Սոս Գիմիշյան. Կա մի հանգամանք՝ եթե ամբողջ հայ ժողովուրդը վերանա, հնարավոր է՝ Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության

«Կա մի հանգամանք՝ եթե ամբողջ հայ ժողովուրդը վերանա, հնարավոր է՝ Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության»,- 168.am-հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ հանգամանքներ կարող են ստեղծվել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նորից գա իշխանության:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում լույս տեսնող հայկական «Նոև Կովչեգ» ռուսալեզու թերթին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է նա կրկին գալ իշխանության այսպիսի բարդ ժամանակներում, ասել էր. «Ասեմ անկեղծորեն. ես իմ տարիքը չեմ զգում: Ֆիզիկապես ամեն ինչ ավելի լավ եմ անում, քան հիսուն տարեկանում (ավելի շատ ժամանակ կա մարզումների համար): Անընդհատ ինչ-որ բան սովորում եմ, հսկայական քանակությամբ մասնագիտական գրականություն եմ կարդում, ճամփորդում եմ, գիտելիքներ եմ կուտակում: Ձգտում եմ առավելագույնս օգտակար լինել ընկերությանը, որի Տնօրենների խորհրդում եմ ընտրված: Հարկ կլինի՞ այդ ամենը կիրառել քաղաքականության մեջ`չգիտեմ, ամեն ինչ կախված է հանգամանքներից»:

Ս. Գիմիշյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի տեսնում այն հանգամանքները, որոնք կստիպեն երկրորդ նախագահին գալ իշխանության:

Օրերս մեզ հետ զրույցում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը նշել էր, որ եթե քառյակը հասնի իշխանափոխության, ուղղակիորեն ճանապարհ կբացի Ռոբերտ Քոչարյանի համար:

Կիսո՞ւմ եք այս տեսակետը՝ հարցին, Ս. Գիմիշյանը պատասխանեց. «Ես դժվարանում եմ ասել՝ եթե քառյակը գա, ինչ կլինի: Գուշակություններ չեմ ուզում անել»:

Հարցին էլ, թե հնարավո՞ր է այսօր հասնել իշխանափոխության, Ս. Գիմիշյանն այսպես արձագանքեց. «Դե իշխանափոխության կարելի է հասնել ցանկացած պահի, որովհետև բնակչության բացարձակ մեծամասնությունը դժգոհ է իշխանություններից: Ակնհայտ է, որ կյանքն օր օրի վատանում է, երկիրը քայքայվում է: Իշխանափոխությունը ցանկացած պահի կարող է տեղի ունենալ: Գլխավոր նախապայմանը հետևյալն է, որ իրական ընդդիմություն հանդիսացող քաղաքական ուժերը կարողանան վստահություն վայելել ժողովրդի մոտ: Ես ավելի շատ արտախորհրդարանական ուժերի հետ եմ հույսս կապում, քան քառյակի, չնայած չեմ բացառում, որ քառյակն էլ ինչ-ինչ հանգամանքներում ինչ-որ հաջողությունների հասնի»:

Եթե իշխանափոխությունը տեղի ունենա, ո՞ւմ եք տեսնում նոր նախագահի պաշտոնում՝ հարցին, Սոս Գիմիշյանը պատասխանեց. «Նախ պետք է ասեմ, որ նախագահ չպետք է դառնա մեր ունեցած 3 նախագահներից ոչ մեկը: Սա ամենագխավոր նախապայմանն է: Իսկ թե ո՞վ, դա շատ դժվար խնդիր է: Հայ ժողովուրդը բազմաթիվ լավ զավակներ ունի, ու այդ լավ զավակների մեծ մասը տանը նստած են, քաղաքականությունից հեռու են մնում: Թող լավագույն զավակները գան, ներխուժեն քաղաքականություն, քաղաքական էլիտայի որակը փոխեն»,- նշեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս