Բաժիններ՝

ՀՀ ԱԺ փոխնախագահ. Ընտրությունները Արցախի միջազգային ճանաչման ևս մեկ քայլ են

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ընտրությունները Արցախի բնակչության համար ոչ միայն ընտրություններ են, այլ նաև Արցախի հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ կատարվող ևս մեկ քայլ է,  ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով ՀՀ ԱԺ պատվիրակության հետ միասին դիտորդական առաքելությամբ գտնվում է Լեռնային Ղարաբաղում և հետևում է ընտրությունների ընթացքին:
«Ազգային ժողովի պատվիրակության դիտորդներով բաժանվել ենք երեք ուղղությունների և անցկացնում ենք այցեր ԼՂՀ ընտրական տեղամասեր: Մեր խումբը, օրինակ, գտնվում է Մարտակերտի շրջանում։ Մինչ այս պահը ոչ մի արտառոց դեպք տեղի չի ունեցել, տեխնիկական ոչ մի թերություն, ամեն ինչ ընթանում է ժողովրդավարական մակարդակով»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր ԼՂՀ-ում ընթանում է նախագահական ընտրություններ, և նախագահ դառնալու համար պայքարում են գործող նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ հերոս Վիտալի Բալասանյանը, և ՀՀ ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի գիտական գծով պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը:

Հարցին, թե կուտակումներ ընտրական տեղամասերում, կամ այլ դեպքերի ականատես եղել են, Է. Շարմազանովն ասաց. «Մենք հիմնականում գտնվել ենք գյուղական բնակավայրերում, որտեղ նման բաներ դեռ չենք հայտնաբերել»:

Մարտակերտի շրջանում դիտորդական առաքելությամբ Է. Շարմազանովի հետ միասին ԱԺ պատվիրակությունից հանդես են գալիս «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Խաչատուր Քոքոբելյանը, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, և ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը:

ԼՂՀ նախագահի ընտրություններին որպես դիտորդ մասնակցում են ՀՀ ԱԺ 9 պատգամավոր։ Նրանք են Արտակ Զաքարյանը (ՀՀԿ), Արտակ Դավթյանը (ՀՀԿ), Մհեր Շահգելդյանը (ՕԵԿ), Էդուարդ Շարմազանովը (ՀՀԿ), Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ), Խաչատուր Քոքոբելյանը («Ժառանգություն»), Հրանտ Բագրատյանը (ՀԱԿ), Կարինե Աճեմյանը (ՀՀԿ) և Ռուբեն Գևորգյանը (ԲՀԿ)։
Նշենք նաև, որ հինգ տարի առաջ այս օրը ԼՂՀ նախագահ ընտրվեց Բակո Սահակյանը՝ հավաքելով ընտրողների ավելի քան 80 տոկոս վստահության քվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս