Կիպրոսը ստանձնեց ԵՄ նախագահությունը
«Հանուն ավելի լավ Եվրոպայի» կարգախոսով՝ Կիպրոսը կիրակի օրը ստանձնել է ԵՄ Խորհրդի նախագահությունը, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Սա պատմական իրադարձություն է այս երկրի համար, որ կառույցի անդամ է դարձել 2004-ին և եվրոգոտի մտել 2008-ին: Առաջին անգամ է, որ Եվրամիությունը ղեկավարելու է այդքան փոքր պետություն՝ 800 հազարից քիչ ավելի բնակչությամբ և 17,2 մլրդ ՀՆԱ-ով:
Կիպրոսը Էստաֆետն ընդունել է Դանիայից:
Փորձագետների գնահատմամբ՝ սա իսկական փորձություն է լինելու Կիպրոսի քաղաքական հասունության առումով: Կիպրոսը նախագահելու է Բրյուսելում. տարբեր մակարդակների հանդիպումների և աշխատանքային խմբերի նիստերի՝ ընդհանուր մոտ 1500 նախաձեռնությունների 90 տոկոսն անց է կացվելու Բրյուսելում:
Կիպրոսի համար նախագահությունը խնդրահարույց է լինելու նաև այն առումով, որ ԵՄ-ն խոր տնտեսական ճգնաժամ է ապրում: Մյուս գլխավոր խնդիրը Կիպրոսի հիմնահարցի անորոշությունն է. երկրի 37 տոկոսը օկուպացված է Թուրքիայի կողմից, և ԵՄ արձանագրությամբ Եվրամիության իրավական համակարգի ազդեցությունը չի տարածվում այն շրջանների վրա, որոնք չեն գտնվում Կիպրոսի Հանրապետության վերահսկողության ներքո:
Անկարան չի ճանաչում Կիպրոսի Հանրապետությունը և խիստ քննադատաբար է հանդես եկել այդ երկրի՝ ԵՄ նախագահությունը ստանձնելու առիթով: Թուրքիան հայտարարել է, որ բոյկոտելու է Նիկոսիայի բոլոր նախաձեռնությունները: