Միանգամից երկու հոգի մահացու վրաերթի են ենթարկվել

Երեկ՝ հուլիսի 8-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Վանաձորում: Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը ժամը 22:30-ի սահմաններում վրաերթի է ենթարկել 2 կնոջ եւ թողնելով անօգնական վիճակում, դիմել փախուստի: Դեպքի վայրում հայտնաբերվել է «Օպել» մակնիշի մեքենայի նշան եւ 19 ՏՍ 323 համարանիշ:
Վրաերթի ենթարկվածներն են Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի բնակչուհի, 58-ամյա Անահիտ Միտիչյանը եւ Սպիտակ քաղաքի բնակչուհի, 23-ամյա Աննա Բոյախչյանը: Նրանք երկուսն էլ տեղում մահացել են:
Մինչ ճանապարհային ոստիկաններն ու Լոռիի մարզային քննչական բաժնի քննիչները կատարում էին տեղանքի զննություն, տեղեկություններ ստացվեցին, որ մեքենան կայանված է դեպքի վայրից քիչ հեռու`Ժդանով փողոցի 20 հասցեում: Նշված վայրում արդեն հայտնաբերվել է մեքենան՝ դիմային մասը ամբողջությամբ ջախջախված վիճակում:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի առաջին դասակի աշխատակիցները` հրամանատար Կարեն Բոյաջյանի եւ Մարտուն Բալայանի գլխավորությամբ: Դեպքի վայրում են նաեւ ոստիկանության Լոռիի մարզային վարչության աշխատակիցները եւ Լոռիի մարզային քննչական բաժնի քննիչները: Այնուհետ հայտնի է դարձել, որ մեքենայի ղեկին եղել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 44-ամյա Հովհաննես Գինոսյանը: Գործը գտնվում է Լոռիի մարզային քննչական բաժնում: Ականատեսները պատմել են, որ վրաերթի պահին պողոտայում անջատված է եղել ճանապարհային լուսավորությունը, մինչ դեռ հարակից բնակարաններում լույս է եղել, ինչն էլ ըստ ականատեսների, հնարավոր է վրաերթի պատճառ լինի:

Տեսանյութեր

Լրահոս