Միջադեպ ասուլիսի ընթացքում. տիկինը սպառնաց ոչնչացնել Նիկոլ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկման էր հրավիրել այն մարդկանց, ովքեր սոցցանցերում մեղադրանքներ էին հնչեցրել, թե իբր «Փաշինյանի ու Բաղրամյան 26-ի կապերի վերաբերյալ հավաստի տեղեկություններ ունեն»:
«Բոլոր այդ մարդիկ այսօր չեն եկել, որ իրենց հավաստի տեղեկությունները քննարկենք: Ես բոլոր մեղադրանքներին պատասխանում եմ իմ գործունեությամբ: Ընդհանրապես իմ ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն ու ռազմավարությունը դուրս չի գալիս այս տրամաբանությունից, մենք ոչ թե գործում ենք ըստ այնմ, թե ով ինչ է ասում, այլ գործում ենք ըստ այնմ, թե մենք ինչ ենք ասում, ինչ ասելիքներ ունենք հանրությանը, ինչպես ենք պատկերացնում զարգացումները: Ամեն ինչ ասել ենք, ես ելույթներ եմ ունենում, սոցիալական ցանցերում եմ հանդես գալիս, այդ առումով ես ասելու նոր բան չունեմ, եկել եմ, որ հանդիպեմ այն մարդկանց հետ, ովքեր ասում են, թե հավաստի տեղեկություններ ունեն»,- ասաց պատգամավորը:
Մի կին, որ հետո ներկայացավ որպես տիկին Ջաղինյան, ընդհատեց Փաշինյանին ու խնդրեց նշել, թե ի՞նչ է արել և ի՞նչ է պատրաստվում անել: Փաշինյանը պատասխանեց, որ այդ թեմային բազմիցս անդրադարձել է ու հանդիպումն իրենց «կուսակցության անելիքների պրեզենտացիայի համար չի կազմակերպել». «Ես եկել եմ՝ լսեմ մեղադրանքները, այն «հավաստի տեղեկությունները», որ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ունեն: Խնդրեմ, ո՞ւր են այդ մարդիկ, թող գան այդ փաստերը ներկայացնեն»:
Կինն ասաց, որ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը ներկայացնի իր արածները, ոչ թե անելիքները:
«Ամբողջ խնդիրն այն է, որ մենք այսօր չենք հավաքվել ո՛չ արածները, ո՛չ անելիքները քննարկելու»,- պատասխանեց Փաշինյանը:
Կինը շարունակեց՝ բայց չէ՞ որ մեղադրանքները ներկայացվելու են ձեր արածների հիման վրա, ոչ թե՝ ասածների. «Եթե ինչ-որ մեկը ձեզ մեղադրում ա, ուրեմն ինչ-որ հիմք ունի»:
Պատգամավորը պատասխանեց՝ ես ուզում եմ ձեզ հիասթափեցնել. որևէ մեկը որևէ հիմք չունի:
Տիկինը շարունակեց ու արդեն կոնկրետ հարց տվեց. «2008թ. դեպքերին ի՞նչ մասնակցություն եք ունեցել»:
«2008թ. իմ մասնակցությամբ հեռախոսազրույցներ էին դնում շրջանառության մեջ ու ասում՝ ահա ամբողջ ճշմարտությունը: Իսկ որևէ մեկը հարցրե՞լ է՝ այդ հեռախոսային խոսակցություններում կոնկրետ իմ ասածների մեջ ինչ է պրոբլեմատիկ: Այն, ինչ ես այդ հեռախոսազրույցի մեջ ասել եմ 2008թ., նույն իրավիճակում կասեի նաև հիմա: Ես հպարտ եմ, որ այդ օրը խոսել եմ այդպես, այդ տեքստով ու հպարտ եմ այն ամենի համար, ինչ այդ օրը արել եմ, որովհետև ինչ որ ես այդ օրը ձեռնարկել եմ, ուղղված է եղել բացառապես ՀՀ ժողովրդին, օրինականությանը և Սահմանադրությունը պաշտպանելուն»:
Կնոջը կարծես թե չբավարարեց պատասխանը. նա վերջում Փաշինյանին սպառնաց, թե կոչնչացնի ու դուրս եկավ սրահից. «Ես քեզ ոչնչացնելու եմ»:
Մանրամասները՝ տեսանյութում