«Եթե այսօրվա քառյակը հասնի իշխանափոխության, ուղղակիորեն ճանապարհ են բացելու Ռոբերտ Քոչարյանի համար»
«Կարծում եմ՝ ընդհանրապես աշխարհում, առավել ևս՝ Հայաստանում, քաղաքականությունն ընդհանրապես վերջացել է: Պարոն Ալեքսանյանը հիմա խոսում է մի բանից, որը կարելի էր խոսել 10 տարի առաջ: Քաղաքականությունը վերջացել է, ամեն տեղ պատերազմներ են: Ամեն տեղ էլիտաների փոփոխությունը հասարակական ցանկություն չէ, այդտեղ եղելություններ են: Բոլոր տեղերում էլիտաներն այնքան են թալանել, այնքան են կտրվել կյանքից (պարոն Ալեքսանյանը դա շատ լավ գիտի), որ հասարակությունը հիմա կարիք չունի ընդդիմադիրների, կամ որևէ նմանատիպ գործողությունների»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ խոսելով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի՝ ընդդիմությանն ուղղված որոշ դիտողություն-նկատառումների մասին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լ. Ալեքսանյանն ասել էր, թե ընդդիմությունը չունի այն ռեսուրսը, որ իշխանափոխություն իրականացնի. «Ես մինչև հիմա չեմ տեսնում այն աշխատանքը, որը պետք է անի իշխանափոխության պատրաստվող կուսակցությունը: Ընդդիմությունը պահանջների ձևակերպման մեջ խնդիրներ ունի: Նրանք պետք է կարողանան իրենց պահանջները ճիշտ ձևակերպեն, որ ժողովուրդը հասկանա և գնա իրենց հետևից: Թե չէ՝ նստել և սպասել, որ հանրահավաք կանենք, մի քանի հազար մարդ կգա, և իշխանափոխություն կանենք՝ շատ սխալ է: Ընդդիմության ոչ մի մարզային շտաբ չի աշխատում, նրանք հանրությանը չեն տեղեկացնում իրենց քայլերի մասին, ինչն ինձ հիմք է տալի մտածելու, որ ընդդիմությունն էլ չգիտի՝ ինչքան մաս ունի»,- նշել էր ՀՀԿ-ական պատգամավորը:
Ա. Կարապետյանը կարծում է, որ հասարակությունը կարող է մի օրվա մեջ կանգնել ու իշխանափոխության հարցը լուծել, որի մասին նույնիսկ ընդդիմադիրները չեն էլ իմանա, իմանալու դեպքում էլ՝ որոշ առումով օգտագործեն. «Դրա համար հիմա ավելի շատ վիճակի թելադրանքն է, ոչ թե ընդդիմության գործողությունների: Ի՞նչ քաղաքականություն: Կամ՝ Ուկրաինայում, Սիրիայում, հայ-ադրբեջանական հարցերում ի՞նչ քաղաքականություն, էս կողմից կրակում են, մյուս կողմից կրակում են: Ի՞նչ քաղաքականության մասին են խոսում, առավել ևս այն համակարգով, որ իրենք ստեղծել են: Պարոն Ալեքսանյանը չգիտի՞՝ ինչ համակարգ են իրենք ստեղծել, հլը մի հատ էլ ընդդիմություն, մարզային շտաբ…»,- նշեց նա:
Մեր հարցին, թե այն դեպքում ի՞նչ պետք է անի ընդդիմությունը՝ իշխանափոխության հասնելու համար, Ա. Կարապետյանը պատասխանեց. «Ընդդիմությունը չի իշխանափոխության հասնողը, հիմա իշխանափոխության հասնողը հասարակությունն է: Այսինքն՝ իշխանությունը միայն մնացել է հասարակության դեմ, իսկ եթե նկատում եք, հասարակությունը հիմա քայլեր չի անում, որովհետև, ամենայն հավանականությամբ, սպասելիքներ դեռ կան, որ այս պատերազմական իրավիճակը հանդարտվի, Եվրասիական այդ ինտեգրացիան լինի և այլն: Պետք է գա պահը, համաշխարհային քաղաքականությունն այնպես կդասավորվի, այնպիսի գործողություններ կգնան, որի արդյունքում Հայաստանում էլ կլինեն գործողություններ»:
Հակադարձելով Լ. Ալեքսանյանին՝ Ա. Կարապետյանը նրան հորդորեց. «Ավելի լավ կլիներ մի հատ իրենք իրենց իշխանության որակին նայեին մինչև ըդդիմությանը նայելը»:
Հարցին, թե հիմա հնարավոր չէ՞ հասնել իշխանափոխության, Ա.Կարապետյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ իշխանափոխության հասնելու համար նման խնդիր է պետք դնել: Նման խնդիր դեռ օրակարգում դրված չէ: Դրա մասին խոսում են, բայց որպես օրակարգային հարց հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների կողմից ձևավորված չէ, որովհետև չկա նման քաղաքական պահանջ: Հասկացեք, Հայաստանն արդեն համաշխարհային քաղաքակրթական և քաղաքական համակարգի մաս է: Որևէ համակարգի փլուզումը կամ որևէ գործողություն կարող է բերել նաև Հայաստանում որոշակի շատ լուրջ գործողությունների: Երբ օրակարգը ձևավորվի այդ ժամանակ պարզ կլինի՝ ինչի համար: Հիմա կարո՞ղ եք ասել՝ Սերժ Սարգսյանին փոխելու իմաստը (քաղաքական, հասարակական հարցերի չէ, այդ ամենը հասկանալի է) քառյակի մտածելակերպով ո՞րն է: Փոխեն, որ ի՞նչ լինի: Այսինքն՝ ի՞նչ անեն, Սերժ Սարգսյանին հանեն, հետո Ռոբերտ Քոչարյանի՞ն բերեն իշխանության: Եթե հիմա իշխանափոխություն արվի, դա է, չէ՞, լինելու: Եթե հասրակությունն է փոխելու, եթե այդքան պատրաստ է հասարակությունը, այդ քաղաքական պահն է, այդ պարագայում մենք բոլորս ոտքի ելնենք՝ անենք: Ես այդ պատրաստվածությունը մեր հասարակության մեջ չեմ զգում: Վախ, հիասթափություն զգում եմ, բայց հեղափոխության մինչև վերջին կաթիլը լցված վիճակ չեմ զգում: Դրա համար խորհուրդ կտամ այդ քառյակ-մառյակը մնացած ընդդիմադիրների և հասակության վզին չփաթաթել: Այդ մարդիկ իրենց քաղաքական կուրսն ունեն, իրենց քաղաքական պլաններն ունեն, իրենց քաղաքական լիդերներն ունեն, իրենց ծրագիրն ունեն: Եթե այսօրվա քառյակը հասնի իշխանափոխության, ուղղակիորեն ճանապարհ են բացելու Ռոբերտ Քոչարյանի համար»: