
Սեւանի ավազանում կարգելվի փոքր ՀԷԿ-երի կառուցումը

Հայաստանի կառավարությունն, ընդհանուր առմամբ, դրական եզրակացություն է տվել Սեւանի ավազանում փոքր ՀԷԿ-երի կառուցումն արգելելու օրենսդրական նախաձեռնությանը:
Նախաձեռնության հեղինակները ԱԺ պատգամավորներ Վահագն Մախսուդյանն («Բարգավաճ Հայաստան») ու Խաչիկ Հարությունյանն են («Օրինաց երկիր»): Առաջարկի իմաստը հետեւյալն է` «Սեւանա լճի մասին» օրենքում պետք է լրացում արվի այն մասին, որ լճի անմիջական ազդեցության գոտում արգելվելու է փոքր ՀԷԿ-երի կառուցումը: Նշենք, որ Սեւանա լիճն, ըստ օրենքի, ունի ազդեցության երեք գոտի` անմիջական, կենտրոնական եւ ոչ անմիջական:
Կառավարությունն իր համաձայնությունն այս օրենսդրական նախաձեռնությանը տվել է մի պայմանով` եթե այս սահմանափակումը չի վերաբերելու արդեն իսկ լիցենզիա ստացած փոքր ՀԷԿ-երին:
Նշենք, որ ԱԺ պատգամավորներն իրենց առաջարկությունը հիմնավորել են նրանով, որ Սեւանի իշխանի պահպանված երկու ենթատեսակները` գեղարքունի, ամառային իշխան, ձվադրում են լիճ թափվող գետերում, եւ չափազանց կարեւոր է ձվադրման ժամանակահատվածում գետերում ապահովել ջրի որակական եւ քանակական որոշակի պայմաններ: