Բաժիններ՝

Հայաստանի արդյունաբերությունում դիվերսիֆիկացիան այդպես էլ չհաջողվեց. Գագիկ Մակարյան

Հայաստանի արդյունաբերությունում դիվերսիֆիկացիան այդպես էլ չհաջողվեց և իրականում ՀՀ արդյունաբերությունը բազմազան չէ, ընդամենը մի քանի ոլորտ է՝ հանքարդյունաբերություն, սննդի (ներառյալ խմիչքների) արդյունաբերություն, և շատ քիչ այլ ոլորտների գործարաններ կան, որոնք չնչին կորպով են մասնակցում «արդյունաբերություն» ասված գաղափարախոսությանը: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, այս տարվա առաջին կիսամյակում շուկաների ընդլայնում առանձնապես տեղի չի ունեցել, հանքարդյունաբերությունը մնում է իր համապարփակ վիճակում՝ գրեթե նույն գնով վաճառվում է, նույն ծավալով արտահանվում, և էական տարբերություն չկա: Ըստ նրա՝ մյուս ոլորտները կանոնակարգված շուկաներ ունեն և չեն կարողանում ավելի առաջ գնալ, ավելի շատ արտադրել ու վաճառել:

«Մեզ մոտ արտաքին առևտուրը հետզհետե գերակշռող է դառնում, տարբեր էժան ապրանքների և ստվերայնության շնորհիվ, որն էականորեն հարվածում է տեղական արդյունաբերությանը: Դրա հետևանքով տեղական արդյունաբերությունը չի հասցնում աճ ապահովել ներքին շուկայում, քանի որ բավարար մրցունակ չի: Նաև արտաքին շուկաներ չի կարողանում գրավել, որովհետև նոր շուկաներ գրավելու համար բավականին ժամանակ և ջանքեր են պետք: Առանձին հայկական ընկերություններն ի վիճակի չեն մեծ ծախսեր անելու արտերկրում մարքեթինգի համար, միջնորդներից էլ օգուտը շատ մեծ չէ և առևտուրը մնում է նույն մակարդակի վրա: Այսօր, քանի որ մեր ապրանքները միջազգային շուկաներ մտնելու համար կարիք ունեն սերտիֆիկատների, արտահանման քանակի և լոգիստիկա ապահովելու խնդիրներ կան, ապա մի մասը խուսափում են, մի մասն էլ գոհանում են եղածով»,- ասաց Գ.Մակարյանը:

Նա նշեց, որ այսօր բավականին ընկերություններ խնդիրների ունեն կապված վարկերի, ստուգող որոշ մարմինների հետ, որի հետևանքով չեն կարողանում իրենց արտահանումը նույն ծավալով ապահովել, նաև երբ տնտեսվարողի ուշադրությունը շեղված է այլ խնդիրներով, արտադրության կազմակերպումը տուժում է: Այս ամենի արդյունքում, Մակարյանի խոսքով, այս տարվա առաջին կիսամյակում արդյունաբերության աճը պաշտոնական վիճակագրության կողմից զրո արձանագրելը դեռ լավ է. «Արտադրության մեջ նորարարություններ տեղի չեն ունենում: Օրինակ՝ ներդրումները վերջին մի քանի տարում մոնոտոն նվազում են: Ներդրումների մեծ մասը անցած տարիներին եղել են հեռահաղորդակության ոլորտում, որն արդյունաբերություն չէ, իսկ հանքարդյունաբերության մեջ ներդրված մի քանի տասնյակ միլիոնը չնչին է: Այսինքն՝ էական ներդրումներ չունենք արդյունաբերության մեջ, և նվազել են ոչ միայն ընդհանուր ներդրումները, այլև հենց արդյունաբերության մեջ օտարերկյա ուղղակի ներդրումները: Էլ որտեղի՞ց պետք է արդյունաբերության աճ տեղի ունենա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս