Ահաբեկչությունից Թաթարստանի մուֆտին վիրավոր է, տեղակալը՝ սպանված

Կազանում հուլիսի 19-ին, ժամը 11.00-ին պայթեցրել են Թաթարստանի մուֆթի Իլդուս Ֆայզովի մեքենան «Ինտերֆաքսին»  հայտնել են հանրապետության ՆԳՆ-ի աղբյուրները: Ֆայզովը վնասվածքներ է ստացել: Դրանից մեկ ժամ առաջ սեփական տան մոտ սպանվել էր Թաթարստանի մուֆթիի տեղակալ Վալիուլլահ Յաղուբովը:

Թաթարստանի Մահմեդականների հոգեւոր վարչության ղեկավար Ռիշադ Խամիդուլինը հաստատել է, որ մուֆթին վիրավոր է, իսկ Տարածաշրջանի մահմեդականների հոգեւոր վարչության ուսումնական բաժանմունքի պետ Վալիուլլահ Յաղուբովը սպանված է:

Յաղուբովի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ`«սպանություն» հոդվածով: Կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինն ասել է, որ հարձակումները կարող են պայմանավորված լինել մուֆթիի եւ նրա տեղակալի մասնագիտական գործունեությամբ:

Թաթարստանի կառավարական եւ կրոնական կարեւորագույն օբյեկտները ոստիկանության խստացված հսկողության տակ են, հայտնում են հանրապետության ՆԳՆ-ի մամուլի ծառայությունից: Կազանում գործողության մեջ է դրվել «Վուլկան-4» գործողությունը` զինված վտանգավոր հանցագործներին գտնելու համար: Քաղաքի բոլոր ելքերը հսկվում են:

Ոստիկանները հարցաքննում են մոտակա տների բնակիչներին, ականատեսների են փնտրում: Քննությանը մասնակցում են հանրապետության ՆԳՆ, ԱԴԾ եւ ՌՔԿ ծառայությունները:

Թաթարստանի մուֆթի Իլդուս Ֆայզովը տեղափոխվել է քաղաքային 15-րդ հիվանդանոց, բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում:

Իլդուս Ֆայզովը Թաթարստանի մուֆթի է դարձել 2011թ.: Նա փոխարինել է Գուսման Իսխակովին, որն այդ պաշտոնում աշխատել էր 13 տարի: Պաշտոնական վարկածով` Իսխակովը հրաժարական էր տվել առողջական խնդիրների պատճառով, հաղորդում է «Վեդոմոստին»:

Տեսանյութեր

Լրահոս