«Մենք հիմա չունենք ուրիշ այլընտրանք». Արմեն Ռուստամյան

«Մենք կողմ ենք դրան՝ այն պարզ տրամաբանությամբ, որ, եթե չունես ավելի լավ համակարգ, պետք է ուժեղացնես այն, ինչ ունես»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց լիագումար նիստերի օրակարգում «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրն ընդգրկելու մասին հարցին:

Համաձայնագրին դեմ արտահայտվողների մասին Ա. Ռուստամյանն ասաց՝ ովքեր ասում են, որ դեմ են, ավելի լավ առաջարկ ունե՞ն. «Կարծում եմ՝ մենք հիմա չունենք ուրիշ այլընտրանք, քան այն, ինչ ձեռքի տակ կա: Մենք նախ՝ պետք է հասկանանք, որ համաձայնագիրը ենթադրում է ընդհանուր տարածաշրջանային խնդրի լուծում, իսկ մենք միայն մեկ սահմանով խնդիր չունենք, ունենք Ադրբեջանի հետ շատ ակտիվ պատերազմական իրավիճակ, բայց կա նաև Թուրքիան, որը մեր քթի տակ դասավորվում է ու սպառնալիք է մեզ ներկայացնում: Մենք ի՞նչ անենք, այդ եղածն էլ զրոյացնե՞նք, ու պատերազական իրավիճակում ավելի լավ լուծո՞ւմ ենք ունենալու: Այս հայտարությունները պետք է տրամաբանված լինեն»:

Ա. Ռուստամյանը կարծում է՝ Ղարաբաղը պետք է այդ պրոցեսից դուրս չմնա: Ըստ նրա՝ սա գլխավոր հարցն է, որ պետք է լուծվի. «Նախագահի հայտարարությունն այդ ուղղությամբ էր, որ Հայաստանը չէր կարող մի կողմում մնալ՝ Ադրբեջանի ագրեսիան տեսնելով Ղարաբաղի նկատմամբ, սա այն ճիշտ հարցադրումն է, որից նաև այլ քայլեր պետք է բխեն: Մենք պետք է հստակ դնենք մեր բոլոր գործընկերների առաջ, որ մեր անվտանգության համակարգը միասնական է, չկա Ղարաբաղի անվտանգության համակարգ առանձին, ՀՀ անվտագության համակարգ առանձին, սրանք պետք է մեկ ամբողջության մեջ դիտվեն»:

Կարդացեք նաև

Հարցին՝ Հայաստանն արդյոք խոցելի չի՞ դառնում, որ Հայաստանի օդային տարածքից ինչ-որ գործողություններ անելու իրավունք է տրվում Ռուսաստանին, Ա. Ռուստամյանը պարզաբանեց, որ խոսքը հակաօդային պաշտպանության մասին է: «Եթե պաշտպանության նկատմամբ սպառնալիք է, ուրեմն՝ սպառնալիք է բոլորի նկատմամբ, այսինքն՝ եթե հարձակում լինի Հայաստանի վրա, նշանակում է՝ հարձակում բոլորի վրա, այսինքն՝ հարձակում որևէ ՀԱՊԿ անդամ պետության վրա, նշանակում է՝ նաև հարձակում Հայաստանի վրա, եթե մենք նույն տրամաբանությունը չպահենք, չենք կարող որևէ բան պահանջել մյուսից»,- նշեց ՀՅԴ ղեկավարը:

Ա. Ռուստամյանը նշեց, որ այդ պայմանագիրը ստեղծվել է՝ պայմանավորված Սիրիայի դեպքերով, որովհետև կար «ուղղակի վտանգ, ռուս-թուրքական լարվածություն, որը կարող էր նաև վերաճել մեր նկատմամբ որոշակի ոտնձգությունների»:

«Պետք է ՀԱՊԿ կառույցը գործի՝ իր նպատակին և կոչմանը համաձայն: Դա մինչև հիմա այդպես չէ, նրա հեղինակությունն իսկապես սասանվել է, դա ցույց է տվել նաև այս վերջին պատերազմը: ԵԱՏՄ-ում, որի մեջ է նաև Հայաստանը, նույնպես մտահոգիչ երևույթներ են տեղի ունեցել, մասնավորապես, այդ նիստը հետաձգելը, սրանք բոլորը խնդիրներ են, որոնք մենք պետք է շատ պարզ ու հստակ ներկայացնենք և պահանջենք, որ այդ կառույցներն իրենց նպատակին ծառայեն»,- նշեց Ա. Ռուստամյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս