Ռուսական քարոզչամեքենան՝ թուրքական ապրանքներից հրաժարվելու կոչերի ետևում

Լեռնային Ղարաբաղում ապրիլի 2-ին բռնկված քառօրյա պատերազմն աննախադեպ ծավալի հասցրեց ինչպես՝ ավանդական դարձած տեղեկատվական պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև, այնպես էլ՝ ռուսական քարոզչամեքենայի ակտիվությունը։ Թեև ռուսական ԶԼՄ-ները Հայաստանում արևմտյան դեսպանատներին ու կառույցներին են մեղադրում հակառուսական տրամադրություններ քարոզելու և ինչ-ինչ հրապարակումների ու ակցիաների միջոցով արևմտյան շահերը Հայաստանում առաջ մղելու մեջ, որոնք իբրև թե «սեպ են խրում հայ-ռուսական հարաբերություններում», այս հարցում Հայաստանում անմրցունակ դիրքեր ունի հենց ռուսական քարոզչամեքենան, որը վերջին տարիների ընթացքում խորը արմատներ է գցել հայկական մամուլում՝ մետաստազներ տալով տարատեսակ կազմակերպությունների և ԶԼՄ-ների տեսքով։

Տեղին է հիշել ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի սկանդալային հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին։ «Այս առումով որևէ կասկած չկա։ Սակայն, հավանաբար, պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում։ Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է հ/կ-ների գործունեությունը»,- ասել էր Վոլինկինը 2014թ.։

Ավելի վաղ, Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն էլ հայտարարել էր, թե Ռուսաստանը պետք է Հայաստանում ռուսամետ էլիտա ձևավորի։ Ըստ նրա՝ Արևմուտքը հայ հասարակության հետ մեծ աշխատանք է կատարում հակառուսական տրամադրություններ ձևավորելու ուղղությամբ, և Ռուսաստանը պետք է ինչ-որ բան հակադրի դրան։ Սակայն այդ պահին արդեն բավական երկար ժամանակ կիսագաղտնիության մթնոլորտում գործում էր Կրեմլի քաղաքականության քարոզչության ամենասկանդալային դեմքի՝ Դմիտրի Կիսելյովի կողմից համակարգվող քննարկումների «Գրիբոյեդով» ակումբը Երևանում։

Ի դեպ, Դմիտրի Կիսելյովը, ըստ էության, ստանձնել է հետսովետական տարածքում և մասնավորապես Ռուսաստանի շահերի գոտիներում՝ հատկապես Ուկրաինայում և Հայաստանում, ռուսական շահերն առաջ մղելու գործընթացը՝ տանելով բազմակողմանի աշխատանք։ Հայտնի է, որ Հայաստանում նա իր «աշխատանքի» մի մասը վստահել էր նաև մշտապես իր անվան շուրջ սկանդալներով աչքի ընկնող Անդրանիկ Նիկողոսյանին, ով 2010-ական թթ.-ից բավականին ինտենսիվ գործունեություն էր ծավալում՝ բացելով միանգամից մի քանի հասարակական ու երիտասարդական կազմակերպություններ, ԶԼՄ-ներ, ակումբներ ու գրքի տներ։ Հայաստանում 2012-ին բավականին լայն արձագանք ստացավ «Հայկական երիտասարդական հասարակական կազմակերպությունների» առաջնորդների առաջարկով, ԱՊՀ երկրների Երիտասարդության միության կառավարման խորհրդի (ի դեպ սրանք Նիկողոսյանի հովանու ներքո գործող կազմակերպություններ էին) որոշմամբ բացված «Պուտին» ակումբը։

Կարդացեք նաև

Այդ և նմանատիպ այլ ակումբները, ըստ նախնական գաղափարների, պետք է գործեին նրա իսկ կողմից հիմնված ռուսական գրքի տներում, և այս ամենի նպատակը, ըստ նախաձեռնողների, այդ ժամանակ Ռուսաստանի վարչապետ Պուտինի՝ ռուս-հայկական հարաբերությունների գաղափարները տարածելը, ժողովրդականացնելն ու եվրասիական տնտեսական համագործակցություն ստեղծելն էր։ Ներկայումս քաղաքում բացված որոշ ռուսական գրքի տներ փակվել են, ենթադրաբար՝ փակվել են նաև «Պուտին» ակումբները, որոնց գործունեությունը, ըստ էության, չծառայեց իր նպատակին, քանի որ ավելի շատ ծաղրի արժանացավ, քան տեղեկատվական ու քարոզչական գործառույթ կատարեց, և դա ամենևին էլ անակնկալ չէր։ Ինչպես մի առիթով ռուսական առաջին կարգի պետական խորհրդական ու վերլուծաբան Մոդեստ Կոլերովն էր ասել, ավելի նախընտրելի կլինի, որ Անդրանիկ Նիկողոսյանն ընդհանրապես ոչինչ չանի, քանի որ նա, ըստ Կոլերովի, ավելի շատ վնասում է հայ-ռուսական հարաբերություններին՝ իր ցածր հեղինակությամբ, քան նպաստում դրանց զարգացմանը։

Այնուամենայնիվ, այդ շրջանում Անդրանիկ Նիկողոսյանի բացած տարբեր կազմակերպություններում և ԶԼՄ-ներում ընդգրկված երիտասարդները, որոնք հիմնականում ներգրավված էին Նիկողոսյանի ձևավորած Հայաստանի Եվրասիական երիտասարդական շարժման մեջ, այսօր շարունակում են իրենց «եվրասիական» գործը և Հայաստանում աշխատում են «Արևմուտքի և արևմտյան արժեքների դեմ»։ Շարժման գլխավոր ասամբլեայի նախագահի, Հումանիտար զարգացման միջազգային հասարակական կազմակերպության նախագահի, ապա՝ նիկողոսյանական տարատեսակ կառույցներում պաշտոններ զբաղեցրած Արման Ղուկասյանն այսօր «Հանուն օրենքի» հ/կ-ի անդամն ու համակարգողն է, իսկ այդ հ/կ-ն, թեև իր աշխատանքը սկսել է նախորդ տարվա սեպտեմբեր ամսից, արդեն հասցրել է բողոքի ակցիաներ կազմակերպել մի քանի դեսպանատների դիմաց և հայտարարություններ տարածել՝ ընդդեմ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի։

2015թ. հոկտեմբերին «Հանուն օրենքի» հասարակական շարժումը դատապարտել էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարությունը, որում նա անդրադարձել է ԼԳԲՏ համայնքի նկատմամբ հայկական հասարակության բացասական վերաբերմունքին, ապա նոյեմբերին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության շենքի առջև կազմակերպել բողոքի ակցիա՝ պահանջելով չանտեսել մեծամասնության իրավունքը։

Տարածված հաղորդագրության համաձայն՝ ակցիային մասնակցել են նրանք, ովքեր, չեն ցանկանում, «որ իրենց սերունդներն ապրեն անբարո միջավայրում, ովքեր անկախ ամեն ինչից՝ շարունակելու են հայկական հիմնարար արժեքների կրողը մնալ»։

Նրանք նույնիսկ վառել էին ԼԳԲՏ դրոշը։ 2016թ. հունվարի 25-ին նույն կազմակերպությունը բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանատան դիմաց՝ «Ամոթ, Բրիտանիա», «Մի՛ զբաղվեք Ղարաբաղով, զբաղվեք Իռլանդիայով և Շոտլանդիայով», «Ձեր համար հողակտոր է, մեզ համար՝ հայրենիք», «Ղարաբաղը մերն ա, Բրիտանիա, դավայ դասվիդանիա» գրությամբ կարգախոսներով, ընդդեմ ԵԽ ԽՎ հակահայկական զեկույցների, որոնցից մեկի հեղինակը բրիտանացի Ռոբերտ Ուոլթերն էր։

Եվ ամենաուշագրավը նրանց վերջին, ամենաթարմ նախաձեռնությունն է՝ «Հրաժարվել թուրքական ապրանքից» խորագրով, որի համար նրանք ապրիլի 21-ին Կառավարության շենքի դիմաց ակցիա կազմակերպեցին՝ հորդորելով Կառավարությանը արգելել թուրքական ապրանքների ներմուծումն ու հորդորելով քաղաքացիներին՝ չգնել թուրքական ապրանքներ։ «2008-2014 թվականների ընթացքում 1,5 մլրդ դոլարի ապրանք է Թուրքիայից ներմուծվել մեր երկիր։ Սա պաշտոնական թիվ է։ Մինչդեռ Թուրքիայում պաշտոնապես արգելված է հայկական ապրանքի ներմուծումը։ Մենք դեմ ենք, որ Ռուսաստանը զենք վաճառի Ադրբեջանին, բայց գնում ենք նրա աջակից Թուրքիայի ապրանքը»,- ասել էր Արման Ղուկասյանը։

Հետաքրքրական է այն, որ ռուսական փորձագիտական հանրությունն ապրիլյան պատերազմի օրերին և դրանից հետո ԼՂ հակամարտության գոտում Ռուսաստանի Դաշնության իշխանությունների վարած երկակի քաղաքականությունը փորձում էր կոծկել՝ քառօրյա բռնկման ողջ պատասխանատվությունը դնելով թուրքական կողմի վրա, արդարացնելով ՌԴ-ի կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին և լուծելով իր հարցերը ռուս-թուրքական առճակատման կոնտեքստում։

Եվ այս նախաձեռնությունը շատ ավելի զավեշտալի է դառնում այս ողջ տեղեկատվական հոսքի ֆոնին, երբ այդ նախաձեռնության հիմքում ոչ թե՝ տնտեսական նպատակահարմարությունն է, այլ՝ «գաղափարական» նկատառումը։ Ռուսական քարոզչամեքենան ինչպես աշխատել է ռուս-վրացական պատերազմի, ուկրաինական ճգնաժամի, փախստականների ճգնաժամի օրերին, այնպես էլ ավելի ինտենսիվորեն աշխատում է Հայաստանում վերջին օրերին։ Այլ հարց է, որ այդ աշխատանքն իր հակառակ արդյունքն է տալիս, քանի որ իրականացվում է անգրագետ և ագրեսիվ միջոցներով, որի վառ ապացույցն այս երկրներում ձևավորված վերաբերմունքն է ռուսական էլիտայի նկատմամբ։

Տեսանյութեր

Լրահոս