«Մի քանի րոպե անց՝ առաջին փորձից խոցել եմ հակառակորդի ուղղաթիռը». պատմում է զինծառայող Գևորգ Մանուկյանը
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Արցախի հյուսիսում՝ Մարտակերտի և ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանների միջև տեղակայված «Եղնիկներ» զորամասի վրա հակառակորդը 50 հոգուց բաղկացած դիվերսիոն խմբով հետախուզական ներթափանցման փորձ է կատարել: Սակայն հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինների կողմից ձեռնարկված գործողությունը ժամանակին հայտնաբերվել է հայ դիրքապահների կողմից, եւ հակառակորդը, կրելով կենդանի եւ զինտեխնիկայի մեծ կորուստ, այդ թվում՝ մեկ ռազմական ուղղաթիռ, հետ է շպրտվել:
«Առավոտյան ժամը 6:45 րոպեին նկատել ենք հակառակորդի ուղղաթիռը, որը ռմբակոծում էր մեր մարտական դիրքերը: Մի քանի րոպե անց՝ առաջին փորձից խոցել եմ այն»,- «Ապառաժի» հետ զրույցում ասում է ՊԲ պայմանագրային զինծառայող Գեւորգ Մանուկյանը, ով առաջին անգամն էր «Իգլա» շարժական զենիթահրթիռային համալիրից կրակում: Այնուհետեւ կես կատակ, կես լուրջ ավելացնում է,- Մեր ուղղությունում ապրիլյան պատերազմը տեւեց մեկ օր: Այդ դեպքից հետո մեր դիրքերի ուղղությամբ հակառակորդի հարձակումներն ու կրակոցները դադարեցին»:
Ծնունդով Շիրակի մարզի Հոռոմ գյուղից է Գեւորգը: 21 ամիս է՝ ծառայում է ԼՂՀ Պաշտպանության բանակում:
Խոսելով դիրքապահների մասին՝ նշում է, որ տղաների մարտական ոգին բարձր է, ամեն ինչ լավ է, եւ բոլորն էլ պատրաստ են առաջ գնալու…
«Սահմանը պահող յուրաքանչյուր զինվոր առաջին հերթին պաշտպանում է իր ընտանիքը: Իհարկե, յուրաքանչյուրն ունենում է վախի զգացում, սակայն այդ վախը գործոն չի հանդիսանում, որպեսզի որեւէ մեկը կոտրվի: Այդ վախն էլ հարաբերական է՝ վախենում ես ոչ թե սեփական անձիդ համար, այլ քո ընտանիքի, քո ընկերների համար: Այն պատվի եւ պատասխանատվության զգացումը, որ մեր նախնիները մեր հողը արյան գնով են պահել, նույնպես մեզ տանում է դեպի կռվի դաշտ եւ ստիպում ավելի զգոն եւ պարտավորված լինել»,- շեշտում է Գեւորգը:
Գրավված դիրքերի մասին՝ Գեւորգն ասում է, որ դա զինվորների ընկճման պատճառ չի կարող հանդիսանալ, հակառակը՝ պատճառ են՝ ավելի կազմակերպվելու: Նրա կարծիքով՝ ավագ սերնդի ներկայությունը երիտասարդ սերնդին ավելի ուժեղ եւ հանգիստ է դարձնում:
Մինչեւ քառօրյա պատերազմի վերսկսելը հարազատների հետ երեք ամիս չէր խոսել: Ծնողներին զանգելու հնարավորություն ընձեռնվեց միայն ամսի 12-ին՝ հակառակորդի երկու ուղղաթիռ և հինգ տանկ խոցած զինծառայողների պարգեւատրության օրը: Զինծառայողներ Գևորգ Մանուկյանին, Մարատ Պետրոսյանին եւ Նարեկ Մալխասյանին հերոսության համար պարգեւատրեցին մեքենաներով: Մի քանի ժամ տեւած միջոցառումից հետո հերոսներն շտապեցին առաջնագիծ՝ շարունակելու ծառայությունը:
«Ծառայությունս ավարտելուն պես իմ մեքենայով կգնամ տուն, արդեն մտքում պատկերացնում եմ մայրիկիս ուրախությունն ու հայրիկիս հպարտությունը»,- ասում է Գեւորգը:
Զինծառայող բոլոր որդիների ծնողներին համբերություն եւ հավատ է մաղթում. «Համբերություն, որպեսզի դիմանան՝ մինչեւ իրենց որդիների տունդարձը, եւ հավատ, որ մենք ամենակարողն ենք եւ ամուր կպահենք մեր հայրենիքի սահմանները»,- շեշտում է Գ. Մանուկյանը:
Գեւորգը, խոսելով ապագայի մասին, նշում է. «Մարդ պետք է հստակ նպատակներ ունենա, այլ ոչ թե երազանքներ: Ես իմ նպատակներն ունեմ. պիտի ավարտեմ ուսումս, աշխատանքի անցնեմ, ընտանիք կառուցեմ եւ շատ երեխաներ ունենամ, ովքեր պիտի ապրեն հզոր Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստանում…»:
Լուսանկարը՝ Գերման ԱՎԱԳՅԱՆԻ