE» ապրանքային նշանները ՀՀ-ում գրանցելու համար ԱԾՄԴ-ի 35 դասի ծառայությունների նկատմամբ: Գործակալությունն այդ նշանների գրանցումը մերժել է` դրանք հայկական «Պաստիչերիա Քեյք» ընկերությանը /գրանցված` Երևան, Չարենցի 25 հասցեով/ պատկանող «DOLE» ապրանքային նշանների 29, 30, 31, 32 դասերի ապրանքների համար ավելի վաղ թիվ 12544 և թիվ 13301 գրանցումների առկայության պատճառով: «Պաստիչերիա Քեյք» ընկերությունը չի արտադրում և «Դոուլ Ֆուդ Քամփընի» ինք.  ընկերության կողմից չունի թույլտվություն կամ լիազորություն` վաճառել իր ապրանքները Հայաստանում, առավել ևս թուլտվություն չունի «DOLE» ապրանքային նշանն իր անվամբ գրանցելու»,- ասված էր ընկերության փաստաբանի պաշտպանական ճառում և հայցադիմումում:

Ըստ հայցվորի` պատասխանող ընկերությունը խախտել է միջազգային պայմանագրերի, «Ապրանքային նշանների մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նորմերով ամրագրված հայցվոր ընկերության «Դոուլ» ապրանքային նշանի օգտագործման ազատ տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքը:

Առավոտյան 168.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում «Պաստիչերիա Քյեք» ընկերության աշխատակցուհին հայտնեց, որ «Պաստիչերիա Քեյքը» մեծ հաջողությամբ գործում է հայաստանյան շուկայում 2005-ից, գտնվում է Հանրապետության 67 հասցեում (չնայած` գրանցված է Չարենցի 25 հասցեում), առաջին հարկում տեղակայված է ընկերության արտադրամասը, 2-րդ հարկում` խանութը, իր արտադրանքն էլ չի վաճառում այլ իրացնողների:

 

Տեսանյութեր

Լրահոս