
Զոհված զինվորների մայրերը ներխուժել են Կառավարության շենք

Բանակում, խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը, ովքեր գրեթե ամեն հինգշաբթի ցույց են կազմակերպում կառավարության շենքի դիմաց, այսօր` հուլիսի 19-ին, ցույցի ժամանակ ներխուժել են կառավարության շենք, որտեղ ընթանում է կառավարության նիստը: Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Կանայք պահանջում են հետաքննել իրենց որդիների սպանության հանգամանքները եւ արհամարհում են շենքից դուրս գալու ոստիկանների հորդորները, հայտարարելով, որ կհեռանան միայն վարչապետի հետ հանդիպումից հետո:
Զոհված զինվոր Տիգրան Օհանջանյանի մոր խոսքով, իրավապահ մարմիններից 5 տարի է պահանջվել, որպեսզի ապացուցեն, որ իր որդին չի մահացել էլեկտրահարությունից, իսկ հիմա երեւի եւս 5 տարի կպահանջվի, որպեսզի պարզեն, թե ով է մարդասպանը:
Միաժամանակ՝ Կառավարության շենքի դիմաց «Հայազն» միությունը երթ-ակցիա է իրականացնում «Սիրիահայեր, մենք ձեզ հետ ենք» կարգախոսով: Շուրջ երկու տասնյակ մարդ կառավարության շենքից ուղեւորվել են Սփյուռքի նախարարություն եւ ԱԳՆ, որտեղ նամակներ են հանձնել նախարարներին: Դրանից հետո ակցիայի մասնակիցները վերադարձել են կառավարության մոտ: