«Կա 2 սցենար՝ հերթական աղետը հստակ նշմարվում է. ԹՐԻՓՓ-ով քվե գողանալու արժեքը զրոյանալու է». Դավիթ Ջամալյան

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը հակաիրանական սխեմաներում փորձելու է հարված հասցնել ու փորձելու է օկուպացնել Սյունիքն ու Վայոց ձորը։

«Ըստ էության, կա 2 սցենար, մեկը՝ բուն հարվածն է և օկուպացիան է, որն աներկբա աջակցություն է ունենալու Արևմուտքից, այստեղ կասկածի տեղ անգամ չկա, նրանց համար ամենապատեհ առիթն է Սյունիքին հարվածելու համար։

Կա նաև երկրորդ սցենարը՝ եթե բանը հասնի ավելի ծավալուն ռազմական գործողությունների, «Շուշիի հռչակագրի» կոնտեքստում Ադրբեջանը կամ Թուրքիան, ավելի հավանական է Թուրքիան, կարող է պաշտոնապես դիմի Հայաստանին, որպեսզի Հայաստանը թույլ տա իր տարածքով ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։ Այսինքն՝ Հայաստանին ռազմական փոխադրումների հայտ ներկայացնի։

Իսկ այստեղ ինչ-որ մեկը կասկած ունի՞, որ օրվա թրքահաճո, պերաշկի ուտող այս իշխանությունը կմերժի Թուրքիային»,- 168.am հետ զրույցում նշեց Դավիթ Ջամալյանը՝ խոսելով Իրանի դեմ ռազմական գործողությունների, Ադրբեջանից ու Թուրքիայից հնարավոր սպառնալիքների մասին։

Կարդացեք նաև

Նա նաև ասաց՝ նույն խնդրանքով Ադրբեջանը կարող է նաև դիմել Հայաստանին, իսկ Հայաստանը չի կարող մերժել, ինչը ենթադրում է, որ այդ կերպ Թուրքիան ու Ադրբեջանը զինուժ կկուտակեն այս տարածքում, և երբ արդեն Իրանի դեմ պատերազմն ավարտվի, ականատես կլինենք կուտակված զինուժի։

«Նիկոլի իշխանությունը մեր երկրին ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ բերող իշխանություն է, հերթական աղետը հստակ նշմարվում է։

Եթե իրանական կողմը, պայմանական ասենք՝ այս ամենից հաղթող է դուրս գալիս (հաղթելը՝ մի քիչ վերապահումներով), որովհետև այնուամենայնիվ հարվածներն ուղղված Իրանին՝ շատ ծանր են։ Բայց իրանական կողմը հստակ ընդգծում է, որ պատրաստ է շատ երկարատև պատերազմի և իսկապես՝ շատ համբերատար ու հետաքրքիր մարտավարությամբ հետևողականորեն փորձում է թուլացնել ագրեսոր կողմին։ Այդ դեպքում մեզ համար շատ վտանգավոր ԹՐԻՓՓ ծրագիրն ուղղակի դառնում է անիրականանալի, որովհետև գոյաբանական կռվի մեջ մտած Իրանն ամեն ինչ անելու է, որպեսզի շահող դուրս գա։ Իսկ այդ ամենից հետո պատկերացնել, որ Իրանի հյուսիսում Իրանը կհանդուրժի ինչ-որ ամերիկյան նախագիծ՝ հնարավոր չէ»,- հավելեց Դավիթ Ջամալյանը։

Ռազմական փորձագետի կարծիքով՝ Իրանի իսրայելա-ամերիկյան պատերազմը երկար չի տևի, շաբաթների հարց է՝ կավարտվի, իսկ Հայաստանի իշխանությունը, որը հայ ժողովրդի մոտ փորձում էր ԹՐԻՓՓ-ով քվե գողանալ՝ դրա արժեքը զրոյանալու է։ Այսինքն՝ իշխանությունն ընտրություններից առաջ կորցնելու է իր հիմնական «հաղթաթուղթը»։

«Մինչ այդ շատ ջրեր են հոսելու, մենք տեսնելու ենք մի բան, որը մեզ շահավետ է, այսինքն՝ տեսնելու ենք, որ իշխանությունների շանսը զրոյանալու է։

Այնպես որ, մենք հիմա իսկապես ճակատագրական պահեր ենք ապրում, և մեր ազգի ամենամեծ ողբերգությունն այն է, որ մեր երկրում իշխանության ղեկին պերաշկի ուտող այս չտես անձինք են։ Թվում է, թե խայտառակվելու այլևս տեղ չունենք, բայց սրանք ցույց են տալիս, որ չէ՝ կա։

Շահող դուրս կգանք, եթե Իրանը կայուն մնա»,- շեշտեց ռազմական փորձագետը։

Դավիթ Ջամալյանը չի կարծում, որ Իրանի դեմ սկսած ռազմական գործողություններում՝ բացի Իրաքի քրդերից կամ Ադրբեջանից, որևէ այլ  պետություն ներգրավվի։ Բացի այդ, այն կորուստները, որոնք Իսրայելն ու Միացյալ Նահանգները կրում են՝ թույլ չեն տալիս խոսել շատ երկար հակամարտության մասին։

«Չմոռանանք, որ նոյեմբերին Կոնգրեսում միջանկյալ ընտրություններն են, և Թրամփի համար շատ կարևոր է այդ ընտրությունների նախօրեին հաղթողի կերպարով հանդես գալ, որպեսզի Կոնգրեսում մեծամասնությունը չկորցնի։

Արդեն իսկ Թրամփի վարկանիշին մեծ հարված է հասցված, ինչ-որ պահի Միացյալ Նահանգները և Իսրայելը կանգնելու են, բայց որոշողն Իրանն է։ Եթե իրանական կողմից պատասխանի հեռանկարը չլինի, այդ դեպքում կհամարենք այդ գործողությունների ավարտ»,- ընդգծեց Դավիթ Ջամալյանը:

Տեսանյութեր

Լրահոս