Ուղեվարձի թանկացում՝ փաստեր և իրականություն

Վերջին տարիների ընթացքում բազմիցս հետևել և ականատես ենք եղել «ուղեվարձի թանկացման», «հաստավիզ գծատերերի», «գծի պլանի», «շահագործվող վարորդների» և նմանատիպ այլ թեմաներով տարբեր քննարկումների, ցույցերի, հոդվածների, աննպատակ վերլուծությունների և այլևայլ միջոցառումների: Երբևէ մեջս ցանկություն չի առաջացել մասնակից դառնալ այդ թեմաների քննարկմանը` հասկանալով, որ ցանկացած պարագայում տեղի չեն ունենա փոփոխություններ, որովհետև մեր երկրում իշխանություններն անում են այն, ինչ անցնում է նրանց մտքներով, իսկ ժողովրդի մեծ մասը հլու-հնազանդ ենթարկվում է, մյուս մասն էլ պարզապես փախնում իր հայրենիքից` այլևս ոչ մի դրականի հույս չունենալով:

Այս ամենին արձագանքելուն դրդեց վերջերս տեղի ունեցած մի երևույթ: Մեր լրատվամիջոցները մի քանի օր շարունակ լռում են ավտոմեքենաների գազի թանկացման մասին կամ ընդամենը մի քանի բառով ներկայացնում այն` որպես կատարված իրողություն, բայց անմիջապես արձագանքում են, երբ ակտիվանում են ուղեվարձի թանկացման մասին խոսակցությունները: Եկեք վերջապես գոնե մեկ անգամ լինենք արդար և ներկայացնենք ամբողջ իրողությունն ու տրանսպորտի համակարգում տիրող իրավիճակն այնպես, ինչպես այն կա, և չգցենք մեր ժողովրդին թյուրիմացության մեջ:

Փորձենք սկսել այս թեմայի հիմքից: Նախ՝ հասկանանք, որ պետք է տարանջատել այդ «գծատերերին» իշխանություններից և չդասել նրանց իշխանության շարքին: Հավատացած եղեք, եթե այդ «գծատերերը» լինեին իշխանության անդամներ, ապա 2013թ.-ի ամռան ընթացքում ուղեվարձի թանկացման փորձը հաջողություն կունենար: Եվ այս դեպքում ոչ «կարգին Հայկոն», ոչ էլ մյուս արվեստագետները և նշանավոր մարդիկ չէին կարողանա թանկացման դեմն առնել, քանզի մենք սովոր ենք, որ 1991թ.-ից սկսած՝ ՀՀ-ում, ցանկացած իշխանության պարագայում, տեղի է ունենում այն, ինչ ուզում է այդ իշխանությունը:

Հարգելի ժողովուրդ, այդ «գծատերերն» էլ նույն հայ հասարակության մի մասն են կազմում. մարդիկ, ովքեր զբաղվում են ուղևորափոխադրումներ իրականացնող բիզնեսով: Եթե «գծատերերն» ազգի թշնամին են, ուրեմն նույն տրամաբանությամբ՝ արտադրողները, գործարանատերերը, խանութպաններն ու առևտրականներն ազգի դահիճներն են: Չէ՞ որ նրանք էլ վերջին տարիներին, երևի՝ եթե ոչ ամեն օր, ապա մի քանի օրը մեկ են իրենց ապրանքը մեզ հրամցնում ավելի մեծ գներով: Բայց մի օր չեղավ այնպես, որ մեկը պայքարի, ասենք, «X» կաթնամթերք արտադրող ընկերության կամ «X» սուպերմարկետների ցանցի դեմ: Այդ «X»-երն էլ օգտվում են հասարակ աքսիոմայից. «թա՞նկ է իմ ապրանքը՝ մի գնեք»`  լավ հասկանալով, որ առանց հաց կամ կաթնամթերք հնարավոր չէ, հետևաբար՝ պետք է գնել` թա՞նկ, թե՞ էժան: Կամ, մի օր մեկը չպայքարեց գազի, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Բայց երբ նույն «գծատերը» նշում է, որ ինքն էլ չի սպասարկի, և, որ նրան ձեռնտու չէ, և նա կկանգնեցնի մեքենաները, նա դառնում է ազգի դավաճան և թշնամի:

Միկրոավտոբուսային երթուղին` «գիծը», ձևավորվում է Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության կողմից իրականացվող մրցույթի միջոցով: Ցանկացած մարդ կարող է բացել ՍՊԸ  և մասնակցել մրցույթին ու հաղթելու դեպքում՝ դառնալ սպասարկող, այսպես ասած՝ «գծատեր»: Դրա համար պետք է ներդրումներ անել, մեքենաներ ձեռք բերել, վարորդներ ունենալ, մասնակցել մրցույթի, շահել և ձեռք բերել սպասարկման իրավունք: Ահա այսպես է ձևավորվում այդ «գիծ» կոչվածը: Ներդրումներ կատարելու համար այդ անհատները շատ անգամ իրենց տները, ունեցվածքը դնում են գրավի տակ, վերցնում են վարկեր: Այդ բոլոր ռիսկային գործողությունները մարդիկ կատարում են շահույթ ստանալու և այդ շահույթով իրենց ընտանիքի հանապազօրյա հացը և բարեկեցիկ կյանքն ապահովելու նպատակով: Իսկ այդ ընթացքում ՀՀ-ում առաջանում են մի շարք տնտեսական խնդիրներ, որոնց պատճառով այդ «գծատերերը» հայտնվում են անտուն մնալու կամ սնանկանալու վտանգի առաջ:

Բայց միևնույն է, հասարակությունը շարունակում է նրանց անվանել «հաստավիզ», «վարորդներին շահագործող», «գռփող» և այլն: Եվ երբ պահանջվում է իջեցնել «գծի պլանը», պետք է հասկանալ և իմանալ, որ նույն «գծատերերն» արդեն մի քանի անգամ դա արել են: Չէ՞ որ 1-ին անգամ գազը թանկացավ 2008թ.-ի ապրիլի 1-ին, 2-րդ անգամ՝ 2009թ.-ի ապրիլի 1-ին, և այլն, և հետևաբար՝ իջավ «գծի պլանը»: Եվ սա է հիմնական պատճառը, որից էլ բխում են ուղեվարձի թանկացման հետ կապված խոսակցությունները: Հավատացած եղեք, գազի այս պարբերական թանկացումներն արդեն դարձել են պայթյունավտանգ: Այս ամենի հետ մեկտեղ՝ կա ևս մի հանգամանք: Հարկային մարմինները տարին տարվա վրա ավելի մեծ ճնշում են գործադրում գործարարների վրա, երբ այդ նույն «գծերի» բիզնեսը երևի ամենապարզ և ոչ ստվերային տեսակներից է ՀՀ-ում, որտեղ հնարավոր չէ խուսափել հարկերից: Դա վարսավիրանոց չի, որ մի քանի վարսավիր ունենա, բայց 1 բազկաթոռի գումար մուծի: Դա գործարան չի, որ 300 աշխատող ունենա, բայց մեծ մասին չգրանցի ու հարկից խուսափի: Կամ դա առևտրի կենտրոն չի, որ ամեն 3-րդ հաճախորդին ՀԴՄ կտրոն չտա: Այստեղ հստակ քանակությամբ մեքենաներ են` դեղին պետհամարանիշերով ամրագրված, և այդ մեքենաներն էլ ունեն իրենց վարորդները: Այժմ առաջանում է մի հարց. քանի՞ անգամ կարող է «գծատերն» իջեցնել պլան, որ միաժամանակ վճարի հարկերը, պահի ընտանիքը և կատարի իր վարկային պարտավորությունները, որպեսզի անտուն չթողնի իր երեխաներին:

Վերոնշյալ վերլուծությունն ամենևին «գծատերերին» սատարելու կամ ուղեվարձի թանկացման խոսակցություններն արդարացնելու համար չէ: Այս ամենի նպատակն է՝ զերծ պահել հայ հասարակությանը թյուրիմացություն պարունակող տեղեկատվությունից: Սույն հոդվածը կոչ է անում բոլորին՝ միավորվել և պայքարել այն խնդիրների դեմ, որոնք հանգեցնում են ուղեվարձի թանկացման խոսակցություններին, այսինքն՝ վերացնել խնդիրների արմատը: Գազի թանկացումը շատ ավելի լուրջ խնդիր է, որն իր հետ մի նոր աղետ է բերելու հայ հասարակության համար:

ԱԼԻՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հ.Գ. Եվ վերջում՝ մի հարց: Մի՞թե տարօրինակ չէ այն, որ «ՀայՌուսգազարդը» ռուսական «Գազպրոմ» ընկերությունից գազը գնում է ամերիկյան դոլարով: Տրամաբանական է, որ եթե գազը գնեին ռուսական ռուբլիով, ռուբլու արժեզրկման պատճառով, պետք է որ գազի գինը նվազեր՝ աճելու փոխարեն:

Տեսանյութեր

Լրահոս