Բաժիններ՝

Ինչու կրակոցին բնորոշ վառոդի, մրի արգասիքներ հայտնաբերելու նպատակով Պերմյակովի մարմնից և հագուստից փորձանմուշներ չեն վերցվել

ՀՀ քննչական կոմիտեն հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում հարցումներ էր ուղարկել Ռուսաստան՝ սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր, ծառայության ընթացքում բժշկական հետազոտությունների և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար:

Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ այդ փաստաթղթերը ստանալուց անմիջապես հետո մեղադրյալի նկատմամբ կնշանակվի դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն: Ի պատասխան մեր գրավոր հարցման՝ ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Վալերի Պերմյակովի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերի, ՌԴ զինված ուժեր զորակոչվելու ժամանակ նրա բժշկական հետազոտությունների արդյունքների, այդ թվում՝ հոգեբուժական բաժանմունքում բուժում ստանալու վերաբերյալ նախաքննություն իրականացնող մարմնի հարցման պատասխանը դեռևս չի ստացվել:

Մեր հարցին՝ Վալերի Պերմյակովից վերցվե՞լ են փորձանմուշներ՝ պարզելու համար` արդյոք մարմնի կամ հագուստի վրա առկա՞ են կրակոցի արգասիքներ, ՀՀ Քննչական կոմիտեից պատասխանել են. «Կրակոցին բնորոշ վառոդի, մրի արգասիքներ հայտնաբերելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում Վալերի Պերմյակովի մարմնից և հագուստից փորձանմուշներ չեն վերցվել, քանի որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները Վ. Պերմյակովի հետ քննչական գործողություններ կատարելու հնարավորություն են ունեցել դեպքից 9 օր անց»:

Նշենք, որ, ըստ կոմիտեի հաղորդագրության՝ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովից հայ քննիչները վերցրել են փորձանմուշներ՝ դեպքի վայրում հայտնաբերված հետքերի, վերցված փորձանմուշների հետ համեմատական, այդ թվում՝ դատակենսաբանական, գենետիկական, քրեագիտական փորձաքննություններ նշանակելու համար:

Կարդացեք նաև

Erem SargsyanԱվետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը պատասխանելով մեր հարցին՝ արդյոք որևէ կերպ կարո՞ղ է քննության վրա ազդեցություն ունենալ այն հանգամանքը, որ կրակոցի արգասիքներ հայտնաբերելու նպատակով Վալերի Պերմյակովի մարմնից փորձանմուշներ չեն վերցվել, ասաց.

«Բնականաբար, մենք էլ, ի սկզբանե ուշադրությամբ ծանոթանալով փորձաքննությունների որոշումներին, փորձում էինք տեսնել՝ նման նմուշներ վերցվե՞լ են, թե՞ ոչ, դրանց կապակցությամբ նշանակվե՞լ է փորձաքննություն, թե՞ ոչ: Ի վերջո, նման որոշման չծանոթացանք, ինչը նշանակում է, որ նման նմուշներ չեն վերցվել, այլապես պետք է համապատասխան փորձաքննություն նշանակվեր, մենք էլ պետք է ծանոթանայինք փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը: Այստեղ խնդիրը հետևյալն է: Ինչպես բոլորիս հայտնի է, Վալերի Պերմյակովի հետ առաջին անգամ քննչական գործողություն կարողացել են կատարել բավականին ուշ՝ դեպքից բավական օրեր անց, և այդ առումով պետք է նշեմ, որ արգասիքներն այդքան երկար չեն պահպանվում: Ժամանակի ընթացքում այդ արգասիքներն անհետանում են:

Հետևաբար՝ այդ փուլում, ըստ էության, արդեն իսկ անիմաստ էր, բայց այդ գործողությունը բավական էական եմ համարում, քանի որ դրա միջոցով ևս մեկ ապացույց ձեռք կբերվեր. եթե նրա մարմնի վրայից արգասիքներ հայտնաբերվեին՝ կունենայինք ևս մեկ ապացույց, որ նա, ըստ էության, առնչություն ունի այս դեպքին»:
Փաստաբանը նշեց նաև, որ նշանակված է փորձաքննություն, զինվորական հագուստները տրամադրվել են փորձագետներին, նրանց առաջադրվել են կոնկրետ հարցադրումներ՝ կապված արգասիքների, զենքին բնորոշ յուղանյութերի հետ:
ՀՀ քննչական կոմիտեից հետաքրքրվել էինք նաև՝ արդյոք ձերբակալման պահին Վալերի Պերմյակովի հագին եղած քաղաքացիական հագուստը գտնվո՞ւմ է ՀՀ քննչական կոմիտեի տրամադրության տակ, արդյոք այն ապացույց ճանաչվե՞լ է, թե՞ ոչ, և արդյոք պարզվե՞լ է, թե ում է այն պատկանում: Ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են. «Ինչ վերաբերում է քրեական գործի ապացույցներին, ապա քրեական գործի նախաքննության տվյալ փուլում դրանք հրապարակման ենթակա չեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս