Մհեր Սեդրակյանի քրոջ որդուն կալանավորեցին

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, այսօր` հուլիսի 7-ին, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհեր») քրոջ որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258 եւ 235 հոդվածի հատկանիշներով (խուլիգանություն եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերել, պահել, իրացնել, փոխադրել, կրել):
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ի երեկոյան ձերբակալվել է Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանի քրոջ որդին` Արման Բադալյանը: Նրան բերման են ենթարկել Կայարանի սրճարաններից մեկից, որի մերձակայքում էլ ապրում է:
Մամուլում Մհեր Սեդրակյանի քրոջ որդու անունը հաճախ շրջանառվում է հնչեղություն ստացած մի քանի հանցագործությունների հետ կապված: Մասնավորապես, ըստ շրջանառվող տեղեկությունների, նա ակտիվ մասնակցություն է ունեցել 2008 թվականի մարտի 4-ին Կայարանի հրապարակում տեղի ունեցած ծեծկռտուքին, որը շարունակվել էր հացի փռի մոտ եւ հնչած կրակոցներից սպանվել էր Արսեն Գալստյանը:
Ըստ մամուլի տեղեկությունների, հունիսի 22-ին նույն համայնքում երկաթուղայինների 9-րդ փողոցում, գտնվող Հացի արտադրամասի մոտ, Սուրեն Զորոյանի սպանության գործում, ով հանցագործ աշխարհի ներկայացուցիչ է եւ հայտնի է «բիճ» մականունով, եւս շրջանառվում է Արման Բադալյանի անունը:

Տեսանյութեր

Լրահոս