Կառավարությունը պատրաստ է խթանել արտագաղթը
Դիլիջանում երեկ բացվել է Բիզնես ինովացիոն ֆորումը, որին մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը, բնականաբար, հանդես է եկել ելույթով, խոսել ՏՏ ոլորտի ներկայիս վիճակի, խնդիրների և հեռանկարների մասին:
Նա նշել է, որ այսօր ՏՏ ոլորտը ՀՀ-ում ստեղծում է ՀՆԱ-ի հինգ տոկոսը. ոլորտը համադրելի է հանքահումքային արդյունաբերության հետ, այն ունի 7000 մասնագետ, ովքեր ունեն բարձր պրոֆեսիոնալ հատկանիշներ: Վարչապետի դիտարկմամբ` ապագայում էլ այս աշխատատեղերի շարժիչ ուժը լինելու է մասնագիտական կարողությունների ավելացումը: Կառավարության ղեկավարի կարծիքով` այսպիսի նոր աշխատատեղերն են, որ ապահովելու են երկրի առաջընթացը: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ դեռևս համաշխարհային տնտեսական ճգնաժամի սկզբում ՏՏ բնագավառում ՀՀ-ն արձանագրել է 28 տոկոսի աճ:
«Մենք պետք է երկարաժամկետ առումով հասկանանք, որ նոր աշխատատեղերը լինելու են այն ոլորտներում, որոնք առնչվում են ՏՏ-ի հետ, ինչը դնում է լրջագույն խնդիր: Առաջին հերթին` դա կադրերի պատրաստման խնդիրն է: ՏՏ-ն մեր առջև խնդիր է դնում, որպեսզի պետությունը ոլորտին տարեկան ապահովի 2000 մասնագետներ, ակնհայտ է, որ ապագայում էլ պահանջարկն ավելանալու է: Դա նշանակում է, որ բուհերում ուսանողական տեղերի պլանավորման ուղղությամբ էապես պետք է շեշտադրումները փոխենք: Իրավաբանական և տնտեսագիտական ֆակուլտետներում պետպատվերի տեղերն էապես նվազեցնելու ենք` դրանք տեղափոխելով ՏՏ ոլորտի մասնագիտությունների ֆակուլտետներ: Պետական բյուջեի միջոցներն ուղղելու ենք ՏՏ ոլորտի բարձրորակ մասնագետների պատրաստմանը»,- ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետի այս հայտարարությունն իրականում բավականին ուշագրավ է: Այն նախ` անկեղծ խոստովանություն է, որ անկախության հռչակումից ի վեր հանրապետությունում «արտադրվել» են պահանջվածից մի քանի անգամ ավելի շատ տնտեսագետներ ու իրավաբաններ:
Իհարկե, նրանց մի մասն ընդամենը դիպլոմով է իրավաբան կամ տնտեսագետ, սակայն, միևնույն է` անգամ որակյալ մասի թիվն այնքան մեծ է, որ կբավարարեր Ռուսաստանի պես երկրին: Յուրաքանչյուր աշխատող ընկերության բաժին է ընկնում մի քանի տնտեսագետ ու իրավաբան: Իսկ հիմա հասկացել են, որ նախ` հարկավոր է տնտեսություն ունենալ, հետո` մտածել տնտեսագետների քանակը երկրաչափական պրոգրեսիայով մեծացնելու մասին: Ու քանի որ ամենահեռանկարային ճյուղը համարվում է տեղեկատվական տեխնոլոգիաները, որոշվել է շեշտը դնել այդ ոլորտի վրա: Այսինքն` լրացուցիչ մասնագետներ պատրաստել:
Իսկ ո՞րն է այս ամենի հակասականությունը: Ինչպես հայտնի է, հաջորդ տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ամենից ակտիվ բողոքում են հենց ՏՏ ոլորտի աշխատակիցները: Նրանք ստանում են բարձր և ոչ ստվերային աշխատավարձեր և ընկնում են պարտադիր վճարի ոչ թե 5%-ի, այլ 10%-ի տակ: Նույն միջոցառման ժամանակ վարչապետը հպարտությամբ նշել է, որ ըստ «Մենթոր Գրաֆիկս Հայաստան» ընկերության` չիպերի արտադրության ոլորտում մեր երկիրն ապահովում է արտադրանքի հինգ տոկոսը: Մինչդեռ նույն «Մենթոր Գրաֆիկսի» աշխատակիցները բոլորից ակտիվ են կենսաթոշակային նոր համակարգի ներդրման դեմ պայքարում: Սակայն նրանց կարծիքը ոչ ոք բանի տեղ չի դնում:
Զարմանալիորեն, ՏՏ ոլորտի 120 ներկայացուցիչների մասնակցությամբ այս ֆորումի ժամանակ կենսաթոշակների հարցը քննարկման առարկա չի դարձել (կամ` դրան կարևորություն չի տրվել, ինչը երևում է ֆորումի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունից): Փոխարենը` վարչապետն անդրադարձել է այդ թեմային` լրագրողների հետ ճեպազրույցում:
Նա ասել է, որ կենսաթոշակային կուտակային նոր համակարգը մշակվել է շուրջ տասը տարի, լավագույն մասնագետների ներգրավվածությամբ անցկացվել են բազմաթիվ քննարկումներ: «Մենք հաշվի ենք առել մեր ընդդիմախոսների կարծիքները, որի արդյունքում էլ մշակվել է հայեցակարգը: Մենք ցանկանում ենք առաջ գնալ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքների պահանջներին համապատասխան: Մենք վճռական ենք մեր բարեփոխումները տրամաբանական ավարտին հասցնելու հարցում»,- ասել է Տիգրան Սարգսյանը` հիշեցնելով, որ ԱՊՊԱ-ի ներդրման ժամանակ ևս կային դժգոհություններ, սակայն համակարգի ներդրումից ընդամենը երկու եռամսյակ անց հասարակությունը զգաց դրա ներդրման արդյունավետությունը:
Ասել է թե` կառավարությունը տեղի չի տալու, և հաջորդ տարվա հունվարի մեկից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն ուժի մեջ է մտնելու:
Փաստորեն, պետությունը կարևորելով ՏՏ ոլորտի զարգացումը, պատրաստվում է քայլեր ձեռնարկել ապագա կադրերի համալրման ուղղությամբ, սակայն, մեծ հաշվով, մտահոգված չէ արդեն պատրաստի կադրերի` որակյալ մասնագետների ճակատագրով:
Սա մեծ շռայլություն է: Ինչպես նախկինում գրել էինք, Ռուսաստանի տնտեսական ոլորտի պատասխանատուները հայտարարել են, որ մինչև 2020 թվականը ՌԴ ՏՏ ոլորտը շուրջ 200 հազար միգրանտ մասնագետների կարիք կունենա, քանի որ տեղական որակյալ աշխատուժը շուկային չի բավարարում: Իսկ մեր մասնագետները բազմիցս նշել են, որ եթե իրենց մտահոգությունները լուծում չգտնեն, ապա իրենք ստիպված կլինեն արտագաղթել և աշխատանքի անցնել այլ երկրներում: Ուղղություններից մեկն արդեն պարզ է` Ռուսաստանը: Այս հայտարարություններին կառավարությունը կամ լուրջ չի վերաբերվում, կամ գտնում է, որ դա շանտաժի նման է: Իսկ կառավարությունը, ինչպես ամերիկյան ֆիլմերում է, շանտաժի չի ենթարկվում և փոխզիջումների չի գնում:
Թեպետ այս ամենը կարող է նաև մեկ այլ ձևով մեկնաբանվել: Կառավարությունը շատ էլ լուրջ է ընդունում ՏՏ ոլորտի հայ մասնագետների` արտագաղթելու սպառնալիքը: Ու քանի որ դրա իրականացման դեպքում Հայաստանի տնտեսության գերակա ուղղություն հռչակված ՏՏ ոլորտը կարող է կանգնել կադրերի սուր դեֆիցիտի խնդրի առաջ, որոշվել է հիմիկվանից լուծել այդ հարցը` ապահովել ՏՏ ոլորտի մասնագետների ավելի մեծ առաջարկ:
Այս մոտեցումն արդարացված կլիներ, եթե չլիներ մեկ կարևոր բայց: Ժամանակային լագը: Կառավարության «շեշտադրման փոփոխությունն» արդյունք կարող է տալ լավագույնը 4-5 տարի հետո: Այսինքն` ՏՏ ոլորտի մասնագիտությունների ֆակուլտետներում պետպատվերի տեղերի ավելացման արդյունքում` շրջանավարտները շուկան կհամալրեն տարիներ անց: Ընդ որում, պարզ չէ, թե ապագա կադրերի որ մասը կլինի որակյալ և որ մասը կցանկանա աշխատել սեփական երկրում:
Իսկ եթե այսօրվա մասնագետների մի մասն իր սպառնալիքներն ի կատար ածի և հեռանա երկրից, ապա 4-5 տարիների ընթացքում մեր երկիրը կկանգնի ՏՏ ոլորտի կադրերի լուրջ խնդրի առաջ:
Գերակա ոլորտի թռիչքային զարգացում նման պայմաններում ակնկալելը միամտություն կլինի: Ներկայումս աշխարհն արագ է փոփոխվում: Իսկ ՏՏ ոլորտը` առավել, քան արագ: Այս ոլորտում մի քանի տարվա լճացումը Հայաստանին կարող է ետ գցել 10-15 տարով: Սակայն, ինչպես համոզվել ենք, կառավարության խնդիրը ոչ թե 10-15 տարվա հեռանկարում նորմալ տնտեսություն ունենալն է, այլ այսօր, վաղը և հաջորդ օրը պետբյուջեն լցնելը (հնարավորության դեպքում` նաև յուրային ընկերությունների հաշիվները):