Ռիչարդ Կիրակոսյան. Նախագահ Սարգսյանը կանի այնպես, որ հաջորդ վարչապետը չլինի նախագահի թեկնածու

Հարցազրույց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի հետ

– Պարոն Կիրակոսյան, ինչպե՞ս կգնահատեք Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ այլևս չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար, իսկ եթե նախաձեռնված սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանն անցում կատարի կառավարման խորհրդարանական մոդելին, ապա չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Սա կարո՞ղ ենք համարել իրոք լուրջ քայլ` սահմանադրական և ժողովրդավարական պետության կայացման ճանապարհին, թե՞, այնուամենայնիվ, այդ քայլն ունի քաղաքական ենթատեքստեր:

– Ամիսներ տևած գաղտնիության և լռության այս ժամանակաշրջանից հետո սահմանադրական բարեփոխումները, ի վերջո, դարձան հանրային քննարկման առարկա: Ընդհանուր առմամբ` պետք է ասեմ, որ բավական հիասթափվեցի, երբ ծանոթացա սահմանադրական բարեփոխումների մանրամասներին: Բայց միաժամանակ պետք է նշեմ, որ նախագահ Սարգսյանը մեծ ներդրում արեց Հայաստանի քաղաքական պատմության մեջ: Ավելի կոնկրետ` նա հայտարարեց, որ այլև չի հավակնի Հայաստանի ղեկավարի պաշտոնին: Հայաստանում շատերը հաճելիորեն զարմացան:

Սակայն սահմանադրական բարեփոխումների մանրամասնությունների առումով ես հիասթափված եմ, որ սա ժողովրդավարության իմաստով կորսված հնարավորություն է: Այլ կերպ ասած` նոր Սահմանադրության շրջանակներում նախագահը հրաժարվում է իր ունեցած առավելություններից և միանձնյա որոշումներ կայացնելու հնարավորությունից: Օրինակ` այս փոփոխություններով իշխանությունների տարանջատման և միմյանց հաշվետու լինելու իմաստով` բավարար աշխատանք չի արվել:

Կարդացեք նաև

Անընդունելի է, որ նույնիսկ այս բարեփոխումներով դեռևս նախագահն է նշանակում մարզպետներին, նախագահն է նշանակում կառավարության անդամներին (իհարկե, բացառությամբ վարչապետի) և կրկին նախագահն է շարունակում նշանակել ոստիկանապետին, տարբեր կառույցների ղեկավարներին և նույնիսկ դատավորներին: Սա իշխանության մարմինների միջև հավասարակշռությունը և կայունությունը պահելու առումով կորսված հնարավորություն է: Բայց այդ 45 էջանոց փաստաթղթում կա նաև այլընտրանքային տարբերակ` հնարավոր անցումը խորհրդարանական հանրապետության, որտեղ նախագահը դառնում է ոչ ավելին, քան իշխանության խորհրդանշական ղեկավար:

Ըստ այդ նախագծի` նախագահն ընտրվում է միայն մեկ անգամ` 7 տարի ժամկետով, սակայն ընտրվում է ոչ թե ժողովրդի, այլ խորհրդարանի կողմից: Եվ հաշվի առնելով Հայաստանի խորհրդարանի ներկայիս կազմը, կոռուպցիան և ոչ կոմպետենտ լինելը` նման որոշումն ավելի վատ կարող է անդրադառնալ երկրի ժողովրդավարության վրա:

– Ամեն դեպքում, փաստաթղթում արծարծվում են կարևոր խնդիրներ` իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական հիմնախնդիրը, որոնք պայմանավորված են քաղաքական և սահմանադրական մշակույթի ցածր մակարդակով, կուսակցական համակարգի ոչ բավարար կայացվածությամբ: Նշվում է, որ կառավարման գործող համակարգի պայմաններում առաջադրվող հայեցակարգային մոտեցումների շրջանակներում կատարվելիք հնարավոր փոփոխությունները լիարժեք չեն երաշխավորում մի շարք խնդիրների լուծումը` գործադիր իշխանության համակարգային ամբողջականության երաշխավորումը, քաղաքական մենիշխանության հաղթահարումը, չի հաղթահարվում պետական իշխանության գերանձնավորման հնարավորությունը և այլն: Ինչպե՞ս այս գեղեցիկ ձևակերպումները համատեղել իրական քաղաքականության հետ:

– Ճիշտ հակառակը, որովհետև առաջարկված նախագծում ինստիտուցիոնալ կերպով չի բացատրվում, թե ինչպես պետք է աշխատի այդ հակակշիռների և զսպող մեխանիզմների համակարգը: Ցավոք սրտի, այնտեղ խոսք չկա այն մասին, թե ինչպես պետք է լուծվի ոչ արդյունավետ խորհրդարանի և դատական իշխանության խնդիրը: Ի հավելումն սրան` պետք է նաև ասեմ, որ Ձեր հարցադրումը բացահայտում է բացակայությունը քաղաքական կամքի, որն այս ամենին կստիպեր գործել և աշխատել:

Եթե խոսենք երկրորդ տարբերակի մասին, երբ նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով, ապա այս առումով ևս չկան բավարար մանրամասներ, թե արդյո՞ք վարչապետն ընտրվում է անմիջական ընտրությունների արդյունքում: Այսինքն` մանրամասների պակասն այդ համակարգը դարձնում է ավելի ոչ ժողովրդավարական, քան ներկայիս համակարգն է: Խնդիրն այն չէ, թե ինչ կա այս փաստաթղթում, ամենակարևոր խնդիրն այն է, որ շատ բաներ դրանում բացակայում են: Օրինակ, պետք է մշակվեն այն կետերը, թե ինչպես է իրականացվելու կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը:

– Ձեր կարծիքով` ինչո՞ւ այս փաստաթուղթը հրապարակվեց անմիջապես նոր վարչապետի նշանակման նախօրեին:

– Կա հնարավոր երկու սցենար: Առաջինը` այս պահն ընտրվել է այն պատճառով, որ շեղի հասարակության ուշադրությունը վարչապետի նշանակման գործընթացից: Երկրորդ` նույնպես հնարավոր սցենարը. չի բացառվում, որ խնդիր կա Հովիկ Աբրահամյանի թեկնածության առումով, և սրա նպատակն այդ փաստից ուշադրությունը շեղելն է: Այլ կերպ ասած` հնարավոր է, որ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ընթանում է ժողովրդավարական գործընթաց` դրանով ավելի թույլ երևալով, կամ այս գործընթացում իսկապես կա խնդիր, բայց հետևությունը նույնն է` իշխանությունը թույլ է: Հավասարապես հատկանշական է այն հանգամանքը, որ ընթանում են «բազարի» նմանվող երկխոսությունները` «Բարգավաճ Հայաստանի» կամ Դաշնակցության` իշխանական կոալիցիա վերադառնալու հարցի շուրջ:

– Ըստ Ձեզ` Սերժ Սարգսյանը ժառանգո՞րդ կամ իրավահաջո՞րդ է ընտրում:

– Հետաքրքիր հարց է: Նա դեռևս չունի հստակ ժառանգորդ, և ի հեճուկս ընդունված այն հանգամանքի, որ վարչապետի պաշտոնը ավանդաբար եղել է նախագահի պաշտոնին նախորդող մի աստիճան, կարծում եմ` նախագահ Սարգսյանը դեռ չի կայացրել որոշումը` հայտարարելու ընտրված թեկնածուի վերաբերյալ: Ինձ թվում է` նախագահ Սարգսյանը կանի այնպես, որ հաջորդ վարչապետը չլինի նախագահի թեկնածու: Իմ գնահատմամբ` հաջորդ վարչապետի ընտրությունը հիմնված չի լինի նախագահի ժառանգորդը լինելու ավանդական սկզբունքի վրա:

– Իսկ ինչո՞ւ է մամուլն այդքան ինտենսիվորեն և հաստատակամ նշում Աբրահամյանի անունը` որպես նոր վարչապետ:

– Կրկին կա երկու հնարավոր բացատրություն, բայց պարզ է մի բան, որ պարոն Աբրահամյանը միշտ է ցանկացել այս պաշտոնը: Առաջինը` իշխանական թևից եկող սպեկուլյացիաները նպատակ ունեն կանխելու Աբրահամյանի նշանակումն այդ պաշտոնին, որովհետև նրա նշանակումը ոչ միայն հակասական է, այլև մեծ սխալ կլինի: Երկրորդ հնարավոր տարբերակն այն է, որ իշխանությունը չափից ավելի մեծ ժամանակ է հատկացնում Հովիկ Աբրահամյանի թեկնածության վրա, որպեսզի հասարակությանը նախապատրաստի այդ զարգացմանը:

– Իսկ կա՞ այլընտրանք Հովիկ Աբրահամյանին:

– Վարչապետի պաշտոնի համար մոտ տասը հավանական թեկնածու կա, բայց ամենամեծ խնդիրն այն է, որ չկա մեկ ուժեղ, արժանի թեկնածու: Սրան զուգահեռ` կա ևս մի խնդիր. տասը թեկնածուներից ով էլ ընտրվի, դա կբերի իշխանության ներսում ուժերի հավասարակշռության փոփոխման: Յուրաքանչյուր ընտրություն կփոխի քաղաքական իշխանության հաշվարկները, քանի որ թեկնածուներից յուրաքանչյուրն ունի տարբեր քաղաքական հովանավորներ, հարում է տարբեր կուսակցությունների և ունի տարբեր քաղաքական հետաքրքրություններ:

– Ընդդիմության ներկայացուցիչներից շատերը չեն հավատում, որ Սերժ Սարգսյանն անկեղծ է խոսում, և վստահ են, որ նա, այնուամենայնիվ, կպահպանի իր իշխանությունը վարչապետի պաշտոնում:

– Ընդդիմությունը, Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառներն իրեն վերագրելով, արդեն իսկ իրեն դրել է վատ վիճակի մեջ: Որքան էլ անհեթեթ էր այդ պնդումը, միաժամանակ ես համաձայն չեմ ընդդիմության այն կարծիքի հետ, որ Սերժ Սարգսյանը խաբում է: Որքան էլ քննադատում ենք Սերժ Սարգսյանին, բայց չենք տեսնում նրա կողմից ձգտումը` ամեն գնով մնալու և պահպանելու իր իշխանությունը: Ամեն անցնող օրով ավելի անհավանական է դառնում Ռոբերտ Քոչարյանի վերադարձն իշխանության և, միևնույն ժամանակ, ամեն անցնող օրով ավելի քիչ հավանական է դառնում, որ Սերժ Սարգսյանը կցանկանա մնալ և ամեն գնով պահել իր իշխանությունը:

– Այսինքն` Սերժ Սարգսյանը սիրում է իշխանություն, բայց ոչ այդչափ:

– Ես չէի ասի, որ նա սիրում է իշխանություն, որովհետև, եթե նայենք նրա անցյալին, երբ նա Ազգային անվտանգության նախարարն էր, Պաշտպանության նախարարը, վարչապետը, նա միշտ իշխանության մեջ եղել է «գորշ կարդինալի» դերում: Այլ կերպ ասած` Սարգսյանը կշարունակի պահպանել իր քաղաքական ազդեցությունը, և ունի իրավունքը` իրենից հետո ժառանգորդ նշանակելու, բայց չեմ կարծում, որ ժառանգորդն իր անձի համար է լինելու:

Նույն կերպ վարվեց Քոչարյանը, ով նախընտրում է քաղաքական ազդեցությունը և դերակատարումը` կուլիսների ետևում:
Քաղաքական մեկնաբանությունների և սպեկուլյացիաների իմաստով` տեսականորեն հնարավոր է հետևյալ տարբերակը. նախագահ Սարգսյանը, պատկերավոր ասած, ղարաբաղյան քաղաքական էլիտայի «վերջին մոհիկանն» է, և հնարավոր է, որ Սահմանադրության մեջ այս փոփոխությունները նպատակ ունեն ավելի ուժեղացնելու հաջորդող, ավելի թույլ քաղաքական էլիտայի ներկայացուցչին, որովհետև այժմ Հայաստանի քաղաքական դաշտը հին քաղաքական էլիտայից անցնում է նոր քաղաքական էլիտային: Իսկ այդ նոր քաղաքական էլիտան ինքնին թույլ է և կարող է կարիք ունենալ այդպիսի փոփոխությունների` իշխանության ղեկին ավելի ամուր նստելու համար:

Տեսանյութեր

Լրահոս