«Միասնական ՀՕՊ-ը չի օգնի Լեռնային Ղարաբաղին». Gazeta-ի անդրադարձը

Հայաստանը վավերացրել Ռուսաստանի հետ միասնական ՀՕՊ համակարգ (Հակաօդային պաշտպանության միավորված համակարգ) ստեղծելու մասին պայմանագիրը: Այն պետք է երաշխավորի, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի նոր սրացման դեպքում հակամարտությունը կընթանա առանց կողմերից յուրաքանչյուրի ռազմական ավիացիայի կիրառության: Միավորված ՀՕՊ-ը, սակայն, մեկ կարևոր թերություն ունի՝ ոչ ոք չգիտի, թե ով է այն ղեկավարելու, գրում է gazeta-ն:

Նշվում է, որ Հայաստանի խորհրդարանը հունիսի 30-ի արտահերթ նիստում վավերացրել է հայ-ռուսական միացյալ ՀՕԿ համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, որի օգտին քվեարկել է 102 պատգամավոր, դեմ՝ 8-ը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե տվյալ համաձայնագրի շրջանակում Հայաստանը կկարողանա օգտագործել ռուսական բազմաֆունկցիոնալ, չորրորդ սերնդի կործանիչներ, С-300 համակարգեր, հակահրթիռային հնարավորությունները:

Կովկասյան տարածաշրջանում միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն 2015 թվականի դեկտեմբերին:

Փաստաթուղթը նախատեսված է հինգ տարի ժամկետով՝ նույնքան ժամկետով հետագայում երկարաձգելու հնարավորությամբ: Եթե կողմերից մեկը որոշի կասեցնել պայմանագիրը, ապա անհրաժեշտ է հակառակ կողմին նախազգուշացնել այդ մասին նվազագույնը պայմանագրի ժամկետի ավարտից վեց ամիս առաջ:

Gazeta-ն գրում է, որ վերջին մի քանի տարիներին տեղի են ունեցել երկու երկրների ինտենսիվ մերձեցումներ պաշտպանության ոլորտում:

2015թ. հունիսին համաձայնագիր ստորագրվեց, որի համաձայն՝ Ռուսաստանը Հայաստանին է տրամադրել 200 միլիոն դոլարի վարկ՝ ռուսական սպառազինությունների ձեռքբերման համար:

Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2016թ. փետրվարի 10-ին:

Ղարաբաղյան երկինք

Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն ընդգծել է, որ տվյալ համաձայնագիրը թույլ կտա կատարելագործել Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համակարգը: Նրա խոսքով՝ միավորված ՀՕՊ-ի գործողությունները կհամակարգի Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի հրամանատարությունը, իսկ ընդհանուր կառավարումը կիրականացվի ռուսական Հարավային ռազմական շրջանի ղեկավարության կողմից:

Այն փաստը, որ Ռուսաստանն ու Հայաստանը չունեն անգամ միասնական սահման, պաշտոնյային, ակնհայտորեն, չի հուզում: Պատասխանելով խորհրդարանականների հարցերին՝ Նազարյանն ընդգծել է, որ համաձայնագրով հայկական ՀՕՊ-ի գործողությունների և զարգացման   սահմանափակում չկա: Պայմանագիրն ուժեղացնում է Հայաստանի դիրքերը Լեռնային Ղարաբաղում:

ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Եվսեևի խոսքով՝ ՀՕՊ-ի վերաբերյալ ռուս-հայկական համաձայնագրի վավերացումն ամրապնդում է կոնֆլիկտային տարածաշրջանում ուժերի ներկայիս հավասարակշռությունը:

«Հայաստանը նախկինում էլ էր թաքնվում ռուսական ՀՕՊ համակարգով: Դրա բաղադրիչները գտնվում են երկրի տարածքում, ինչպես նաև՝   Գյումրիում ՌԴ ռազմաբազան: Եթե ռազմական ինքնաթիռները ներխուժեն հայկական օդային տիրույթ, մենք կարող ենք դրանք խոցել: Դա որոշակի չափով երաշխիք էր տալիս, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության էսկալացիայի դեպքում ոչ մի կողմ չի օգտագործի ռազմական ավիացիա»,- ասել է փորձագետը Gazeta-ի հետ զրույցում:

Նրա խոսքով՝ անցած ապրիլին, երբ ադրբեջանական զորքերը ԼՂ-ի մի փոքր հատված գրավեցին, ռազմական ավիացիան իսկապես նվազագույնս էր կիրառվում: Հակամարտության ընթացքում խոցվեց 1 ադրբեջանական ուղղաթիռ, ինչն ադրբեջանական մամուլում ներկայացվեց՝ որպես շատ մեծ նորություն:

Վերջինս կարծում է, որ ադրբեջանական ռազմաօդային ուժերը չէին ցանկանում սադրանքի դիմել ռուսական ՀՊՕ-ը գործի դնելով, քանի որ Ադրբեջանը տեսականորեն կարող է ճնշել Հայաստանին ռազմական ավիացիայով:

Պարբերականն այնուհետ նշում է, որ Ռուսաստանն ապրիլյան էսկալացիայից հետո քիչ ջանքեր չգործադրեց, որ նորից բանակցային սեղանի շուրջ նստեցնի Բաքվին և Երևանին:

Վլադիմիր Եվսեևը կասկածում է, որ տարածաշրջանում անվտանգության ներկայիս համակարգը նպաստում է ղարաբաղյան հակամարտության արդյունավետ լուծմանը:

«Ինքնին ռազմական ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը դրական գործոն է: Սակայն ՀՕՊ միավորված համակարգի մասին պայմանագիրն ինքնին ոչինչ չի տա: Այն առաջընթաց չէ»,- կարծում է նա:

Փորձագետի կարծիքով՝ պայմանագրի թույլ կողմը դրա մշուշոտ պատկերացումն է, թե ով է հրամաններ արձակելու արտակարգ իրավիճակների դեպքում:

«Պատկերացրեք՝ Հայաստանի օդային տարածք ներխուժում են օտար ռազմական ուղղաթիռներ և այնտեղ գտնվում են մի քանի րոպե, ինչից հետո հեռանում են։ Այդ ընթացքում Մոսկվան և Երևանը պարզապես ի վիճակի չեն համաձայնեցնել ռազմական պատասխանը: Երբ հրթիռը թռչում է, այն արդեն չես կարող վերադարձնել, և լրացուցիչ ռազմական սադրանքների պատասխանատվությունը ստանձնելը Ռուսաստանի և Հայաստանի շահերից չի բխում»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս