Պետրոս Մակեյան. Եթե ՀԱԿ-ը դանդաղի, կարող է ուշ լինել

Եթե «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքն արագ կողմնորոշվի և իրավիճակը ճիշտ գնահատի, ապա կկարողանա կանգնեցնել ՀԱԿ-ից քաղաքական ուժերի ու անհատների անջատման այս գործընթացը, ասում է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։
«Շահնազարյան Դավիթի դուրս գալը լուրջ հարված էր, քանի որ նա իր փորձով, հնարավորություններով լուրջ, կարող ուժ էր, բայց չի կարելի ասել, որ դա վերջին հարվածն է ՀԱԿ-ին»,- ասաց Պետրոս Մակեյանը և հավելեց՝ «բայց եթե դանդաղի, ինչպես հիմա է դանդաղում, կարող է ուշ լինել»:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո ՀԱԿ-ից՝ վարվող ներքին և արտաքին քաղաքական կուրսով պայմանավորված անհամաձայնությունների պատճառով հեռացան դաշինքի ամենաառանցքային քաղաքական ուժերից «Հանրապետությունը» և Լևոն Տեր-Պետրոսյանի ամենամտերիմ «զինակիցներից» Դավիթ Շահնազարյանը, չհաշված Հովհաննես Հովհաննիսյանի «Հայաստանի լիբերալ կուսակցությունը»:
Պետրոս Մակեյանի գնահատմամբ՝ սա այն դեպքն է, երբ Կոնգրեսից անջատողական տրամադրությունների հետևում չպետք է փնտրել իշխանությունների մատը, քանի որ ասաց այս պահին իշխանությունները, ի տարբերություն նախկինի, այնքան էլ շահագրգռված չեն Կոնգրեսի թուլացմամբ. «Որովհետև մայիսի 6-ի այդ ընտրական աճուրդից հետո իրենք կարծես հասկացան, որ Կոնգրեսը էս խաղի կանոններով իրենց համար պրոբլեմներ չի սարքում»:

Տեսանյութեր

Լրահոս