Կադրային ջարդ Արմավիրի ոստիկանությունում

Արմավիրի ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել են Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Գագիկ Ավետիսյանը, ոստիկանության Արմավիր քաղաքի բաժնի պետ Համլետ Համբարյանը, բաժնի պետի՝ օպեր գծով տեղակալ Նշան Հախնազարյանը, քրեականի պետ Վահագն Գրիգորյանը:

Ըստ նույն աղբյուրի, մարզային վարչության պետ է նշանակվելու ոստիկանության գնդապետ Վարդան Նադարյանը, ով մինչև այժմ զբաղեցնում է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը, իսկ ոստիկանության Արմավիրի բաժնի պետ է նշանակվելու Արթուր Հովհաննիսյանը:

Այս պահին Արմավիրի բաժնի պետը և նրա ենթակաները ազատում են իրենց աշխատասենյակները, իսկ նման մասշտաբային ազատումներից ահաբեկված ոստիկանները դիտում են սույն ուշագրավ տեսարանը: Ոստիկանները սա համարում են ոստիկանական «ցեղասպանություն» և դա բացատրում առաջիկայում սպասվող ներքաղաքական իրադարձություններով:

Մասնավորապես, ըստ ոստիկանությանը մոտ մեր աղբյուրի, ոստիկանապետՎլադիմիր Գասպարյանը այնքան էլ գոհ չի եղել Արմավիրի ոստիկանության ղեկավարության գործողություններից, համարելով որ ոստիկանները սերտ հարաբերություններ ունեն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի հետ, ով ԲՀԿ Արմավիրի մարզային կառույցի ղեկավարն է:

Քանի որ Գասպարյանը պետք է կազմակերպի հոկտեմբերի 10-ին Արմավիրի բնակչության տեղափոխումը Ազատության հրապարակ և նրանց մասնակցությունը հանրապետական հանրահավաքին, իսկ ոստիկանության խնդիրն է հնարավորինս խոչընդոտել այս գործողությանը, Վլադիրմիր Գասպարյանը մտահոգություն է ունեցել, որ Արմավիրի ոստիկանություն կարող է ոչ արդյունավետ գործել:

Արմավիրի շարքային ոստիկանները համարում են, որ իրենց այլևս նախկին ղեկավարության նկատմամբ ունեցած անվստահությունն էր պատճառը, որ Ռուստամ Գասպարյանի որդու կալանավորումը ևս կատարվեց Երևանից ուղարկված ոստիկանական հատուկ ջոկատի միջոցով:

Կասկածի աղբյուրն այն էր, որ եթե կալանավորումը հանձնարարվեր Արմավիրի ոստիկանությանը, նրանք կարող էին ինֆորմացիայի արտահոսք կազմակերպել, և մինչև կալանավորման գործողությունը սկսելը Գասպարյանի որդին կարող էր թաքնվել, կամ հեռանալ Հայաստանից:

Կարո՞ղ է ոստիկանության նոր ղեկավարությունը ավելի արդյունավետ միջոցներ կիրառել հանրահավաքի մասնակիցների թիվը նվազեցնելու ուղղությամբ, կամ ավելի կոշտ միջոցներ կիրառել հանրահավաքին մասնակցել ցանկացողներին այդ մտադրությունից հետ պահելու համար: Շարքային ոստիկաններն ասում են, որ իրենց միակ գործողությունը կարող է լինել Արմավիր-Երևան ճանապարհը փակելը: Իսկ դրա արդյունավետությունը այնքան էլ մեծ չէ, քանի որ ճանապարհը փակվում է միայն ավտոբուսների և միկրոավտոբուսների համար, և ցանկացողները միևնույն է՝ հնարավորություն գտնում են Երևան գնալու համար:

Տեսանյութեր

Լրահոս