
Սիրիայի ԱԳ նախարարը 25 տարվա մեջ առաջին անգամ կմեկնի Վաշինգտոն. Axios

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շիբանին Վաշինգտոնում այս շաբաթ կհանդիպի ամերիկացի օրենսդիրների հետ՝ քննարկելու իր երկրի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված մնացած պատժամիջոցների վերացումը: Այս մասին սենատոր Լինդսի Գրեհեմի խոսքերը մեջբերել է Axios-ը։
Գրեհեմը նշել է, որ ինքն այլ սենատորների հետ ալ-Շիբանիին կհանդիպի սեպտեմբերի 18-ին։ Ակնկալվում է նաև, որ Սիրիայի ԱԳ նախարարը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
Գրեհեմը Axios-ին հայտնել է նաև, որ կաջակցի պատժամիջոցների վերացմանը, եթե Սիրիան պաշտոնապես հայտարարի Իսրայելի հետ անվտանգային հարցերի շուրջ համաձայնության ուղղությամբ շարժվելու մասին, ինչպես նաև միանա «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ կոալիցիային։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ԱՄՆ պետդեպը դեռևս չի մեկնաբանել Ասաադ ալ-Շիբանիի այցի մասին տեղեկությունը։ Սա ավելի քան 25 տարվա ընթացքում Սիրիայի արտաքին գործերի նախարարի կողմից Վաշինգտոն կատարելիք առաջին այցն է լինելու։