Սիրիայում ծանր մարտեր են նախագահական նստավայրի մոտ

ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնական շրջանակները քննարկում են Սիրիայում սպառազինությունների պահեստներին կետային հարվածներ հասցնելու հնարավորությունը: Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է «Նյու Յորք Թայմս»-ը:

«Օբամայի վարչակազմի ներկայացուցչի համաձայն, Սիրիայի վերաբերյալ քաղաքականության շուրջ քննարկումների ժամանակ Պենտագոնում քննարկվել է հարցը, թե արդյոք Իսրայելը կարող է հարվածել սիրիական պահեստներին»,- գրում է պարբերականը: Միևնույն ժամանակ շեշտվում է, որ Վաշինգտոնը դեմ է այս սցենարին, քանզի դա կարող է հանգեցնել Ասադի դիրքերի ամրապնդմանը: Բացի այդ, ամերիկյան ղեկավարությունը անհանգստացած է սիրիական իշխանությունների սպառազինությունների քանակից, ինչպես նաև այն հանգամանքից, որ հնարավոր քաոսային իրավիճակում զանգվածային ոչնչացման զենքը կարող է հայտնվել ահաբեկիչների ձեռքում:

Սիրիացի ընդդիմադիրները գտնվում են Սիրիայի նախագահական նստավայրի առջև, որտեղ մարտեր են ընթանում նախագահին հավատարիմ ստորաբաժանումների հետ, հայտնում է «Կոլ Իսրայել» ռադիոկայանը:

Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, զինված բախումները շարունակվում են նաև կառավարական թաղամասերում, որտեղ երեկ ահաբեկչություն էր տեղի ունեցել:

Կարդացեք նաև

Սիրիացի ընդդիմադիրները պնդում են, որ Բաշար ալ Ասադը հեռացել է մայրաքաղաք Դամասկոսից և գտնվում է նավահանգստային Լաթաքիա քաղաքում և պատրաստվում է ղեկավարել երեք բարձրաստիճան պաշտոնյաների սպանության պատասխան գործողությունները:

Երեկ երեկոյան լուրեր էին տարածվել նաև այն մասին, որ Ասադի կինը` Ասմա ալ Ասադն ու երեխաները ինքնաթիռով տեղափոխվել են Մոսկվա:

Ինչպես տեղեկացնում է «Ալ Արաբիա»-ն, սիրիացի ընդդիմադիրներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ասադը երեկվա հարձակումից հետո չի երևացել հանրությանը: Սակայն դեռևս հայտնի չէ` Ասադը Միջերկրական ծովի ափ մեկնել է Դամասկոսում իրականացված գործողությունից առաջ, թե հետո:

Դամասկոսի կառավարական շենքերի մոտ երեկ ողջ գիշեր բախումները շարունակվել են: Ընդդիմությունը պնդում է, որ քաղաքի 50 տոկոսն իրենց վերահսկողության տակ է:

Սիրիայում մարդու իրավունքների կազմակերպության տվյալներով` երեկ զոհվել է 124 քաղաքացիական անձ, 62 կառավարական զինվոր և 28 ընդդիմադիր զինյալ:

Սիրիայում բախումների սրմանը զուգահեռ աճում է դեպի հարևան պետություններ փախստականների հոսքը:
Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը, հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա սիրիացի փախստականներին մուտք գործել Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներ:

Տեսանյութեր

Լրահոս