«Այսպես շարունակվելու դեպքում բանկային համակարգում սնանկացումներ կունենանք»

Հարցազրույց Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանի հետ

– Ի՞նչ է տեղի ունենում բանկային համակարգում:

– Այսօր ունենք ռիսկեր, որոնք այս պահին, կարծես, միայն մասնագետների նեղ շրջանակներում են հայտնի, իսկ լայն քննարկումներ տեղի չեն ունենում: Կենտրոնական բանկը կանգ է առել մի հատվածում, երբ դեկտեմբերին պարտադիր պահուստավորման նորմատիվն արտարժութային պարտավորությունների նկատմամբ ընդունեց 24%, հետո պարզվեց, որ սա շատ խիստ գործիք է, և շատ արագ վերանայվեց դեպի 20%: Խոսքը բանկային համակարգի օտարերկրյա արժույթով պարտավորությունները 20%-ի չափով ՀՀ դրամով պահուստավորելու մասին է:

Այսինքն՝ բանկերը պետք է իրենց ակտիվներում եղած համապատասխան ծավալի արտարժույթը վաճառեն: Ես չեմ կարող հստակ ասել, այդ տեղեկատվությունն ունի միայն ԿԲ-ն, բայց կարծում եմ, խոսքը մոտ 350-360 մլն դոլարի մասին է, որը կազմում է մոտ 170 մլրդ դրամ: Դա պետք է պահուստավորեն ԿԲ-ում՝ իրենց պահուստային հաշիվներում, ինչը նշանակում է, որ շուկայից դուրս է մղվում այդքան գումար: Սա էլ իր հերթին` բերում է դրամական սով: Բայց տնտեսության զարգացմանն առաջին հերթին համապատասխան դրամական զանգված է պետք:

Իսկ բանկերն այսօր վարկեր չեն տրամադրում, առավել ևս՝ ՀՀ դրամով, հատկապես, եթե խոսքը գնում է էական ծավալների մասին, որովհետև դրամի փոխարժեքի նկատմամբ սպասումները բացասական են, և երկրորդը՝ դրամ չկա: Այն պահուստավորված է ԿԲ-ում: Իհարկե, բանկերը ձգտում են սեփական արտարժույթը չվաճառել, որովհետև այսօր ամենալավ, ամենահուսալի ակտիվը դոլարն է: ԿԲ-ն, զգալով, որ սա իսկապես շատ ծանր, դաժան ու կոշտ գործիք է, այնուամենայնիվ, շարունակում է կիրառել, որովհետև այլ լուծում դեռ չունի:

Ժամանակ առ ժամանակ թույլ է տալիս բանկերին ռեպո գործարքների միջոցով իրենց արժեթղթերը գրավադրել, դրամով վարկեր ստանալ և դա տեղաբաշխել պահուստային հաշիվներում: Բանկերը սկսում են ավանդների գծով բարձրացնել տոկոսադրույքները, ինչը բոլորովին լավ բան չէ: Հիմա կան բանկեր, որոնք հայտարարում են 16%-ով դրամով ավանդներ ընդունելու մասին, որովհետև դրամի սով կա: Նախ՝ դրամը շրջանառությունից դուրս է գալիս, չի աշխատում վարկային շուկայում, երկրորդը՝ դրամի արհեստական պահանջարկ է ստեղծված այս մոդելի տեսանկյունից, որը նպաստում է փոխարժեքի պահպանմանը:

Որքա՞ն երկար կարող է կիրառվել այս գործիքը: Ես կարծում եմ, որ մենք արդեն չափն անցել ենք: Հիմա տեղի են ունենում նոր երևույթներ: Վարկանիշային գործակալություններն օրերս իջեցրել են ոչ միայն Ռուսաստանի սուվերեն վարկանիշները, այլև Հայաստանի: Անցած տարի, ինչը նախորդ կառավարության լրջագույն սխալներից մեկն էր, եվրոպարտատոմսերի թողարկմամբ 700 մլն դոլար տեղաբաշխվեց:

– Եվրոպարտատոմսերի թողարկումը մեծագույն սխա՞լ եք համարում:

– Իհարկե, մեծագույն, և նույնիսկ չեմ հասկանում, թե ինչ նպատակ էր հետապնդում դա: 700 մլն ներգրավեցին Եվրոպայում` որպես դիվերսիֆիկացված պարտավորություն, որպեսզի Ռուսաստանի 500 մլն դոլար պարտքը մարեն: Մեզ բարեկամ պետության պարտքը, որի հետ շարունակում ենք ինտեգրացիոն գործընթացները և որի հետ միշտ կարելի էր պայմանավորվել, հետաձգել, վերակառուցել, իսկ այս պարտավորությունը չեն կարող չմարել: Եվ հիմա, երբ վարկանիշները վատթարացնում են, աշխարհում տեղի է ունենում հետևյալը՝ այդ վարկանիշներով ոչ միայն շուկային ազդակ են տալիս, որ տվյալ երկրի վստահելիությունը նվազել է, փոխվում են մարդկանց սպասումները, նաև պետք է հաշվի առնենք, որ բոլոր երկրների ենթաօրենսդրական նորմատիվ ակտերով վարկանիշային գործակալությունների գործիքները ներառված են իրենց կարգավորման դաշտում:

Այսինքն, եթե որևէ բանկ միջազգային շուկայից ձեռք է բերում որևէ ակտիվ, օրինակ, ԱՄՆ պետական պարտատոմս, դրանք իրենց վարկանիշով շատ վստահելի արժեթղթեր են և դիտարկվում են` որպես շատ բարձրորակ ակտիվ: Եթե ձեռք են բերում ՀՀ պետական պարտատոմս, որի վարկանիշն էլ նվազում ունի, ապա համապատասխանաբար՝ դասակարգվում է, և բանկը պետք է պահուստավորում իրականացնի ավելի էական չափով, ինչպես նաև ակտիվը կշռվում է իբրև առավել ռիսկային և, հետևաբար, ձեռնտու չէ նման ակտիվներ ունենալ: Պետք է ասեմ, որ նման երևույթ արդեն հավանաբար սկսվել է ՀՀ-ում, մեր պետական պարտատոմսերում ներդրողներից շատերը հիմա կսկսեն վաճառել դրանք:

Եվ որպեսզի դրանց իրացվելիությունը չընկնի միջազգային շուկաներում, կարծում եմ, հիմա մեր բանկերին կստիպեն գնել այդ պարտատոմսերն ու դրանց նկատմամբ արհեստական պահանջարկ առաջացնել: Այսպես ասած՝ ազգովի պաշտպանենք դրանց իրացվելիությունը: Ստացվում է, որ մեզ համար խնդիր ենք ստեղծել, հիմա փորձում ենք հաղթահարել: Իսկ թե ինչո՞ւ ստեղծեցին այդ խնդիրը, մնաց հանելուկ: Եվ այժմ բանկերի պահուստավորումը շարունակելու համար` դրամի, պետական պարտատոմսերի նկատմամբ արհեստական պահանջարկ է ստեղծվում, իրացվելիություն են հաղորդում շուկային… մեյմունություն:

– Ըստ Ձեզ` ի՞նչ նպատակ ունի այս ամենը:

– Մենք հիմա բարդ իրավճակում ենք: Խնդիրը տնտեսությունից տեղափոխեցին բանկային համակարգ: Երկար շարունակվելու դեպքում բանկային համակարգում սնանկացումներ կունենանք, որը մեզ բոլորովին պետք չէ: Բնականաբար, ԿԲ-ն պետք է վաղ թե ուշ վերանայի այս գործիքը: Բայց եթե դրամն ազատ թողնեն, 1 դոլարի փոխարժեքը կարող է հասնել 650-730 դրամի, և առաջին խնդիրը կառաջանա ներմուծվող գազի գնի հետ կապված, որը միջպետական համաձայնագրում ֆիքսված է ոչ թե միջազգային բանաձևով, ինչպես ամբողջ աշխարհում է գազի գինը կապված նավթի գնի հետ, այլ, չգիտես ինչու, պայմանավորվում է Օրենբուրգի մարզում գործող գազի գնի հետ: Ու եթե դրամն արժեզրկվի, գազը թանկանալու է:

Այժմ էլ կա նման խնդիր, բայց դեռ կարելի է բանակցել «Գազպրոմի» հետ, լուծումներ գտնել, բայց դրամի 50-60% արժեզրկման դեպքում լուծում չես գտնի: Իսկ գազի գնի բարձրացմանը կհետևի էլեկտրաէներգիայի թանկացումը, և այլն: Հետևաբար` պետք է որակական լուծումներ գտնել, բանկային գործունեության կարգավորման ժամանակակից մեխանիզմներ ներդնել: Այնինչ՝ ԿԲ-ն ճիշտ հակառակն է անում. դեկտեմբերի 30-ին ընդունեց մի սարսափելի վտանգավոր որոշում՝ բանկերի նվազագույն կապիտալը 2 տարում 5 մլրդ-ից 30 մլրդ դրամի հասցնելու մասին: Աշխարհի միայն մի քանի երկրներում՝ Սինգապուր, Թայվան, Քուվեյթ, Օման, Բահրեյն, Թաիլանդ, Հորդանան, գործում է ավելի բարձր պահանջ, քան մենք ուզում ենք այստեղ իրականացնել: ԱՄՆ-ում նվազագույն կապիտալի պահանջ չկա, ՌԴ-ում 4.5 մլն դոլար է, Չինաստանը մեզնից ցածր է, բայց մենք ուզում ենք 60 մլն դոլար սահմանել:

Գրեթե բոլոր զարգացած երկրներում կան տարբեր տեսակի բանկեր՝ ներդրումային, ունիվերսալ, գյուղական, տարածաշրջանային, որոնց նկատմամբ այլ պահանջներ են գործում: Այսինքն՝ շուկան պետք է լինի բազմազան: Մենք չունենք նման օրենսդրություն, կա միայն մեկ տեսակի բանկ: Եվ հետո՝ ո՞վ ասաց, որ 21 բանկը շատ է: ԿԲ-ն հայտարարում է, որ պետք է 5-6 բանկ: Նույնն է թե` վաղը կառավարությունը որոշում կայացնի, թե 2 հա-ից պակաս մակերեսով խանութները լուծարում է, կամ՝ ռեստորանը պետք է ունենա 1000 նստատեղից ոչ պակաս, կամ էլ՝ ՀՀ քաղաքացին պետք է ունենա 100 կգ-ից ոչ պակաս կշիռ, դրանից նվազն իրավունք չունի քաղաքացիության: Այսինքն, «մեծ»՝ նշանակում է` վստահելի՞, «խոշոր»` նշանակում է՝ լա՞վ: Ո՞վ ասաց, որ խոշոր բանկը լավ բանկ է: Եվ հետո, դա շուկան պետք է որոշի: Էլ չասեմ, որ 2000-3000 որակյալ աշխատատեղ ենք կորցնելու, որոնք լուրջ մասնագետներ են, ուսում ստացած, վերապատրաստում անցած, փորձ ունեցող: Մեր համակարգը վատը չէ, իսկապես լավն է: Ամեն մի բանկը Հայաստանի մասնիկն է, դնում են ու գնդակահարում: Ինչո՞ւ:

– Այս իրավիճակում ո՞րն է լուծումը, ըստ Ձեզ:

– Ամբողջ աշխարհում այսպես է կարգավորվում. փոքր կապիտալով բանկը կարող է փոքր ռիսկեր կառավարել, չի կարող մեծ վարկեր, մեծ ծավալի պարտավորություններ ներգրավել, և այլն: Մեծ բանկերն են մեծ ռիսկեր կառավարում, միջազգային գործունեություն ծավալում: Մենք միայն 2 ոլորտ ունենք, որոնք դեռևս մոնոպոլիզացված չեն: Հիմա շատ արագ ուզում են դա քանդել ու դա էլ մենաշնորհայնացնել: Ճիշտ հակառակ ուղղությամբ ենք գնում: Ես դեմ էի, երբ ԿԲ-ն 90-ականների վերջում սկսեց խոշորացման գործընթաց, դա ամենամեծ սխալն է, ինչն անում ենք արդեն 14 տարի շարունակ, նոր չէ:

Այժմ ակնհայտ է, որ մնացյալ այդ 5-6 բանկն էլ լինելու են օտարերկրյա կապիտալով բանկեր: ԿԲ-ն հին գործիքներ է օգտագործում կարգավորման համար, մինչդեռ վաղուց ժամանակն է՝ բանկերին թույլ չտալու սպեկուլյատիվ շուկայում արտարժութային գործարքներ իրականացնել, կապիտալի շուկայում կորպորատիվ արժեթղթերով գործարքներ իրականացնել: Դրա համար կան ժամանակակից գործիքներ: Ոչ թե արտարժույթի տնօրինման, այլ արժութային պարիտետի նորմատիվ պետք է սահմանվի: Պարտադիր պահուստավորման ինստիտուտն ամբողջությամբ պետք է վերանայվի: Վաղուց հրապարակել եմ, որ ցպահանջ կարճաժամկետ պարտավորություններըը պետք է պահուստավորել 100%-ով, թուլ չտալ բանկերին ֆինանսական բուրգեր կառուցել: Սա կստիպի բանկերին զբաղվել բացառապես տնտեսության ֆինանսավորմամբ:

Միջնաժամկետ և երկարաժամկետ պարտավորությունները, անկախ արժույթի տեսակից, պետք է պահուստավորվեն 0 %-ով: Այսինքն՝ սրանք պետք է լինեն վստահելի աղբյուրներ, որպեսզի բանկերը հանգիստ կարողանան վարկավորել: Ժամկետային պարտավորության ինստիտուտը պետք է վերանայվի, որ մարումը ժամկետից շուտ բացառվի: Ի վերջո, կա մի մեխանիզմ, որը ես քարոզում եմ արդեն շուրջ 10 տարի, ունեցել եմ հնարավորություն Կրինիցայի միջազգային տնտեսագիտական համաժողովում 3 անգամ ներկայացնելու շատ պատկառելի կազմով սեմինարների ժամանակ: Շատ հետաքրքիր արձագանքներ կան: Ի դեպ, սա դեռ ոչ ոք չի արել աշխարհում, բայց մտածում են այդ ուղղությամբ: Այն երկրները, որոնք ունեն այս խոչընդոտը, օրինակ՝ ԵՄ երկրները միացան, բայց բանկային և ապահովագրության համակարգերը մնում են ավտոնոմ: Եթե մենք նպատակ ունենք, որպեսզի Հայաստան եկող վարկային ռեսուրսների ծավալների աճ տեղի ունենա, սա լավ նպատակ է: Սա չի կարելի անել գործող բանկերը քանդելու միջոցով:

Կարելի է գնալ շատ հետաքրքիր ինովացիոն ճանապարհով: Ընդունում ենք որոշում, ընդ որում՝ մեր օրենսդրությունը թույլ է տալիս, ժամանակին մենք օրենսդրությունն այնպես ենք ձևավորել, որ հետագայում անցնենք դրան, որպեսզի օտարերկրյա բանկի մասնաճյուղն առանձին կարգավիճակ ունենա և գործի առանց սեփական կապիտալի՝ մայր բանկի կապիտալով: Եվ այս մասնաճյուղի գործունեության կարգավորումն ու վերահսկումն իրականացվի մեր կողմից տվյալ երկրի վերահսկող մարմնի հետ համատեղ՝ ելնելով մեր նորմատիվային դաշտի պահանջներից, բայց իբրև կարգավորիչ կապիտալ` դիտարկվի մայր բանկի կապիտալը: Այժմ 30 մլրդ կապիտալի դեպքում վարկառուին կկարողանան տրամադրել 6 մլրդ դրամ կամ 120 մլն դոլար:

Բայց եթե մենք դիտարկենք այդ նույնը մայր բանկի կարողությամբ, ապա սա կտա հնարավորություն հենց այսօր, օրինակ՝ HSBC կամ VTB բանկերը, մեր տնտեսությունը վարկավորեն 1-3 մլրդ դոլար` մեկ վարկառուին: Նույն HSBC-ն Սինգապուրում ունի և՛ դուստր, և՛ մասնաճյուղ, և՛ օֆշորային բանկ, որոնք տարբեր կարգավիճակներ ունեն, և տարբեր սահմանափակումներ կան դրանց համար: Օտարերկրյա որևէ բարձրակարգ բանկ կարող է այստեղ բացել մասնաճյուղ՝ առանց կապիտալի պահանջի, և շատ կարևոր է, որ համատեղ վերահսկողություն լինի՝ այդ երկրի ու մեր վերահսկող մարմինների կողմից: Լուծումները բազմաթիվ են: Կապիտալի համարժեքության նորմատիվը հնարավորություն ունի զտելու կարգավորիչ կապիտալը՝ նվազեցնելով այն հիմնական միջոցների, նյութական և ոչ նյութական ակտիվների և այլ «ֆիքսված» ակտիվների չափով:

Մենք կարող ենք կիրառել նաև ռիսկերի կշիռների վերանայում, օրինակ, վարկային ռիսկերը կարող ենք կշռել ոչ թե 100, այլ 500 %-ով՝ կախված նրա ռիսկայնությունից: Կարող ենք պահանջներ ներկայացնել, որ բանկը պարտադիր ունենա ավտոմատացված ժամանակակից ներբանկային մենեջմենթի համակարգ, շենքային պայմաններ: Այս ամենը ծախսերի հետ է կապված, և այս ամենը բանկին կդնի այնպիսի վիճակի մեջ, որ ինքը կորոշի՝ գործում է փոքր շուկաներո՞ւմ, փո՞քր բիզնես է ֆինանսավորում, թե՞ մեծ: Վերահսկում ենք որակական նորմատիվային ցուցանիշներով, բայց կարևորը նույնիսկ այս նորմատիվները չեն, այլ բանկերում գործող մեխանիզմներն են, ներբանկային մենեջմենթի որակը, կանոնակարգվածությունը՝ ինչպես է բանկը կարողանում սեփական մեխանիզմներով, սեփական համակարգերով գնահատել ու բացահայտել ռիսկերը:

Եթե բանկը չի կարողանում համարժեք ձևով գնահատել, պետք է կիրառել պատժամիջոցներ՝ ընդհուպ մինչև բանկի գործունեության դադարեցում: Պետք են որակական և ոչ թե` քանակական կոշտ սահմանափակումներ, ինչն ուզում է անել ԿԲ-ն: Այսինքն՝ 20-րդ դարի կեսերի գործիքները պարտադիր չէ կիրառել 21-րդ դարում, երբ ունենք տեղեկատվության վերահսկման կատարյալ տեխնոլոգիաներ, ունենք գիտելիքներ ու կուտակված փորձ: Մենք մինչ օրս համարվում ենք բանկային վերահսկողության առաջատարը հետխորհրդային տարածքում և մենք հետընթաց ենք իրականացնում: Ես իմ կյանքի որոշակի հատված նվիրել եմ այս ոլորտին՝ ֆինանսական ինստիտուտների կայացմանը, ֆինանսական շուկաների կարգավորմանը, և ափսոսում եմ, որ 20-23 տարվա աշխատանքը մենք կարող է 1 օրում գցենք ջուրը: Ափսոս է: Այստեղ կա ևս մի փակ հիմնախնդիր, որի վերաբերյալ չկա տեղեկատվություն:

Կարծում եմ՝ ԿԲ որոշման դրդապատճառներից մեկը կարող է լինել այն, որ նախորդ 5-6 տարիների ընթացքում թույլ է տրվել բանկերի ակտիվների զգալի վատթարացում: Դա նշանակում է, որ, հավանաբար, կա՛մ կառավարությունն է ստիպել, կա՛մ ինչ-ինչ պատճառներով 2008-2009թթ. ճգնաժամից հետո վարկառուների ֆինանսական վիճակի վատթարացում է տեղի ունեցել: Հավանաբար գործընթաց է սկսվել այս վարկերի վերաձևակերպման, այսպես կոչված, ոչ պատշաճ խստություն է իրականացվել դրանց նկատմամբ, և երևի թե այդ կորուստները, որ ներառված են, բայց չեն երևում, սա էլ անթույլատրելի է, ԿԲ-ն չպետք է թույլ տար նման զարգացում: Նման իրավիճակում չի կարելի լոյալ լինել, պետք էր ամենայն խստությամբ պատժել, որպեսզի վատ ակտիվները դուրս գրվեին, և մենք կտեսնեինք կատարյալ հաշվետություններ: Այսօր կարդում ենք դրանք, համոզված չենք, որ դրանք համապատասխանում են իրականությանը:

Ես կարծում եմ, որ վարկերի որակը գործող բանկերում ավելի վատն է, քան մենք տեսնում ենք հաշվետվություններում, բայց ես չեմ կարող ապացուցել, որովհետև սա ենթադրություն է: Թվում է՝ բանկերը սեփական կապիտալով ապահովված են, բայց իրականում խնդիր ունեն, և դա հաղթահարելու համար ընտրվել է ամենահեշտ ճանապարհը՝ մեծացնել կապիտալը և փոխհատուցել կորուստները: Եթե նույնիսկ սա է պատճառը, սա ևս անթույլատրելի է:

Տեսանյութեր

Լրահոս