Բաժիններ՝

Առաջիկա օրերի միջոցառումների ցանկը

Այսօր Մաշտոցի անվան Հին ձեռագրերի ինստիտուտ-թանգարանում մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները և ներկայացվեցին ապրիլի 22-24-ը կայանալիք միջոցառումները:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ միջոցառումներն ունեն 4 հենք՝ հիշողություն, երախտագիտություն, միջազգային պայքար և վերածնունդ: Վ.Սարգսյանը նշեց, որ ապրիլի 22-ին և 23-ի առաջին կեսին Մարզահամերգային համալիրում կկայանա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաժողովը, որտեղ շատ ներկայանալի կազմ է լինելու, նախատեսվում է, որ առաջին օրը համաժողովը նվիրված կլինի քաղաքական ասպեկտներին, իսկ երկրորդ օրն առավելապես նվիրված կլինի խորհրդարանական ձևաչափին, կմասնակցեն խորհրդարանական ներկայացուցիչներ տարբեր երկրներից:

Վ. Սարգսյանը նշեց, որ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը գրեթե 100%-ով պատրաստ է, ցուցադրական տարածքը գրեթե եռապատկվել է, և շատ հետաքրքիր ցուցադրություն է ստացվել: Վ. Սարգսյանի խոսքով՝ ապրիլի 23-ին, օրվա երկրորդ կեսին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման կարգ կլինի. «Դա բացառիկ երևույթ է, երկար դարերի ընթացքում Հայոց եկեղեցին չի կատարել սրբադասման կարգ, բայց այս կարգը շատ մեծ նշանակություն ունի Ցեղասպանության նահատակների հիշողության համար: Միջոցառումը բաց է ցանկացողների համար, քաղաքապետարանը կազմակերպելու է քաղաքացիների տեղափոխում հանրային տրանսպորտով: Ես հորդորում եմ սեփական մեքենաներով չմեկնել, որովհետև կայանման խնդիր կլինի»:

Վ. Սարգսյանը նշեց, որ շատ երևանցիներ և հյուրեր կցանկանան անպայման ներկա լինել նույն օրը երեկոյան Հանրապետության հրապարակում կայանալիք ռոք համերգին, և զգուշացրեց, որ ովքեր կմեկնեն Էջմիածին, ժամանակային առումով չեն հասցնի գալ համերգին: Ըստ նրա՝ համերգի մուտքը խիստ սահմանափակ է, միայն Շահումյան հրապարակի կողմից կլինի, և 50 հազար մարդ մտնելուց հետո մուտքը կփակվի՝ անվտանգության նպատակներից ելնելով: «Հրապարակում կլինեն մեծ էկրաններ, որոնց վրա կցուցադրվի սրբադասումը: Այն կավարտվի ժամը 19:15-ին, խորհրդանշական թիվ է ընտրված, և կավարտվի լռության րոպեով, որը կընթանա աշխարհի բոլոր հայկական եկեղեցիների զանգերով՝ գուժկաններով, նաև բազմաթիվ ոչ հայկական եկեղեցիներ միանալու են՝ Գերմանիայի, Լեհաստանի բոլոր եկեղեցիները, Բուենոս Այրեսից՝ մինչև Փարիզի Նոտր Դամ, և այլն: Սա լինելու է համախմբման, միավորման մի պահ»,- ասաց Վ. Սարգսյանը:

Կարդացեք նաև

Նա տեղեկացրեց, որ ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակությունների թիվն այս պահին 60-ից ավելի է՝ նախագահների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների գլխավորությամբ: Ապրիլի 24-ին, ըստ նրա, վաղ առավոտյան պատվիրակությունները կայցելեն Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ժամը 11-ին Ծիծեռնակաբերդում կսկսվի ոգեկոչման գլխավոր արարողությունը, որը տևելու է բավականին երկար: Վ. Սարգսյանը հորդորեց, որ քաղաքացիները ժամը 13:00-ից շուտ այնտեղ չհավաքվեն, կարող են այցելել նաև հաջորդ օրերին, որևէ անպատեհություն, որ դա հենց 24-ին չէ, չկա: Նա նշեց, որ երեկոյան տեղի կունենա ավանդական ջահերով երթը, 25-ին մարդիկ ամբողջ օրը կայցելեն Ծիծեռնակաբերդ: Վ.Սարգսյանը հիշեցրեց, որ կառավարության որոշմամբ՝ ապրիլի 23-ն այս տարի ևս հայտարարվել է ոչ աշխատանքային՝ հաշվի առնելով սրբադասման կարգը և SOAD-ի համերգը:

Վ.Սարգսյանը նշեց, որ ամսի 24-ին ողջ օրը Ծիծեռնակաբերդում կլինի արարողություն, երեկոյան 20:15-ին տեղի կունենա 24/04 աշխարհի նվագախմբի համերգը, որը կատարելու է այս 100 տարիների ընթացքում ստեղծված՝ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, նաև այս օրերին բազմաթիվ ֆիլմեր են ցուցադրվելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս