«Համբերեք. բոլորդ էլ կլսեք, բոլորդ էլ կտպագրեք». Գագիկ Ծառուկյան

Այսօր սկսվեց Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: Առաջին նիստին մասնակցելու է եկել ԲՀԿ առաջնորդ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Դուրս գալով խմբակցության աշխատասենյակից՝ Գագիկ Ծառուկյանը լրագրողներին շնորհավորեց անցած տոների կապակցությամբ, նշեց, թե ինքն այսօր ոչ մի հարցի չի պատասխանելու: Նա նշեց, թե ԲՀԿ-ն համագումար է անցկացնելու և տալու է բոլոր հարցերի պատասխանները: «Ամենակարևորը՝ ես այսօր ոչ մի հարցի չեմ պատասխանելու: Մենք անելու ենք համագումար, և իրոք կան հարցեր, որի պատասխանները սպասում են՝ և հանրությունը, և ժողովուրդը, և դուք, և իմ կուսակցական ընկերները։ Այնպես որ, համբերեք. բոլորդ էլ կլսեք, բոլորդ էլ կտպագրեք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է համագումարի օրվան, որը մինչ օրս հայտնի չէ, Գ. Ծառուկյանն ասաց, թե մինչև շաբաթվա վերջ համագումարի օրը հայտնի կդառնա:

168.am-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ համագումարի ժամանակ ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն հռչակի, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ ինքը ԲՀԿ գործունեության մասին արդեն հայտարարություն արել է, ավելացնելու բան չունի:

Հարցին, թե այսօրվա խորհրդարանական քննարկումներին մասնակցելո՞ւ է, Ծառուկյանը պատասխանեց. «Դե եթե եկել եմ, ուրեմն մասնակցելու եմ, ճի՞շտ է, թե՞ ոչ»:

Կարդացեք նաև

Նա նաև շեշտեց, թե կարևորը՝ ինքն իր թիմի հետ կապի մեջ է, և իրենք քննարկում են:

Տեսանյութեր

Լրահոս