«Այս պայմանագրով կստացվի, որ Թուրքիան հատել է Ռուսաստանի օդային սահմանը». Փորձագետները՝ ՀՕՊ պայմանագրի հետևանքների մասին

Հունիսի 3-ին ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց լիագումար նիստերի օրակարգում «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրն ընդգրկելու մասին հարցին: Սա բազմաթիվ քննարկումների առարկա դարձավ հասարակական-քաղաքական շրջանակներում: Հատկապես նշվում է, որ այս համաձայնագրով Հայաստանը կորցնում է իր օդային անկախությունը, քանի որ նոր համաձայնագրով նախատեսվում է, որ պատերազմական, ինչպես նաև՝ «ռազմաքաղաքական» վտանգի ժամանակ Հայաստանի տարածքում տեղակայված Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության զորքերը պետք է գործեն միասին և չեն կարող ինքնուրույն գործողություններ կատարել: Ավելին, որպեսզի հանկարծ կողմերից «մեկը» չկատարի հակաօդային զենքերի «չարտոնված» օգտագործում, պայմանագրի հավելվածով նախատեսվում է նման դեպքերը կանխող «գործողությունների» կազմակերպում:

Armen Martirosyan168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ընդհանրապես հայ-ռուսական ներկայիս հարաբերություններն իր համար անընդունելի են, քանի որ, ըստ նրա՝ դրանք դաշնակցային չեն. «Միանշանակ դեմ եմ անընդհատ Հայաստանի կողմից ինչ-որ ոլորտ, ինչ-որ շրջանակ ռուսական կողմին զիջելուն: Այս պայմանագրով նախատեսվում է, որ ռուսական կողմն է ստանձնելու հրամանատարությունը, ես կարծում եմ՝ սա սխալ մոտեցում է: Ցանկացած պարագայում ինձ համար ընդունելի կլինեին միայն երկկողմանի հորիզոնական հարաբերությունները, ոչ թե՝ անընդհատ խորացող ուղղահայաց: Ակնհայտ է, որ ներկա իշխանություններն այլ քայլ չեն կարող իրականացնել, քանի որ իրենք ամբողջովին կախված են ռուսական բարեհաճությունից, և պատահական չէ, որ նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը մի քանի անգամ շնորհակալություն էր հայտնում Պուտինին աջակցության համար: Ուստի մեր ազատությունը տարատեսակ եղանակներով, ազգային շահերի հաշվին տրվում է ռուսական կողմին»:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համաձայնագրին դեմ արտահայտվողների մասին ասել էր. «Ովքեր ասում են, որ դեմ են, ավելի լավ առաջարկ ունե՞ն: Կարծում եմ՝ մենք հիմա չունենք ուրիշ այլընտրանք, քան այն, ինչ ձեռքի տակ կա»:

Արմեն Մարտիրոսյանը համաձայն չէ, թե այլընտրանք չունենք. «Մենք բազմաթիվ այլընտրանքներ ունենք՝ սկսած նրանից, որ Ռուսաստանի հետ արժանապատիվ հարաբերություններ հորիզոնական հաստատենք, վերջացրած նրանով, որ բազմաթիվ ուժային կենտրոններ կան աշխարհում, որոնց պարագայում, եթե դու իսկապես ունենում ես արժանապատիվ կեցվածք, սուբյեկտ ես, ոչ թե՝ օբյեկտ հարաբերություններում, այդ դեպքում միշտ էլ այլընտրանքներ կան: Չէ՞ որ մենք տարբեր ձևաչափերով, օրինակ՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցում ենք, խաղաղարար միջոցառումների ենք մասնակցում: Այն պահից, որ Հայաստանն այլընտրանք չի ունենա, Հայաստանի վերջը կլինի: Բարեբախտաբար, այլընտրանքներ միշտ էլ կան: Ինչ վերաբերում է ՀՕՊ-ին, ապա, բնականաբար, պայմանագիրն այնպես կարող էին կազմել, որ ոչ թե ուղղահայաց ենթակայություն լիներ, այլ՝ հորիզոնական, երկկողմանի որոշումների ընդունում լիներ»:

Axasi EnoqyanՔաղաքագետ, Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանն էլ այն կարծիքին է, որ այլընտրանքն այս պայմանագրի չլինելն է. «Այլընտրանք է, որ Հայաստանն իր ուժերով սեփական համակարգ ստեղծի: Այս պայմանագիրը մեզ համար սպառնալիք է, անվտանգություն չէ: Ինչ ունենք, դրանով կարող ենք բավարարվել»:

Իսկ բուն պայմանագիրը քաղաքագետի մոտ բազմաթիվ բաց հարցեր է թողել. «Հարցերից առաջինն այն է, որ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի օդային համակարգերը պետք է լինեն միասնական, իսկ այս պայմանագրով նման բան չի նախատեսվում ու չի էլ կարող նախատեսվել: Այսինքն՝ կամ մեր համակարգն ենք կիսատ սարքում, կամ Ղարաբաղն ենք թողնում լրիվ տկլոր: Երկրորդն այն է, որ Ռուսաստանն այս ընթացքում ցույց է տվել՝ ինքն արդեն մեր անվտանգության երաշխիքից դառնում է անվտանգության սպառնալիք, ու այդ անվտանգության սպառնալիքին վստահել մեր երկինքը, խելոք բան չէ: Նմանատիպ բազմաթիվ տեխնիկական հարցադրումներ կան, որոնց պատասխանը մենք չունենք: Այս պայմանագիրը մշակվել էր հունվարին, իսկ այն ժամանակ մենք քառօրյա պատերազմ չէինք տեսել: Այդ պատերազմը ցույց տվեց, որ մենք ունենք հակաօդային պաշտպանության բազմաթիվ նոր սպառնալիքներ: Դրանք ոչ այնքան ինքնաթիռներն են, այլ ավելի շատ հրթիռներն են, անօդաչու սարքերն են, և պարզ չէ՝ այս պայմանագիրը նման պաշտպանություն նախատեսո՞ւմ է, թե՞ ոչ»:

Ա. Ենոքյանը հիշեցրեց նաև Ռուսաստանի պահվածքն ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին. «Ռուսաստանը զինեց Ադրբեջանին, մեզ խոստացավ զինել, բայց չզինեց, ու ամբողջովին մերկ դուրս եկանք Ադրբեջանի դեմ և այսքան կորուստներ տվեցինք: Ռուսաստանն ամբողջովին մեր դեմ գործեց: Իսկ ո՞վ է ասում, կամ ինչի՞ համար Ռուսաստանը պետք է մեր օգտին գործի ՀՕՊ բնագավառում: Այս ամենն ունենալով հանդերձ՝ մենք մեզ դնում ենք խնդիրների մեջ: Մենք հիշում ենք այն ինքնաթիռները, որ հատել էին մեր օդային սահմանը, այս պայմանագրով կստացվի, որ նրանք հատել են Ռուսաստանի օդային սահմանը: Այսինքն՝ այս պայմանագիրը բերում է ոչ այնքան՝ պաշտպանություն, ինչքան՝ սպառնալիքներ»:

Տեսանյութեր

Լրահոս