Բաժիններ՝

Ինտերնետն՝ ընդդեմ թերթի

Արդեն մի քանի տարի է` արեւմտյան տեսաբանները կանխատեսում են տպագիր մամուլի վախճանը, անգամ վերջնաժամկետ են նշում` 2014թ.:

Մինչդեռ` Հայաստանում նախորդ տարի եւս տպագիր նոր պարբերական է հիմնադրվել, այն դեպքում, երբ ավանդական լրատվամիջոցների ընդհանուր միտումը` առցանց հարթակ գաղթելն է: «Նոր թերթեր բացելը շուկայի կամ ներկայիս պահանջմունքների սխալ հաշվարկն էր, որովհետեւ անգամ հին թերթերը փակվում են: Հայաստանի առաջին թերթերից մեկը` «Երկիրը», պարբերաբար բացվում-փակվում է, հիմա նորից փակվել է: Արագ բացված թերթերը նույնքան արագ փակվում են եւ գործում միայն ինտերնետային տարբերակով: Մեր մամուլի տարածման համակարգը ոչ արդյունավետ է. փաստորեն թերթերը մատակարարում են գերազանցապես Երեւանում, իսկ մարզեր շատ քիչ է հասնում: Այնպիսի տպավորություն է, որ մամուլի տարածման գործակալությունները գոնե հայկական մամուլով փող աշխատելու առանձնապես ցանկություն չունեն եւ որեւէ բան չեն անում վաճառքը խթանելու համար: Թերթերի բարձր գները, մարդկանց ոչ այնքան բարձր վճարունակությունն առանց այն էլ խնդիր էին ստեղծում թերթերի համար, բայց եկավ դրանց գումարվելու նաեւ այն, որ թերթերն ուղղակի չեն դիմանում ինտերնետի հետ մրցակցությանը,- մեզ հետ զրույցում ասաց առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանը` ավելացնելով,- «Առավոտը» բավականին երկար դիմադրեց առցանցի անցնելուն, որովհետեւ գիտեինք, որ դա անդրադառնալու է թերթի վաճառքի վրա, եւ այդպես էլ եղավ: Շատերն ասում էին` ի՞նչ իմաստ ունի թերթ գնելը, եթե վաղը ցանցում դրված է լինելու»: Ա. Իսրայելյանի դիտարկմամբ` «Առավոտի» ինտերնետային տարբերակը որոշ խնդիրներ է առաջացրել թերթի համար։ «Օրվա իրադարձությունների մի զգալի մասն այլեւս անդրադարձ չի գտնում թերթում: Երեւի թե այդպես էլ պետք է լիներ, բայց ասեմ, որ շատ ու շատ ավանդական ընթերցողներ, որոնց համար տեղեկատվության աղբյուր մնում է թերթը, այդ կապակցությամբ դժգոհություն են արտահայտել: Դեպքեր ենք ունեցել, երբ քաղաքական գործիչի ասուլիս ենք լուսաբանել, կայքում 4-5 նյութ է եղել, բայց թերթում դա անդրադարձ չի ունեցել: Լրագրողին տեսնելով` ասել են` մի տող չգրեցիք ասուլիսի մասին: Թերթի ու կայքի ընթերցողները տարբեր են: Այդ իմաստով, կարծում եմ, որ կայքն այդքան էլ մարտահրավեր չէ»,- ասում է Ա.Իսրայելյանը: Նա կարծում է, որ ժամանակակից լրագրողը պիտի կարողանա աշխատել ոչ միայն ձայնագրիչով, այլեւ լուսանկարչական ապարատով ու տեսախցիկով, քանի որ միայն տեքստային նյութերն արդեն չեն հրապուրում ընթերցողին:

Իսկ Մոսկվայի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի Մեդիա հաղորդակցության ֆակուլտետի դեկան Աննա Կաչկաեւան ասում է, որ հաղորդակցության միջոցների զարգացումն ավանդական լրատվամիջոցներին ստիպում է փոխվել, եւ այդ նոր միջավայրը պահանջում է նաեւ լրագրողի նոր տեսակ. «Կգա ժամանակ, երբ գլխավորը կլինի բովանդակությունը, որը կարող է փոխանցվել տարբեր հարթակների միջոցով, իսկ փոխանցման աղբյուրը նշանակություն չի ունենա: Պրոֆեսիոնալ լրագրողներն անհրաժեշտ չեն լինի իրենց ավանդական, ոչ ունիվերսալ ձեւով: Իսկ ահա հարթակների տարբեր լեզուներ ընկալելը, արագ, օպերատիվ ինֆորմացիա գտնելու կարողությունը, հաղորդակցության տարբեր միջոցների տիրապետելը, տեղեկատվության բազմազան աղբյուրների հետ աշխատելը, ինֆորմացիոն հսկայական հոսքերը զտելը նոր կարողություններ են, որ պահանջվում են խմբագիրներից ու լրագրողներից: Նրանք դառնում են ոչ այնքան ունիվերսալ լրագրող, որքան պրոդյուսեր տեղեկատվական հոսքերի եւ տարբեր արտադրանքների, որոնք արվում են տարբեր միջոցների համար` սկսած հոդվածից, վերջացրած մուլտիմեդիա պորտալով, կամ հատուկ մեդիաներով, որտեղ աշխատում են մեծ թվով քաղաքացիական լրագրողներ: Այս փոփոխված միջավայրը պահանջում է ավելի շատ հաղորդակցություն, ինտերակտիվ շփումներ հասարակ մարդկանց հետ, նրանց տեղեկատվությունն ու էներգիան օգտագործելու կարողություն: Սրանք եւս շատ կարեւոր հատկանիշներ են լրագրողների համար, ովքեր դառնում են գործընթացների օպերատորն ու խմբավարը»: Ա.Կաչկաեւայի կանխատեսմամբ` ներկա սերունդը թերթի վախճանի ականատեսը կլինի, իսկ Ա.Իսրայելյանը, մեջբերելով «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի խոսքը, ասում է, որ տպագիր մամուլ կլինի այնքան ժամանակ, որքան կենդանի են մարդիկ, ովքեր սովոր են թերթ կարդալուն: Զանգվածային հաղորդակցության ամերիկացի տեսաբան Դենիս Մաքքուելն այն կարծիքին է, որ նոր մեդիաները չեն փոխարինի եղածներին, այլ կլինեն իբրեւ հավելում. «Ինչպես ռադիոն չմահացավ հեռուստատեսության ի հայտ գալով, այնպես էլ թվային հարթակները չեն սպանի գոյություն ունեցող մեդիաները, այլ կզարգանան իրենց հունով»: Իսկ Մոսկվայի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի Մեդիա հաղորդակցության ֆակուլտետի դեկան Ա.Կաչկաեւայի համոզմամբ՝ թերթն ու գիրքը կմնան գեղագիտական հաճույք ստանալու համար միայն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս