Զինծառայողները պետք է գիտենան երթևեկության իրենց իրավունքները

Քաղաքային ուղևորատար տրանսպորտի խնդիրների շուրջ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ մեր կայքի թղթակցի անցկացրած հարցազրույցի հաջորդ առավոտյան մի միջադեպ տեղի ունեցավ: Քաղաքային տրանսպորտով երթևեկող զինծառայողը մասնավորապես՝ 86 համարի ավտոբուսից իջնելիս ցույց տվեց իր վկայականը և փորձեց իջնել անվճար, սակայն վարորդը պատասխանեց. «Չես էլ ամաչում, ջահել տղա ես, չես ուզում ուղեվարձ տաս»: Զինվորականը ամոթից կարմրեց և վճարեց 100 դրամը: Անցկացնելով փոքրիկ հետաքննություն, պարզեցինք, որ համաձայն ≪Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին≫ ՀՀ Օրենքի 36-րդ հոդվածի.
«Զինծառայողները ՀՀ տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով՝ անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունքից:
Զինծառայողները, արձակուրդի անցկացման վայր մեկնելիս, ՀՀ տարածքում մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից՝ անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), օգտվում են անվճար, իսկ ընտանիքի՝ նրանց ուղեկցող անդամները՝ 50 տոկոս զեղչով:
Զինծառայողներին ծառայողական պարտականությունների կատարման նպատակով այլ բնակավայրեր գործուղելու ծախսերը փոխհատուցվում են ՀՀ կառավարության սահմանած կարգով և պայմաններով:
Օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներն օգտվում են ՀՀ տարածքում քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով՝ անկախ սեփականության ձեւից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունքից»:
Առավոտյան զանգահարեցինք տրանսպորտի վարչություն և տեղեկատվությունը հաստատվեց, ընդ որում` զինծառայողների անվճար երթևեկության մեջ մտնում է նաև մետրոպոլիտենը:
Պարզապես խնդիրն այն է, որ զինծառայողներն ու իրենց ընտանիքի անդամները պետք է իմանան իրենց իրավունքները, և եթե դրանք խախտվում են, օրինակ, տրանսպորտի պարագայում, ինչպես հավաստիացրեց վարչության աշխատակից պրն Մելքումյանը, իսկույն զանգահարեն քաղաքապետարանի թեժ գիծ 514152 հեռախոսահամարով և իրենց խնդրին կտրվի օպերատիվ լուծում: Իսկ որ ավելի լավ է` բացատրեն և հասկացնեն վարորդներին իրենց իրավունքները:

Տեսանյութեր

Լրահոս