
«Քինգ դելյուքսի» փաստաթղթերը դեռ տեղ չեն հասել

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովն ավարտել է Երևան-Աբովյան-Երևան երթուղով ուղևորափոխադրում իրականացնող «Քինգ դելյուքս» և Երևան-Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող «Տրանս կոմֆորտ» ընկերությունների դիմումների հիման վրա կատարված ուսումնասիրությունները: Ըստ ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանի, կատարվել է լայնածավալ աշխատանք` փաստաթղթերի ուսումնասիրություն, և պարզվել է, որ խնդիրն ամբողջությամբ գտնվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կարգավորման դաշտում: ՏՄՊՊՀ-ից փոխանցեցին նաև, որ բոլոր իրավական փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն` փոստային տարբերակով, սակայն նախարարության Տրասպորտի վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօրվա դրությամբ դեռևս ոչ մի փաստաթուղթ չի ստացել և մեկնաբանություն տալ չի կարող: Հավանաբար, փաստաթուղթը դեռ ճանապարհին է և տեղ կհասնի մինչև շաբաթվա վերջ։
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Երևան-Աբովյան 259 համարի, Աբովյան ներքաղաքային 1, 2, 3 համարների և Չարենցավան-Երևան 275 համարի երթուղիները շահագործող «Քինգ դելյուքս» ընկերությունը, ինչպես նաև բոլոր նշված երթուղիների վարորդները բողոքել են, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն անվճար բարեգործական ավտոբուսներն է շահագործում վերոնշյալ ուղղություններով, ինչն էլ առաջացրել է նրանց դժգոհությունը: