Դավիթ Հարությունյան. Որոշումը կայացնում է նիստը նախագահողը

Աժ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ընդդիմության պնդումներին, թե խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովի կայացրած որոշումը՝ «գազային» համաձայնագրի վավերացման վերաբերյալ, հակաօրինական է, քանի որ հանձնաժողովի յոթ անդամներից չորսը չեն մասնակցել արձանագրության վավերացմանը, ասաց, թե ինքը համաձայն չէ այդ մոտեցման հետ: Ըստ նրա՝ այդ դեպքում հաշվիչ հանձնաժողովը որևէ որոշում չէր ընդունվի:

Ի դեպ, Դավիթ Հարությունյանը ՀՀԿ-ական այն պատգամավորներից էր, ով խորհրդարանական քննարկումների ժամանակ դեմ էր արտահայտվում «գազային» համաձայնագրերի փաթեթին, սակայն նա այսօր կողմ քվեարկեց դրանց ընդունմանը:

Լրագրողների հետ զրույցում նա այս առնչությամբ ասաց, թե ինքը կողմ է քվեարկել, բայց որոշ բացասական հանգամանքներ նկատել է ու բարձրաձայնել է: Այնուամենայնիվ, նա հայտարարեց, որ ինքը կողմ է քվեարկել, քանի որ ակդ փաթեթում դրականը գերակշռող է եղել:

«Հաշվիչ հանձնաժողովն ընդամենը կատարում է գործողություն` հաշվում է: Իհարկե, կան դեպքեր, երբ հաշվիչ հանձնաժողովը պետք է որոշում ընդունի քվեարկության միջոցով: Մասնավորապես՝ պետք է որոշի, թե երբ պետք է լինի քվեարկությունը կամ տվյալ քվեաթերթիկը կո՞ղմ է, թե՞ դեմ է, կամ էլ, ի վերջո, ո՞վ ընտրվեց: Սրանք որոշումներ են: Ի տարբերություն դրա` ԱԺ նիստում անցա՞վ որոշումը, թե՞ չանցավ, որոշումը կայացնում է նիստը նախագահողը, տվյալ պարագայում միակ գործողությունը, որը պետք է կատարի հանձնաժողովը, իսկ դա ձայների հաշվարկն է, և դա իմ կարծիքով՝ չի պահանջում որևէ որոշման ընդունում»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմությունը պատրաստվում է դիմել ՍԴ, Դ. Հարությունյանը նշեց, թե ինքը հիմքեր չի տեսնում նման քայլի դիմելու համար ոչ միայն բովանդակային առումով, այլև՝ ՍԴ օրենքի տեսանկյունից:

Ըստ նրա՝ ի տարբերություն օրենքների, միջագային պայմանագրերի վավերացումը կարող է վիճարկվել ՍԴ-ում միայն այն պարագայում, երբ խախտվել են Սահմանադրությամբ սահմանված պահանջները:

Հարցին, թե որանո՞վ է օրինական համաձայնագրի վավերացումը, երբ խորհրդարանական ոչ իշխանական բոլոր ուժերի դեմ արտահայտվելուց բացի, լքեցին նիստերի դահլիճը, պատգամավորը պատասխանեց, որ առհասարակ, ցանկացած ժողովրդավարական երկրում որոշումներն ընդունվում են մեծամասնութամբ, ապա շեշտեց, թե տվյալ պարագայում ևս խոսքը վերաբերում է մեծամասնությանը, ընդ որում՝ քվորումի առկայության պարագայում:

Տեսանյութեր

Լրահոս