Թուրքիան և Ադրբեջանը հիմա էլ Կուր գետի միությունով են շանտաժ անում
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարան և Բաքուն ստեղծում են առանց Հայաստանի մասնակցության հերթական միությունը: Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ Արդահանի նահանգապետ Մուսթաֆա Թեքմենը հայտարարել է, որ իրենք արդեն իսկ աշխատանքներ են սկսել այն երկրների միության ստեղծման ուղղությամբ, որոնցով հոսում է Կուր գետը: Խոսքը, բնականաբար, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի մասին է:
Թեքմենը հավել է, որ Անկարան ու Բաքուն աջակցում են այդ գաղափարին, հետևաբար մոտ ժամանակներս այն կդառնա իրողություն. «Մենք արդեն իսկ աջակցություն ենք ստացել բարձր մակարդակով: Ավելի վաղ այդ նախաձեռնությունը հավանության է արժանացել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից:
Մեր նպատակը տարածաշրջանում համագործակցության ու գործընկերության մթնոլորտի ձևավորումն է: Այնպիսի նախագծերի իրագործումը, ինչպիսին որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին է, ավելի կմիացնի մեր երկրները: Հայաստանը կարող է մտնել այդ միության մեջ միայն Ադրբեջանի տարածքները լքելուց հետո: Միությունը բաց կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար, ովքեր աջակցում են մեր գաղափարներին ու նպատակներին: Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանի կայունության ու բարգավաճման օգտին»:
Նահանգապետը հերքել է նաև մի շարք ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե Թուրքիան պլանավորել է փոխել Կուր գետի հունը. «Մենք չունենք նմանատիպ որևէ նախագիծ: Կուրը հոսում է մեր երկրներով, և գետին առնչվող յուրաքանչյուր որոշում մենք ընդունում ենք միասին»: