Ամերիկյան ամսագիրն անդրադարձել է հայ-վրացական հակաահաբեկչական վարժանքներին

Government Security News Magazine-ը անդրադարձել է հուլիսի 9-13-ը անցկացված զանգվածային ոչնչացման զենքի հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ անցկացվող հայ-վրացական դաշտային վարժանքներին` ԱՄՆ պաշտպանության և էներգետիկայի գերատեսչությունների և Եվրահանձնաժողովի մասնակցությամբ:
ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչության տվյալներով` վարժանքներում օգտագործվել են իրական սցենարներ` ցուցադրելու և ամրապնդելու համար զանգվածային ոչնչացման զենքի և դրա բաղադրիչների սահմանային ապօրինի հատման դեպքերում ներքին, երկկողմ և միջազգային մակարդակներում արձագանքման ընթացակարգերը:
«Դաշտային վարժանքները միջուկային ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Հայաստանի, Վրաստանի համատեղ ջանքերի հիմնասյունն են»,-ասել է վարչության՝ Միջուկային տարածման կանխարգելման հարցերով ղեկավարի տեղակալ Էն Հերինգթոնը:
«Հայաստանում և Վրաստանում ռադիացիայի հայտնաբերման ջանքերը ցույց են տալիս միջազգային հանրությունում մեր գործընկերների հետ աշխատելու անհրաժեշտությունը՝ նվազեցնելով միջուկային ահաբեկչության ռիսկը»,- ասել է նա:
Վարժանքները կամրապնդեն Հայաստանի և Վրաստանի կառավարությունների համագործակցությունը, սահմանային հաղորդակցությունն ու համակարգված արձագանքման գործողությունները` սահմանային հատվածում միջուկային կամ այլ ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման դեպքում:
Վարչության փոխանցմամբ` վարժանքները ներկայացնում են ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Հայաստանի և Վրաստանի համատեղ ջանքերը` պայքարելու միջուկային ահաբեկչության դեմ:
Վարժանքներն անցկացվել են 2012-ի մարտին` Սեուլում անցկացված Միջուկային անվտանգության գագաթնաժողովից հետո, որին մասնակցել են Վրաստանի և Հայաստանի ներկայացուցիչները` հաստատելով միջազգային միջուկային անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համագործակցությունը Հայաստանի ու Վրաստանի հետ արտացոլում է ընդհանուր պարտավորութունները` կանխելու միջուկային զենքի հայտնվելը ահաբեկիչների և մաքսանենգների ձեռքում:

Տեսանյութեր

Լրահոս