Իրանը նոր դեսպան չի նշանակի Ադրբեջանում

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է նվազագույն մակարդակի իջեցնել Ադրբեջանի հետ իր դիվանագիտական հարաբերությունները և սառեցնել այդ երկրի հետ ռազմական ու տնտեսական նախագծերը: Այս մասին հայտնում են իրանական դիվանագիտական աղբյուրները:
Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամեդբագիր Բահրամին ներկայումս ավարտել է իր գործունեությունը և այդ կապակցությամբ նրան արդեն իսկ ընդունել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը: Սակայն Բահրամիի լիազորությունների սպառվելուց հետո Իրանը մտադիր չէ նրա փոխարեն նոր դեսպան նշանակել Ադրբեջանում:
Դրա հետ մեկտեղ, աղբյուրները հաղորդում են, որ Իրանը հազիվ թե ամբողջովին խզի Ադրբեջանի հետ իր դիվանագիտական հարաբերությունները, սակայն պետք է սպասել դիվանագիտական հարաբերությունների մակարդակի անկում: Նրանք հայտնում են, որ ամենայն հավանականությամբ որոշ ժամանակ Թեհրանը դեսպան չի ուղարկի Բաքու, իսկ դրա գործառույթները կկատարի ժամանակավոր հավատարմատարը:
Հիշեցնենք, որ ներկայումս Իրանը մտադիր է մահապատժի ենթարկել Ադրբեջանի երկու քաղաքացիների, որոնք մեղադրվում են խոշոր չափի թմրանյութերի ապօրինի շրջանառության և Իսրայելի օգտին կատարած լրտեսության մեջ: Ադրբեջանական կողմն այդ կապակցությամբ արդեն իսկ 5 նոտա է հղել Իրանին:

Տեսանյութեր

Լրահոս