Բաժիններ՝

Ապրելու իրավունք չունեցողները

Հրապարակվեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի նախագիծը: Այն առայժմ ավելի շատ սոցիալական ցանցերում է քննարկվում, քան քաղաքական շրջանակներում: Սա միանգամայն սպասելի էր: Սոցիալական բողոք ծնած «Շահութահարկի մասին» օրենքի օրինակը դա է ապացուցում: Մեր քաղաքական դեմքերը նոր-նոր են սկսել վերլուծել այդ օրենքը: Չնայած, որ 2013-ին հենց իրենք են քվեարկել ու հաստատել այն: ԵՏՄ-ի պայմանագրի հետևանքները միայն ստորագրելուց հետո հայտնի կդառնան մեր քաղաքական ղեկավարության համար` երբ արդեն գործընթացներն անշրջելի կլինեն: Իսկ հրապարակված փաստաթղթի նախագիծը մեր իշխանությունները ԵՏՄ երկրների հետ քննարկում են արդեն մեկ տարուց ավելի: Հիմա նոր հնարավոր է տեսնել այդ մեկ տարվա աշխատանքի արդյունքը:

Մեր իշխանությունները «Նախագիծը» հրապարակել են ռուսերեն: Ոչ թե այն պատճառով, որ հայերեն թարգմանելու ժամանակ չեն ունեցել, այլ որովհետև հայերեն թարգմանելու անհրաժեշտություն չկա: Կարդացեք և ինքներդ կհամոզվեք: «Նախագծի» ամենացնցող, կամ, եթե կուզեք` ամենատարօրինակ կետն այն է, որ ԵՏՄ երեք երկրի հետ Հայաստանի Հանրապետությունը պայմանագիր է կնքում մեկ օրինակով և ռուսաց լեզվով: Ակնհայտ ռուսերենին պետական լեզվին բնորոշ ինչ-որ կարգավիճակ է տրվում: Սակայն պայմանագրի հավելվածներում, ուր սահմանվող մաքսադրույքների մասին է խոսվում, հատուկ նշվում է, որ մաքսատուրքերի տոկոսները հաշվարկվում են եվրոյով կամ ԱՄՆ դոլարով:

Այս պայմանագրով ՀՀ-ն միանում է ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի միջև 2007թ. քննարկված և մինչ օրս ընդունված 29 պայմանագրի: Այդ պայմանագրերի ու ՀՀ-ի միավորման առիթով ընդունվող հինգ հավելվածի տնտեսական հետևանքների վերլուծությունը, հարկավ, տևական ժամանակ է պահանջում: Հավանաբար այս պատճառով են մեր քաղաքական կուսակցությունները «բերանները ջուր առել»:

Մինչդեռ ժամանակը սպառվում է, և արժեր այս կարևորագույն պայմանագրի քննարկումից առաջ քաղաքագիտական, տնտեսագիտական լուրջ քննարկումներ կազմակերպել: Մենք բոլորս գիտեինք, որ նոր մաքսային միության մաս կազմելն էականորեն կփոխի Հայաստանի մաքսային քաղաքականությունը, և, որ պարտադրվող մաքսատուրքերը չեն բխում մեր երկրի տնտեսական շահերից: ԵՏՄ-ի հետ բանակցող չինովնիկները պարբերաբար հասարակությանը հանգստացնում էին, որ առաջին անհրաժեշտության մի քանի հարյուր ապրանքատեսակների մասին բանակցություններ են վարվում:

Ենթադրվում էր, որ դրանց համար արտոնյալ դրույքաչափեր կսահմանվեն: Հրապարակված «Նախագծից» պարզ դարձավ` ինչի մասին է խոսքը: Իսկապես հավելված 4-ում անցումային փուլի արտոնյալ ապրանքատեսակներն են ու դրույքաչափերը: Որոշ ապրանքատեսակների համար 2-5 տարի արտոնյալ ժամկետ ու դրույքաչափ է սահմանվում: Իսկ 2021թ. հետո գործելու է ԵՏՄ միացյալ մաքսատուրքը: Հիշեցնենք՝ գործելու է եվրոյով կամ ԱՄՆ դոլարի հաշվարկով: Մեր իշխանություններն առայժմ չեն բացատրել, թե ինչ սկզբունքով են կազմել արտոնյալ ապրանքների ցուցակը: Չեն ներկայացնում նաև, թե ինչ հետևանքներ կունենա այն: Այս ցուցակ, օրինակ, մտել է նաև մանկական սնունդը:

Այն մինչև 2020թ. կներմուծվի առանց մաքսատուրքի, փոխարենը 2020-ին` 2, իսկ 2021-ին` 4 տոկոսանոց տուրքի տակ կընկնի: Մանկական չոր սննդի դրույքաչափերն ավելի բարձր կլինեն` 6 և 8 տոկոս` համապատասխանաբար: Իսկ 2022-ից կգործի ԵՏՄ միացյալ դրույքաչափը: Ընդունեք, որ ժողովրդագրական ու սոցիալական ներկա վիճակի համար բավական անհասկանալի պատկեր է ստացվելու:

«Նախագծին» ու հավելվածներին ծանոթանալուց հետո այն տպավորությունն է ստեղծվում, որ բանակցությունների ընթացքում մեր չինովնիկները միայն զուտ մեխանիկական ու տեխնիկական հարցեր են քննարկել:

ՀՀ անդամակցության մասին ոչ մի առանձնահատուկ կամ միայն Հայաստանին վերաբերող կետ չկա: Պայմանագրի նախկին տեքստին միայն ՀՀ մասնակցությունն ընդգծող բառակապակցություններ են ավելացվել: Բացառությամբ մի կետի, ուր նշվում է, թե ՀՀ որ չինովնիկներն իրավունք ունեն ԵՏՄ սահմանը հատել առանց մաքսային փաստաթղթեր ներկայացնելու:

Քանի որ առայժմ հստակ ճշգրտված չէ` ՀՀ-ԼՂՀ սահմանին մաքսակետեր տեղադրելը պարտադիր պայման է, թե ոչ, հրապարակենք այդ 6 պաշտոնյաների ցանկը: «Նախագծի» հոդված 14.5-ի համաձայն` ԵՏՄ սահմանն առանց մաքսային փաստաթղթերի կարող են հատել` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը, ՀՀ Վերաքննիչ դատարանի նախագահը, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ ԿԲ նախագահը և ՀՀ նախագահի անվտանգության պետը:

«Նախագծում» հատուկ նշվում է, որ նրանք այս իրավունքից կարող են օգտվել միայն ծառայողական պարտականությունները կատարելու դեպքում: ՌԴ-ն, Բելառուսն ու Ղազախստանն այս արտոնությունն ունեցող չինովնիկների ավելի մեծ ցանկ ունեն: Հարկավ: Պայմանագրի հավելվածներն ուսումնասիրողը հստակ կարձանագրի, որ մեզ հստակ պայմաններ են պարտադրվում: Անցումային փուլի հնարավոր բոլոր դեպքերը նկարագրված են: Ամբողջական էջերով նկարագրված է, թե ինչպես պետք է վարվել մինչև պայմանագրի ստորագրումը ներմուծված և անգամ տրանզիտով ՀՀ մաքսային պահեստներում հայտնված ապրանքատեսակների հետ: Հատուկ հոդվածներով որոշվում են նաև մինչև պայմանագիրը

ՀՀ-ում արտադրված ապրանքների հետ հնարավոր գործընթացները: Կարճ ասած` մեզ լավ մշակված ու կոշտ պայմանագիր է առաջադրվում: Պայմանագիր, որը վերլուծելու ժամանակ չի տրվել: Անգամ վերլուծության ցանկության առկայության դեպքում:
«Փոքր ազգերը ապրելու իրավունք չունեն», – ասում էր կապիտան Սարոյանը: «Հա, թե մեր բռնած գործն էս է` չունեն»,- համաձայնում էր ավագ լեյտենանտ Սարոյանը: Իսկ մենք կարծում էինք, թե դա կինո է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս